
Հարավային Կովկասում Իրանի զսպող դերակատարությունը պահպանվում է․ վերլուծաբան

Մերձավոր Արևելքում այս օրերին հաստատված փխրուն հրադադարի պայմաններում Իրանի ու Իսրայելի շուրջ շարունակվում է աշխարհաքաղաքական ակտիվությունը։ Վերլուծաբանների մի ստվար հատված գտնում է, որ ռեգիոնը մեծապես հեռու է խաղաղությունից, և, որ ներկայումս հաստատված հրադադարը չափազանց խոցելի ու ժամանակավոր է՝ կողմերն այս փուլում գտնվելու են 12-օրյա պատերազմից դասեր քաղելու, վերանայումներ իրականացնելու փուլում։ Դա են անում նաև երկրները, որոնք հարաբերություններ են կառուցում Իրանի ու Իսրայելի հետ։ Ուշագրավ է, որ հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահները:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Իլհամ Ալիևը Մասուդ Փեզեշքիանին վերստին ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը Իրան-Իսրայել հակամարտության վերաբերյալ, և խորը մտահոգություն հայտնել տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրացման կապակցությամբ։
Ալիևը Փեզեշքիանին հրավիրել է տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ադրբեջանում հուլիսի սկզբին։ Ադրբեջանը, լինելով Իսրայելի ռազմական դաշնակիցը, իր վրա կրելով բազմաթիվ կասկածներ, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ հարձակման և հարվածների համար, հրապարակային դաշտում ընդգծված չեզոքություն է փորձում պահպանել, դիրքավորվելով Իրանի համար՝ որպես բարիդրացիական պետություն, չնայած Ադրբեջանի ու Իրանի միջև առկա բազմաթիվ խորը տարաձայնություններին։ Հարկ է նաև հիշեցնել, որ հրադադարից հետո դեռ չի եղել բարձրաստիճան որևէ զանգ Թեհրան։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Իրանի ու Իսրայելի միջև ավարտվեց 12-օրյա հրթիռային պատերազմը, սակայն սա հակամարտության վերջը չէ։ Ըստ նրա, այս հերթական բռնկումը ցույց տվեց, որ ներկայիս աշխարհակարգը կամ անցնող աշխարհակարգի իրավական կարգավորումները չեն գործում, երկրները դրանք հեշտորեն խախտում են, ինչպես արեց ԱՄՆ-ը՝ թիրախավորելով Իրանի միջուկային օբյեկտները։
«Այդ ամենով հանդերձ, կարծում եմ, Իսրայելն ու ԱՄՆ-ը չհասան իրենց նպատակին, պատերազմը չշարունակվեց, քանի որ այն այս փուլում հնարավոր չէր ավարտել այն արդյունքներով, ինչ կցանկանային Իսրայելն ու ԱՄՆ-ը։ Ըստ ամենայնի, Իրանի հնարավորություններն ըստ արժանվույն հաշվի չէին առնվել։ Իրանի հրթիռային ներուժն ու ճկուն, զգուշավոր դիվանագիտությունն այս փուլում թույլ տվեց հաղթահարել հակամարտության այս փուլը։ Սակայն այս 12 օրը թույլ տվեց թե Իրանին, թե Իսրայելին հասկանալ հակառակորդի բոլոր ուժեղ ու թույլ կողմերը, հասկանալ՝ ինչպես է գործում ՀՕՊ համակարգն ինտենսիվ հրթիռակոծության դեպքում, կամ հասկանալ՝ իրանական նոր հրթիռներն իրականում ինչ ներուժ ունեն։
Ներկայումս Իրանը ստացել է հնարավորություն ինտենսիվ դիվանագիտական աշխատանք իրականացնել իր դաշնակիցների, գործընկեր երկրների հետ, այդ թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի։ Կարծում եմ՝ Իրանը կկենտրոնանա նաև երկրի ներքին իրավիճակի վրա, համախմբում փորձելով ապահովել՝ տեսնելով, թե հակառակորդներն ինչ խաղադրույքներ են կատարում ներքին միտումների վրա։ Այս ամենից բացի, իհարկե, տրվել է հնարավորություն բարելավել սեփական ռազմական պոտենցիալը՝ վերականգնելով կորուստները»,- նշեց Եվսեևը։ Նա գտնում է, որ պատերազմական գործողություններում դադար է, չկա երաշխիք, որ դրանք չեն վերսկսվի։
«Պարզապես այն, ինչ տեղի ունեցավ Իրանի դեմ, լուրջ խնդրի կարող է վերածվել Թրամփի համար։ Այս ամենը խնդիր է՝ թե Թրամփի նախկին հայտարարությունները դիտարկելով, բացի այդ, թե Եվրոպայում, թե երկրի ներսում Թրամփը չստացավ Իրանի հարվածի հարցում աջակցություն, ավելին՝ ավելացան Թրամփի համար խնդիրները, խորացան տարաձայնությունները թե քաղաքական հակառակորդների, թե թիմակիցների հետ, ու այդ ամենը՝ Իսրայելի պատճառով։ Թրամփը դա հասկանում է, այդ պատճառով, կարծում եմ, փոխվել է հռետորաբանությունը։ Սակայն, թե որքանով Թրամփը հետագայում էլ կկարողանա ազդել Իսրայելի վրա, հարց է, ուստի ընդհանուր առմամբ ռիսկերը շարունակում են պահպանվել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան շփումներին, ապա, Եվսեևի խոսքով, այդ շփումն ուղղված է ցուցադրելու, շեշտելու Ադրբեջանի իբրև թե չեզոքությունը Մերձավոր Արևելքում։
Ըստ նրա, բոլորը գիտեն, թե Ադրբեջանն ինչ սերտ քաղաքական, ռազմական համագործակցություն ունի Իսրայելի հետ։
«Ուստի այս փուլում դեռ հարավկովկասյան իրավիճակում ռեգիոնալ տերությունների միջև ուժային բալանս չի փոխվել, թեև կային նման ակնկալիքներ։ Քանի դեռ չի փոխվել, Ադրբեջանն իր զգուշավորությունն Իրանի ու Իրանի դիրքորոշումների նկատմամբ պահպանելու է»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նրա խոսքով, հայկական կողմը փորձում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ամենայն հավանականությամբ կարծելով, թե գործընթացները կարող են գնալ ընդդեմ Իրանի։
«Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը ևս մեկ մակարդակով խորացրեց համաշխարհային անկայունությունը։ Բնականաբար, առաջին ռեգիոններից մեկը, որտեղ այս ամենը կարող է ազդել, դա Հարավային Կովկասն է, որտեղ Իրանն ունի ազդեցություն ու շահեր։ Շատ են պնդումները, թե հակամարտության ֆոնին Իրանը չի մոռանում այլ ուղղություններով իր դիրքորոշումների մասին, սակայն, եթե Իրանը լուրջ խնդիրներ ունենա, ապա կկորցնի իր զսպող դերակատարությունը։ Սակայն ներկայումս այն դեռ պահպանվում է»,- ասաց Եվսեևը։