Բաժիններ՝

Ծնողները խախտում են երեխաների իրավունքները՝ նրանց նկարները սոցիալական ցանցերում հրապարակելով, ինտերնետային տարբեր խաղերի մասնակցելով․ Փաստաբան

Հունիսի 1-ը նշվում է՝ որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ 1925 թվականին Ժնևում՝ երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսում սահմանվել է Երեխաների պաշտպանության օրը: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:

Այն հիշեցում է մարդկանց, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից մեկն են և ուշադրության, սիրո և պաշտպանության կարիք ունեն:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Փաստաբան Աշխեն Դաշյանի հետ զրուցել ենք Հայաստանում երեխաների պաշտպանության, նրանց իրավունքների ոտնահարման և հարակից այլ հարցերի շուրջ։

– Տիկին Դաշյան, որքանո՞վ են երեխաները պաշտպանված Հայաստանում։ Հիմնականում ո՞ւմ կողմից են ոտնահարվում նրանց իրավունքները։ Ֆիզիկակա՞ն, թե՞ հոգեբանական բռնություն է ավելի շատ կիրառվում։

– Առաջինն ընտանիքի կողմից՝ անառողջ ընտանեկան մթնոլորտի և ծնողների լարված հարաբերությունների հետևանքով: Երեխաների իրավունքների խախտումներն ուղեկցում են նրանց նաև ընտանիքից դուրս: Սակայն այն երեխան, որը պաշտպանված է ընտանիքի կողմից, ապրել է առողջ ընտանեկան մթնոլորտում, նա կարող է պաշտպանված լինել և իրեն պաշտպանել նաև ընտանիքից դուրս, քանի որ շատ դեպքերում ընտանիքում ձեռք բերված հոգեբանական ճնշումը երեխային անպաշտպան է դարձնում դրսում։ Պրակտիկայում հանդիպել եմ ավելի շատ հոգեբանական բռնության դեպքերի, որոնք, ցավոք սրտի, ավելի խոցելի են դարձնում երեխաներին, նրանց համար շատ դժվար է լինում հաղթահարել այն։

Կարող եմ մի դատական գործի անդրադառնալ՝ առանց տվյալների հրապարակման:

Երեխայի խնամքի և տեսակցության վեճ էր քննվում դատարանում, երեխան իր կամքով բնակվում էր մոր հետ, սակայն շատ կապված էր նաև հորը: Դատարանում նրա համար շատ դժվար էր որոշում կայացնել, սակայն վերջինս լսված լինելու իրավունքի իրացման ժամանակ դատավորին հայտնեց, որ շաբաթական մի քանի օր կցանկանար նաև հոր հետ անցկացնել, ու դա նրա համար դարձավ «ճակատագրական»: Դատական նիստից անմիջապես մեկ ժամ հետո տեղեկացանք, որ մայրը երեխային տնից դուրս է հանել՝ այդ կերպ նրան պատժելով, որ դատարանում հայտնել է մի քանի օր հոր հետ ժամանակ անցկացնելու ցանկության մասին, և այդ մասին երեխային բառացի ասել էր։ Բարեբախտաբար մեզ հաջողվեց գտնել երեխային և տուն վերադարձնել: Սակայն, թե ինչպիսին էր երեխայի հոգեվիճակը՝ նկարագրել հնարավոր չէ։

Երեխայի ծնողները մշտապես պետք է գիտակցեն, որ անկախ ամուսինների հարաբերություններից՝ երեխաները չպետք է թիրախավորվեն: Երեխաների շահերը պետք է միշտ առաջնային լինեն ծնողների շահերի նկատմամբ:

Անկախ նրանից, թե ծնողներից ում հետ երեխան կբնակվի, պետք է ծնող-երեխա կապն ամրապնդվի, այն չխզվի՝ կախված այն հանգամանքից, որ երեխան բնակվում է մյուս ծնողի մոտ: Ծնողներից յուրաքանչյուրը պետք է հավատարիմ մնա իր ծնողական իրավունքների և պարտականությունների իրացմանը։ Երեխայից առանձին ապրող ծնողի՝ երեխայի նկատմամբ իրավունքներն ու պարտականությունները չեն դադարում երբևէ՝ բացառապես օրենքով սահմանված սահմանափակումների։ Ցավոք, երեխայի հետ ապրող ծնողն ունենալով դատարանի որոշում՝ երեխայի՝ իր մոտ բնակության վայր որոշելու վերաբերյալ, միշտ արգելում է, խոչընդոտում մյուս ծնողի շփմանը, երեխայի խնամքին ու դաստիարակությանը մասնակցելուն, համարելով, որ այն միայն երեխայի հետ բնակվող ծնողը կարող է իրականացնել, ինչը երեխայի վրա է շատ վատ անդրադառնում, վերջինս իրեն կարող է տարբերակված զգալ երկու ծնողների հետ համատեղ բնակվող հասակակիցների մոտ։

Շատ երկրներում երեխաների խնամքի իրականացման և երեխայի բնակության վայրը որոշելու պահանջները տարբեր են, և դատարանը կարող է խնամքը հանձնել, թույլատրել մի ծնողի, իսկ ՀՀ ներպետական օրենսդրությամբ խնամքի և դաստիրակության հանձնում կամ այն մի ծնողի թույլատրելու օրենսդրական կարգավորում չկա, օրենքի ուժով երկու ծնողները պետք է իրականացնեն երեխայի խնամքը, դաստիարակությունը։ Իսկ երեխայի բնակության վայրի որոշումը դատարանի կողմից դա միայն երեխայի կեցության վայրն է որոշում։ Ցավոք, այս սահմանագիծը միշտ խախտվում է։

– Արդյո՞ք Հայաստանում երեխաները գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները ո՞ր տարիքից պետք է սկսել այդ ուղղությամբ աշխատել նրանց հետ, և ո՞վ պետք է ստանձնի այդ պարտականությունըծնողը, ուսուցիչ, ԶԼՄ-ները։

– Վերջին մի քանի տարիներին նկատվում է իրավագիտակցության բարձր ցուցանիշ երեխաների մոտ, սակայն հաճախ երեխաներն իմանալով հանդերձ իրենց իրավունքները՝ չեն կարողանում այն իրացնել, երբ այն հակադրվում է ծնողների շահերին: Երբեմն երեխաներն իրենք են զոհողության գնում հանուն ծնողների, չնայած պետք է լիներ ճիշտ հակառակը:

Այն տարիքից, երբ երեխայի տարիքը և հասունության մակարդակը թույլ են տալիս հասկանալու իրենց իրավունքներն ու պարտականությունները, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է ստանձնի այդ պարտականությունը, իհարկե, ամենամեծ պատասխանատվությունը դրված է ծնողների վրա։ Սակայն ՀՀ ընտանեկան օրենսգիրքը հնարավորություն է տալիս պաշտոնատար անձանց և այլ քաղաքացիների, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին հայտնելու երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ։ Հետևապես՝ երեխաների պաշտպանությունը մեր բոլորիս պարտավորությունն է։

– Մեր երկրում կան դեպքեր, երբ հատկապես հայրը բռնություն է գործադրում մոր ու երեխաների նկատմամբ, ու շատ հաճախ այդ բռնությունն ավարտվում է ողբերգությամբ։ Ի՞նչ պետք է անել նման դեպքերը նվազեցնելու և բացառելու համար։ Արդյոք չպե՞տք է խստացնել նման ծնողներին պատժելու գործիքակազմը։

– Նման դեպքերում պատժելու գործիքակազմեր, համապատասխան օրենքներ առկա են ՀՀ-ում, սակայն խնդիրը ոչ այնքան խստացնելու մեջ է, որքան կիրառելու: ՀՀ օրենքները թույլ են տալիս նման երևույթները պատժելու, իրավական գործիքակազմեր կիրառելու, սակայն երեխա-ծնող հարաբերություններում, ընտանեկան մասնավոր կյանքին համաչափ միջամտության դեռ պատրաստ չեն համապատասխան պատկան մարմինները, երեխաների պաշտպանությամբ զբաղվող կառույցները։ Տպավորություն է, որ փորձում են չեզոքություն պահել ընտանեկան հարաբերություններ մուտք գործելու, թեկուզև այն իրավաչափ, օրենքով սահմանված միջամտություն է: Օրինակ, երբ իմ վարույթում գտնվող գործերից մեկով երեխայի հայրը երեխային և մորը 2 օր իրենց կամքին հակառակ փակի տակ պահում էր ազգականի բնակարանում, հայտնաբերելուց և ոստիկանություն հայտարարություն ներկայացնելուց հետո պատկան մարմինները որևէ քայլ չէին ձեռնարկում՝ հիշատակելով բնակարանի, սեփականության, ծնողների իրավունքների մասին՝ բաց թողնելով ամենակարևորը՝ երեխայի լավագույն շահը, երեխայի իրավունքները: Նման դեպքերում ոստիկանության միջամտությունն իրավաչափ և համաչափ կարող է լինել:

Մեկ այլ գործով, երբ երեխան պարբերաբար հոգեբանական բռնության էր ենթարկվում հոր կողմից, և անհրաժեշտ էր որոշ ժամանակ երեխային հեռու պահել ծնողից, ոստիկանությունը, խնամակալության մարմինները փորձում էին հակառակ տեսակետը հայտնել՝ պատճառաբանելով, որ երեխային ծնողից չպետք է բաժանել և պետք է վերականգնել նրանց հարաբերությունները: Սակայն այստեղ կարևորը պետք է լինեն պատկան մարմինների համաչափ, անհրաժեշտ գործողությունները, երբ չպետք է մի նպատակին հասնելու համար օգտագործել ոչ համաչափ միջոց՝ օրինակ, վտանգել երեխայի կյանքը, որպեսզի երեխան ծնողից չբաժանվի: Պետք է յուրաքանչյուր պարագայում ընտրված միջոցները համաչափ լինեն իրավունքների պաշտպանության համար: Երեխաներին վերաբերող հարցերում պետք է, առաջին հերթին, հատուկ ուշադրություն դարձնել երեխայի լավագույն շահերին, նրա անվտանգությանը, առողջությանը։

– Հաճախ սոցիալական կայքերում ծնողները, այսպես ասած՝ կիսվում են իրենց երեխաների նկարներով, անգամ որպես գլխավոր նկար են տեղադրումարդյո՞ք սա նրանց իրավունքների խախտումներից չէ։

– Ոչ միայն դա, նաև երեխաների նկարներով ինտերնետային տարբեր խաղերի/մրցույթների/ են մասնակցում։ Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն առաջնահերթ նրանց ծնողների վրա է դրված, սակայն շատ դեպքերում նույնիսկ անուղղակի կերպով խախտվում են այդ իրավունքները ծնողների գործողությունների հետևանքով։ Այնուհանդերձ ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ երեխան ունի իր ծնողների չարաշահումներից պաշտպանվելու իրավունք։ Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում երեխան իրավունք ունի պաշտպանության համար նաև ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին:

– Իրավախախտ երեխաների մասնակցությամբ արդարադատության ոլորտում արդյո՞ք կա առաջընթաց մասնագիտացվա՞ծ են իրավախախտ երեխաների հետ աշխատող դատավորներն ու քննիչները։

– Ընդհանրապես ՀՀ-ում բացակայում են մասնագիտացված դատարանները, որոնք միայն երեխաների կամ ընտանեկան վեճեր կքննեն։ Շատ դրական առաջընթաց կլիներ, երբ, օրինակ, ընտանեկան գործերով մասնագիտացված դատարաններ, դատավորներ լինեին, քանի որ այդ իրավահարաբերություններին հատուկ են որոշակի առանձնահատկություններ, օրինակ, դատարանում երեխաների լսված լինելու իրավունքի իրացման, նրանց հետ աշխատելու առանձնահատուկ մեթոդների տիրապետեն: Այնուհանդերձ, չեմ կարող հերքել, որ դատական համակարգում ունենք դատավորներ, որոնք շատ լավ տիրապետում են երեխաների հետ դատարանում աշխատելու մեթոդների, որոնք տալիս են դրական արդյունքներ երեխաների համար։

– Ընտանեկան օրենսգրքում կատարված և 18.01.2018թ. ուժի մեջ մտած փոփոխություններով առանձնակի կարևորություն է տրվել երեխային առնչվող առանցքային հարցերում վերջինիս կարծիքը լսելու հարցին: Եթե մինչ այդ նախատեսվում էր լսել միայն տասը տարին լրացած երեխայի կարծիքը, ապա կատարված փոփոխություններով երեխայի կարծիքն արտահայտելու տարիքային հիշյալ սահմանափակումը վերացել է: Հայաստանում որքանո՞վ են ծնողները պատրաստ լսելու երեխաների կարծիքները, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մինչև, օրինակ, 27 տարեկանը դեռ իրենց զավակին ասում են՝ դու դեռ երեխա ես, չես հասկանա։

– Այո, շատ դրական եմ համարում օրենքի փոփոխությունները և, ի վերջո, երեխային առանց տարիքային սահմանափակման լսելու իրավունքը իրացնելու, կարծիքն ազատ արտահայտելու օրենսդրական հնարավորությունները։ Այս դրույթն ամրագրված է նաև Սահմանադրությամբ, համաձայն որի՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան՝ հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածը նույնպես նախատեսում է, որ երեխաներին պետք է հնարավորություն տրվի իրեն վերաբերող ցանկացած դատական կամ վարչական քննության ժամանակ, ներպետական օրենսդրության դատավարական նորմերով նախատեսված կարգով, լսելի լինել թե՛ անմիջականորեն, թե՛ իր ներկայացուցչի միջոցով։

Վերջին տարիներին մի փոքր առաջընթաց կա երեխաներին լսելու, նրանց կարծիքը հաշվի առնելու հարցում պատկան մարմինների, ծնողների կողմից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս