«ԱԱԾ-ն սովորականի չնմանվող մոլությամբ է փորձել Դավիթ Սանասարյանի վերաբերյալ տեղեկություններ հավաքել». փաստաբան
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթացող՝ Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով դատական հերթական նիստում այսօր շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը։ Նիստի ընթացքում հետազոտվեցին ամբաստանյալներին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց ընտրելու, առգրավումներ, զննություններ կատարելու որոշումները, ներկայացվեցին կատարված հեռախոսազանգերի վերաբերյալ կատարված արձանագրությունները:
Կողմերն այս դատական նիստում հիմնականում հայտարարություններով հանդես չեն գալիս՝ պատճառաբանելով ներկայացված փաստաթղթերի ու արձանագրությունների՝ գործի ելքի համար ապացուցողական նշանակություն չունենալու հանգամանքով:
Ներկայացված ապացույցներում առկա էին նաև Դավիթ Սանասարյանի՝ 2013 թվականին մեքենայի առուծախի գործարքին առնչվող նյութեր: Այս փաստի վրա ուշադրություն հրավիրելով՝ Սանասարյանի շահերի ներկայացուցիչ Արսեն Սարդարյանն ասաց, թե «ԱԱԾ-ն սովորականի չնմանվող մոլությամբ է փորձել Դավիթ Սանասարյանի վերաբերյալ տեղեկություններ հավաքել»՝ հավելելով, թե նման խորությամբ քննվող որևէ գործի իր պրակտիկայում չի հանդիպել:
Դատավորի դիտարկմամբ՝ իր վարույթում գտնվող ԱԱԾ-ի քննած բոլոր գործերով ծառայությունն «ինչքան ինֆորմացիա կա՝ բերում-դնում է գործի մեջ»:
Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանն էլ ի պատասխան՝ հակադարձեց, որ պաշտպանը ոչ կառուցողական հայտարարություններ է անում վարույթն իրականացնող մարմնի հասցեին՝ շեշտելով, որ Արսեն Սարդարյանը հավանաբար նախկինում ԱԱԾ-ի հետ կապված գործեր չի ունեցել, քանի որ «գործի լրիվությունն ապահովելու նպատակով այդ գործողությունները բոլոր քրեական գործերով կատարվում են»:
Նշենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:
Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ փոխվել էր բոլորի խափանման միջոց՝ կալանքը։