«Այս ամենը բոլորիս դռներին հասնելու է, պետք է պատրաստ լինենք». Միքայել Մելքումյանը՝ համավարակի դեմ տարվող պայքարի մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ մեկ-երկու ամիս առաջ չէին ենթադրում, թե ինչ թվեր կարող են լինել՝ համավարակի տարածմամբ պայմանավորված:
«Արսեն Թորոսյանի ասելը մի բան էր, բայց որ այսքան մահեր կլինեն, այսքան վարակվածներ՝ անելանելի վիճակ է տիրում: Դեռ մարտի կեսին մեր քաղաքական ուժն ասել էր, որ դիմակների խիստ կիրառում և թեստավորում պետք է լիներ: Անցել է արդեն երեք ամիս, և այն ժամանակ, երբ Կառավարության ղեկավարը խորհրդարանում ասում էր, որ մեկ-երկու ամիս են սահմանում, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի համար, ես ասում էի՝ դա շատ քիչ է: Հիմա դուրս եկավ, որ այդ սցենարը չի աշխատում, հիմա պլան Բ-ն կա՞, թե՞ չկա, ես չգիտեմ, որովհետև երկու ամսվա սցենարն արդեն տապալվել է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը:
Ըստ նրա, եթե այսպես շարունակվի, և Կառավարությունը վերադառնա նախկինին և կրկին փակի տնտեսությունը, ապա այդ ամենը սարսափելի հետևանքներ է ունենալու:
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը պահը կորցրել է, և այսօր անհրաժեշտ է՝ այն մենեջմենթը, որը կատարում է Կառավարությունը, ենթարկվի արմատական փոփոխության, քանի որ այն չի աշխատում:
«Եթե կա սցենար, և նախարարները պարետատան հետ միասին ժրաջանորեն իրենց ֆունկցիան կատարում են, նշանակում է՝ այս սցենարը սխալ է, իսկ եթե չեն կատարում, ուրեմն՝ այդ անպատասխանու ղեկավարները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ շատ արագ: Այս ամենը գուցե բոլորիս դռներին հասնելու է, պետք է պատրաստ լինենք, այլևս խիստ, սառնասիրտ մնալն անհնար է, մենք պետք է կարողանանք ճիշտ արձագանքել այս ամենին: Հակաճգնաժամային մենեջմենթը ցույց է տալիս, որ այդ ամենը խիստ անբավարար է»,- հավելեց Միքայել Մելքումյանը:
Ինչ վերաբերում է հանրաքվեն չեղարկելու նախագծին, Միքայել Մելքումյանն ասաց, որ համավարակի պայմաններում, թողած լրջագույն խնդիրները, իշխանությունները բերել՝ նախագիծ են քննարկում:
Նրա կարծիքով՝ այս ամենը պետք է թողնեին հետագային, երբ ստեղծված իրավիճակն իր հանգուցալուծումը կունենար:
Հարցին՝ ԲՀԿ-ն ի՞նչ է մտածում ՍԴ դիմելու և «Հանրաքվեի մասին» օրենքում կատարված փոփոխության սահմանադրականությունը հստակեցնելու համար, քանի որ «Ոչ»-ի շտաբը նման հարց է քննարկում, Միքայել Մելքումյանն ասաց, որ այս մասին որևէ տեղեկություն չունի:
Թե ինչպիսի ազդեցություն է ունենում ստեղծված իրավիճակը տնտեսության վրա, Միքայել Մելքումյանն արձագանքեց՝ շատ վատ:
«Օրական 35-36 մլն կորուստ կա, ՊԵԿ-ի երեկվա տեղեկատվության համաձայն՝ 74 հազար մարդ եկամուտ չի ստացել միայն ապրիլ ամսին, և 12 հազար 3 հարյուր աշխատատեղ փակվել է, այս ամենը շարունակելի է, սրանք նախնական թվեր են: Հիմա որ օբյեկտները բացվել են, ձեզ թվում է՝ շահույթո՞վ են աշխատում: Հիմա պետք է ռազմական բնույթի գերջանքեր գործադրել իրավիճակը շտկելու համար: Մենք չափերով փոքր երկիր ենք, հիմա մեր երկրո՞ւմ է հեշտ կառավարել բնակչությանը, թե՞ խոշոր երկրներում, պետք է կտրուկ քայլեր ձեռնարկել և կառավարումը կտրուկ փոխել»,- եզրափակեց նա: