
Հայոց եկեղեցու դեմ պայքարն ու պարտությունը Խորհրդային տարիներին

Հայ Առաքելական եկեղեցին, որը դարեր շարունակ հանդիսացել է հայ ինքնության, մշակույթի և հոգևոր կյանքի առանցք, կանգնեց խորհրդային գաղափարախոսության կենտրոնացված ճնշումների թիրախում։
Խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո սկսվեցին եկեղեցու հանդեպ համակարգային քայլեր՝ ուղղված նրա դերակատարության նվազեցմանն ու վերացմանը հանրային կյանքից։ 1920-1922 թթ. ընթացքում նորաստեղծ Խորհրդային Հայաստանի իշխանությունները պետականացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ունեցվածքը, դպրոցները, տպագրատներն ու հողատարածքները։ Եկեղեցին զրկվեց ոչ միայն նյութական հիմքից, այլև կրթական, քարոզչական և սոցիալական գործունեություն ծավալելու հնարավորությունից.
«1920 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի հեղկոմն իր որոշմամբ անջատեց դպրոցը եկեղեցուց, իսկ դեկտեմբերի 19-ին արդեն բռնագրավեցին Էջմիածնի վանքի շենքերն ու ունեցվածքի մի մասը, այդ թվում՝ նաև Ճեմարանի շենքը և Ս. Էջմիածնի, Ս. Հռիփսիմեի, Ս. Գայանեի և Ս. Զվարթնոցի շենքերը, էլեկտրակայանը, էջմիածնապատկան այգիները և այլն: Արդեն 1921 թվականի հունվարի կեսերին Հայհեղկոմը ևս մի խելակորույս որոշում ընդունեց Էջմիածնի վանքից նրա արժեքներն առգրավելու մասին»: (Ստեփան Ստեփանյանց, «Հայ Առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք», Երևան, 1994, էջ 8):
Նույն քաղաքականությունը վարվում էր նաև Արցախում: Այնտեղ 1920-ականների վերջերին ու 30-ականներին համակարգային կերպով փակվեցին թեմի բոլոր եկեղեցիները, իսկ հոգևորականներն աքսորվեցին կամ ստիպված լքեցին իրենց պաշտոնները։
Այս քաղաքականությունը նպատակ ուներ հիմնովին չեզոքացնել եկեղեցու ազդեցությունն ու բաժանել ժողովրդին հոգևոր արժեհամակարգից։
1923-1930 թթ. ընթացքում սկսվեց լայնածավալ հակակրոնական արշավ՝ մաս կազմելով ԽՍՀՄ ամբողջական հակակրոնական քաղաքականության։ Հայաստանում փակվեցին եկեղեցիներ ու մատուռներ, ավերվեցին տասնյակ վանքեր: Վարկաբեկող քարոզչությունը եկեղեցու դեմ դարձավ պետական մեխանիզմի մաս, դպրոցներում և մամուլում պրոպագանդվում էր աթեիզմը՝ հավատքը ներկայացնելով որպես հետամնացություն։
Նույն ժամանակահատվածի ուսումնասիրված արխիվային նյութերում արձանագրված են 12 հոգևորականների դեմ ձեռնարկված գործողություններ։ Նրանց շարքում եղել են հայ առաքելական, ավետարանական և կաթոլիկ եկեղեցիների ճանաչված գործիչներ, այդ թվում՝ Սրապիոն եպիսկոպոս Սամուելյանը, Գյումրու հայ ավետարանչական համայնքի առաջնորդ Ռաֆայել Մելիք-Ադամյանը, Մխիթարյան միաբանության վարդապետ Ներսես Ակինյանը, ինչպես նաև մոլոկան համայնքի կրոնական ղեկավարներ:
1937-1938 թվականների ընթացքում Հայոց եկեղեցու դեմ տեղի ունեցան ամենաարյունալի և ամենաողբերգական գործողությունները:
Միայն 1937 թվականին ձերբակալվել և գնդակահարվել են ավելի քան 120 հայ հոգևորականներ։ Նրանցից շատերը՝ առանց դատաքննության, մեղադրվեցին հակահեղափոխական, ազգայնական կամ օտարերկրյա հետախուզությունների հետ կապեր ունենալու կեղծ մեղադրանքներով։
Խորհրդային անվտանգության կողմից եկեղեցու ներսում գործել են նաև գաղտնի գործակալներ՝ հոգևորականների դեմ ցուցմունքներ կորզելու և ապօրինի գործեր հարուցելու նպատակով։ Այս տարիներին փաստացի պարալիզացվեցին եկեղեցու հիմնական կառույցները: 1938 թվականին ևս իրավիճակը բարդանում էր.
«Արդեն 1938 թվականի հուլիսի 8-ին ՀԿ (բ) Կենտկոմի բյուրոյում հայտարարվեց Երևանում հուլիսի 25-ին «Մարտնչող անաստվածների միության» հանրապետական համագումար հրավիրելու մասին: Հայաստանի կոմկուսի նոր ղեկավարությունը Գ. Արուտինովի գլխավորությամբ լրջորեն իր ձեռքը վերցրեց «եկեղեցական» հարցը, ձգտելով մեկընդմիշտ լուծել այն: Կրոնի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքն աճում էր վերընթաց գծով»: (Նույն տեղում՝ էջ 126):
1938 թվականի ապրիլի 6-ին Խորհրդային պետանվտանգության գաղտնի գործակալները Վեհարանում, իր բնակարանում, խեղդամահ արեցին Խորեն Ա Կաթողիկոսին։ Սկզբում նրա մարմինը հուղարկավորվել է Սուրբ Գայանե եկեղեցու գավթում, իսկ 1996 թվականի սեպտեմբերին աճյունը տեղափոխվեց Էջմիածնի Մայր տաճարի բակ։ Չնայած այս հալածանքներին, եկեղեցին պահպանեց իր ներքին կենսունակությունը՝ շնորհիվ հավատացյալ ժողովրդի աջակցության։
Սակայն 1930-ականների բռնաճնշումները խորապես խաթարեցին եկեղեցու կազմակերպական հիմքերը և թողեցին տևական ցավ ու հիշողություն՝ որպես Հայոց եկեղեցու ամենադաժան շրջաններից մեկը: Սակայն նույնիսկ խորհրդային ամենակարող թվացող մեքենան անգամ չկարողացավ հայ մարդու հավատն ու նվիրումն առ եկեղեցին ոչնչացնել:
Մոտ յոթ տասնյակ տարի ձգվող այդ դժվար շրջանը մի օր ոչնչացավ, ու Հայոց եկեղեցին ապրեց վերածննդի շրջան:
Պատմական այս փաստերն ու իրողությունները կարևոր են՝ հասկանալու համար, որ հազարամյակների ընթացքում Հայոց եկեղեցին միշտ հալածանքների է ենթարկվել օտարի կողմից և կարողացել է անհաղթահարելի թվացող մարտում հաղթանակած դուրս գալ:
Մեր օրերում, սակայն, Հայոց եկեղեցու դեմ պայքար սկսել են մղել արդեն «հայերը»: Նրանք ևս կգան ու կանցնեն և կմնան պատմության աղբանոցում՝ որպես Հայոց եկեղեցու դեմ պայքարի ելած միակ «հայեր»:
Զ. Շուշեցի