Նավթի գինն աճում է. հնարավո՞ր է՝ բենզինի գինը Հայաստանում ևս աճի
Նավթի համաշխարհային գներն աճում են. մեկ բարելի գինն այս պահին 37-40 դոլար է, մարտին այն պակաս էր 25 դոլարից: Նավթի գնով և ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ Հայաստանում դիզելային վառելիքի, բենզինի գներն անկում են ապրել: Հնարավո՞ր է՝ նավթի շուկայի կայունացումը պատճառ դառնա, որ բենզինի գինը Հայաստանում սկսի բարձրանալ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է հետևություններ անել, քանի որ նավթ արդյունահանող երկրները խիստ մրցակցության մեջ են, և գները դեռ կտատանվեն:
«Նավթի համաշխարհային գների վրա մեծ ազդեցություն ունի կորոնավիրուսը: Վիրուսի հետևանքով առաջացած ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում նավթի նկատմամբ օրական պահանջարկը նվազել է 20 մլն բարելով, այն դեպքում, երբ «ՕՊԵԿ+»-ի շրջանակներում միայն 9.7 մլն բարելով նավթի արտադրությունը կրճատելու համաձայնություն կար: Նավթ արդյունահանող մեծ թվով ընկերություններ, չդիմանալով ցածր գնի մրցակցությանը, շուկայից դուրս են եկել, դադարեցրել են գործունեությունը, հատկապես՝ ամերիկյան որոշ ընկերություններ, դրանով է պայմանավորված նավթի գնի բարձրացումը: Հիմա շուկայում գործում են խոշոր արդյունահանողները, որոնց մեկ բարելի հաշվով ծախսերն ավելի ցածր են, բայց համաշխարհային տնտեսությունը դեռ չի վերականգնվել, պահանջարկը դեռևս ցածր է: Միանշանակ է, որ կտրուկ անկումներ են հնարավոր, շուկան փոքր է, երկրներն իրար հետ բավականին խիստ մրցակցության մեջ են, ելնելով իրենց տնտեսական դրությունից, հնարավոր է՝ տարբեր քայլեր իրականացնեն: Ռուսաստանը կարող է արդյունահանման ծավալները մեծացնել, չարժե այս ամենի վրա հիմնվել»,- ասաց տնտեսագետը:
Սուրեն Պարսյանի խոսքով՝ նավթի գնի ազդեցությունը մեր երկրում բենզինի գնի վրա 5-7% է, առավել մեծ է ռուբլու փոխարժեքի ազդեցությունը:
«Հիմնականում ռուբլու արժեզրկումը և դրամի կայունությունը թույլ տվեցին, որ այս տարի դիզելային վառելիքի, բենզինի գները կտրուկ նվազեն: Եթե ռուբլին արժևորվի, գները կբարձրանան: Մեր պայմանագրերը ռուսական «Роснефть»-ի հետ ռուբլով են»,- ասաց նա: