«Կլինեն հանրային որոշակի իրադարձություններ, փողոցը կմիանա այս գործընթացին և հնարավոր կլինի այս կառավարությանն ուղարկել հանգստի և հետագա պատասխանատվության». Քաղաքագետ

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, իշխանական ֆրակցիայի մեկնաբանմամբ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող նախագիծը։

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին հեռավար ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանի իշխանությունները Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամն առանց հանրաքվեի լուծման տարբերակներ են փնտրում: Այդ նպատակով դիմել են նաև Վենետիկի հանձնաժողով:

Թեև իշխանությունները հանրաքվեն չեղարկելու որոշումը պայմանավորում են կորոնավիրուսի համավարակով, այդուհանդերձ քաղաքական տարբեր շրջանակներում սա համարում են նվազող վարկանիշի ուղղակի ցուցիչ և կանխատեսելի:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ այդ որոշումը ոչ միայն կանխատեսելի էր, այլև տրամաբանական:

«Բնականաբար, գործող կառավարության հեղինակությունն իջնում է և իջնում է արագորեն. հանրաքվեի անցկացման դեպքում իրենք ակնհայտորեն այդքան «Այո»-ի ձայն չէին կարող հավաքել»,- նշեց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ հանրության մի զգալի հատվածի համար հասկանալի չէին այդ հանրաքվեի նպատակները.

«Ընդհանրապես, անհասկանալի է՝ ինչ Սահմանադրակական ճգնաժամի մասին է խոսքը, կամ՝ մի քանի հոգու աշխատանքից հանելն ի՞նչ փոփոխություն կարող է մտցնել, առավել ևս՝ հասկանալի չէ, թե ընդհանրապես Սահմանադրական դատարանն ինչո՞վ է խոչընդոտում իրենց աշխատանքին. որևէ հիմնավորում տրված չէ:

Եվ այս պարագայում իրենք պետք է, բնականաբար, քայլեր անեին հանրաքվեն չեղարկելու համար, որովհետև եթե հանրաքվեով իրենք ստանում են «Ոչ», նշանակում է՝ կառավարությունը պետք է հրաժարական տա, որովհետև իրենք հայտարարել են ինչ-որ ռեֆորմներ, որոնք պետք է անեն, պարզ չէ՝ ինչ ռեֆորմներ, բայց իրենք ասում են՝ ունեն դա, և Սահմանադրական դատարանը խոչընդոտում է, եթե հանրաքվեով բավարար «այո»  չի լինում, բնականաբար, իրենք իրենց այդ ենթադրյալ ռեֆորմները չեն կարող անել, և կառավարությունը պետք է հրաժարական տա: Մյուս կողմից՝ բնականաբար, սա արդեն նշանակում է, որ վստահության քվե չունեն»:

Հարցին, թե սոցիալ-տնտեսական ստեղծված իրավիճակում, երբ բարձրաձայնվում է հասարակական դժգոհությունների ու իշխանությունների անկում ապրող վարկանիշի մասին, հնարավո՞ր է՝ լինի Կառավարության հրաժարականը, Ստեփան Դանիելյանը պատասխանեց.

«Խոսքը պետք է լինի ոչ միայն կառավարության, այլև Ազգային ժողովի մասին, որովհետև տեսնում ենք՝ Ազգային ժողովը չի կարող ռեալ դեբատներ կազմակերպել, պատգամավորներն ինքնուրույն չեն, քաղաքականապես հասուն չէ մեծ մասը:

Մենք տեսնում ենք քաղաքական առումով հիմնականում անլուրջ մարդիկ, որոնք միայն մանդատներ են բարձրացնում. Խոսքն «Իմ քայլը» ֆրակցիայի մասին է:

Բնականաբար, սա արդեն ինտելեկտուալ ճգնաժամ է նշանակում երկրում. կառավարությունը պետք է հրաժարական տա, Ազգային ժողովն էլ պետք է լուծարվի:

Հիմա՝ ինչ հերթականությամբ, երբ, որքանով է երկիրը պատրաստ դրան, որքանով են քաղաքական ուժերը պատրաստ՝ դա այլ քննարկում է, և պետք է հրապարակային առումով այդ բոլոր հարցերը քննարկվեն»:

Նոր կուսակցությունների ստեղծումն ի՞նչ փոփոխություններ կբերի քաղաքական դաշտում, հատկապես ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ստեղծած կուսակցությունն ի՞նչ դերակատարում կունենա՝ հարցին ի պատասխան՝ քաղաքագետն ասաց, որ չի ցանկանում գնահատական տալ որևէ քաղաքական ուժի:

Սակայն համոզված է՝ քաղաքական դեբատները դեռևս այնքան լուրջ և սթափ չեն, որ համապատասխանեն երկրում ստեղծված իրավիճակին. «Մեզ միանշանակ ժամանակավոր նոր կառավարություն է պետք, որից հետո արդեն, եթե խորհրդարանական ընտրություններ լինեն, մենք կտեսնենք, որ այդ խորհրդարանում արդեն ավելի շատ ֆրակցիաներ կլինեն և խորհրդարանի քաղաքական կառուցվածքը կհամապատասխանի երկրի քաղաքական իրավիճակին:

Այդ ժամանակ խորհրդարանը լուրջ քաղաքական մարմնի վերածվելու շանս ունի:

Բնականաբար, այդ խորհրդարանում տարբեր ուժեր կարող են ներկայացվել, ծրագրերի շուրջ կլինեն ռեալ քննարկումներ, նշանակումների շուրջ կլինեն քննարկումներ, հույս ունեմ՝ որոշակի կարևոր հոդվածներ Սահմանադրության մեջ կփոխվեն, քաղաքական նորմալ կյանք կլինի երկրում և այս ատելության մթնոլորտն ինչ-որ առումով կմեղմվի»:

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ իր պատկերացրած ժամանակավոր կառավարությունը պետք է լինի համաձայնության կառավարություն, որը կոնկրետ մի քանի խնդիրներ պետք է իր առաջ դնի, որոնք լուծելուց հետո՝ հրաժարական տա.

«Այդ խնդիրներից մեկը հանրային հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելն է, երկրորդը՝ պայմաններ ստեղծել՝ վստահելի, արդար ընտրությունների համար (այսինքն՝ այդ կառավարությունը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար և մինիմալ քաղաքականացված լինի. Եթե ինչ-որ կուսակցական ուղղվածության կառավարություն լինի, ապագա ընտրությունների ժամանակ դրա հանդեպ վստահություն չի լինի)»:

Հարցին՝ որքանո՞վ է հավանական այդ սցենարը, քաղաքագետը պատասխանեց.

«Ինձ թվում է, եթե այս վարակի հետ կապված վիճակը մեղմվի, կլինեն հանրային որոշակի իրադարձություններ, փողոցը կմիանա այս գործընթացին, և ճիշտ տեխնոլոգիաներ օգտագործելու դեպքում՝ հնարավոր կլինի  այս կառավարությանն ուղարկել հանգստի և հետագա պատասխանատվության»:

Տեսանյութեր

Լրահոս