Շարժում, որը կարող է փրկել Հայաստանը՝ «Բարևը մերժելու հեղափոխություն»

Քաղաքական վերլուծություններում հաճախ է հանդիպում Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշի հիշատակումը, և դա ներկայացվում է՝ որպես ապագա իշխանափոխության հիմնավորում՝ «իշխանությունը վերարտադրվելու շանս չունի», «Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ և չի կարող վերընտրվել» մեղմասացություններով։ Դրանք հնչեցնում են հատկապես ընտրությունների միջոցով իշխանափոխության անիրատեսական ու ի սկզբանե ձախողված թեզի ջատագովները։

Իրականում, սակայն, դրանք՝ որպես փաստարկներ, առավել ևս՝ որպես քաղաքական մոդելավորման գործոններ, գրոշի արժեք չունեն, ինչի մասին ապացուցում են նույն այդ թեզերի հեղինակները՝ նույն փաշինյանական իշխանությանը տված գնահատականներում։ Բոլորն ասում են և ճիշտ են ասում, որ Հայաստանում ժողովրդավարությունից մնացել է միայն հիշողությունը, որ Փաշինյանը հետևողականորեն կերտում է ավտորիտար ռեժիմ, որ այդ ռեժիմն ամեն ինչի պատրաստ է իշխանությունը պահպանելու համար։

Դրանք բոլորը, այո, միանգամայն իրավացի գնահատականներ են։ Բայց դրանք ծիծաղելի են դարձնում իշխանության գահավիժող վարկանիշի միջոցով հանրությանը հույս ներշնչելու/վաճառելու փորձերը։ Ավտորիտար ռեժիմներում ընտրությունների ելքը որոշում է իշխող ուժի/ղեկավարի վարկանիշը և լեգիտիմությունը ոչ թե հանրության շրջանում, այլ իրեն ծառայող պետական կառավարման համակարգում։

Իրերն իրենց անուններով կոչելու հրամայականը պահանջում է արձանագրել, որ մինչ այս պահը Փաշինյանը լեգիտիմ է ողջ պետական կառավարման համակարգի համար։

Կարդացեք նաև

Քանի դեռ այդ համակարգը, թեկուզ և թաքուն դժգոհելով՝ կատարում է նրա՝ առանց բացառության բոլոր հրահանգները՝ դավաճանական կասկածներ հարուցող ցուցումներից՝ մինչև հոգեգարության կասկածներ հարուցող հանձնարարություններ, նա լեգիտիմ է պետական կառավարման համակարգում։ Քանի դեռ այն ծառայում է, նշանակում է՝ համակարգի համար լեգիտիմ է պետության կառավարման դավաճանական կամ գժական մոդելը։

Եվ կրկին իրերն իրենց անուններով կոչելու հրամայականը պահանջում է արձանագրել, որ դավաճանի/ցնորվածի շատ ողջամիտ կասկածով գործում է ոչ միայն Փաշինյանը, այլև նրան ծառայող պետական կառավարման համակարգը՝ ուսադիրավոր գեներալներից մինչև մեդալակիր ոստիկաններ, ճարմանդավոր դիվանագետներից՝ մինչև փողկապավոր նախարարներ, միջին մակարդակի վարչության պետերից մինչև ավագ մասնագետներ։ Սա կարևոր է ամրագրել՝ որպես քաղաքական գործընթացների իրական հաշվարկի հիմք, որովհետև երբ ասում են՝ Փաշինյանը վարկանիշ չունի, դա իրականության հետ ունի լուրջ աղերսներ, բայց չունի որևէ ֆունկցիա՝ ընտրություններում այլոց հաղթելու կամ իշխանության պարտվելու իմաստով։

Այս պայմաններում Փաշինյանին բյուրոկրատական լեգիտիմությունից զրկելու գործնականում միակ հնարավորությունը նույն պետական համակարգի բոլոր, առանց բացառության բոլոր ներկայացուցիչների ապալեգիտիմացումը, մարգինալացումն է հանրային, հասարակական կյանքում, ընկերական, ազգակցական միջավայրում։

Մինչև Հայաստանում ընդհուպ բարևի չարժանանալու մակարդակի ամոթ չդառնա որևէ կարգավիճակում փաշինյանական իշխանությանը ծառայելը, նա շարունակելու է պահպանել լեգիտիմությունը պետական կառավարման համակարգում՝ դրա ներկայացուցիչներին շռայլորեն վճարելով ու պարգևավճարելով այն մարդկանց հաշվին, որոնց սրբությունները, արժեքները պղծում է ամենօրյա ռեժիմով։

2000-ականներին՝ այն ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական պայքարում փորձում էր այն, ինչ անվանվեց «Բարևի հեղափոխություն»։ Դա, իհարկե, չհաջողվեց՝ ամենատարբեր պատճառներով։ Բայց դրա այսօրեական օգուտը կարող է լինել այն, եթե մեր հասարակությունը, յուրաքանչյուրն իր միջավայրում, փորձի իրականացնել հակառակ իմաստով՝ «Բարևը մերժելու հեղափոխություն»։ Հանրային ամոթը, որի գործնական դրսևորումներն արտահայտվել են Հին Հունաստանից սկսած, լրջագույն ինստիտուտ է, որն անտեսանելիորեն կազմաքանդվել է այսօր պայքարի թիրախում հայտնված շատ այլ ինստիտուտներից առաջ։

Ժամանակին ամենատարբեր քաղաքական, քաղաքացիական շարժումներ օգտագործում էին հատու կարգախոսներ՝ «Հիմա», «Սկսել ա», «Բավական է» և այլն։ «Բարևը մերժելու հեղափոխության» համար ամենահասկանալի կարգախոսը կարող է դառնալ ամենապարզ, ամենամարդկային հիշեցումը՝ «Ամոթ ա․․․»։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս