«Ունենք ոչ թե՝ արժանիների, այլ՝ յուրայինների իշխանություն, մարդիկ, որոնք քայլել են կամ փողոց են փակել». Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի համար ակներև է, որ իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի ընտրված մարտավարությունը սխալ էր:

«Հիմա կարծես փորձ է կատարվում անդրադառնալ այն գործիքներին, որոնք սկզբում մերժվում էին, ինչպիսին դիմակն է, բայց միայն դիմակով, ձեռքերը ախտահանելով և սոցիալական հեռավորության պահպանմամբ մենք չենք կարողանա կասեցնել հիվանդացության այս աճը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ շատ կարևոր է թեստավորումը:

«Ցավոք, բավարար մակարդակի թեստավորում չի արվում: Ամենամեծ բացթողումը Հայաստան մուտք գործողներին անմիջապես չթեստավորելն էր, ոչ թե տանեին ինչ-որ տեղեր: Հիմա շատ վտանգավոր որոշում է ընդունվել՝ այս մեկուսացողներին ուղարկել իրենց տները: Ինչպե՞ս կարելի է մեկուսանալ 70, 80 կամ թեկուզ 100 քմ տարածքում: Եթե դու հիվանդ ես, դու արդեն վարակելու ես այդ բնակարանում ապրող քո հարազատներին, իսկ քո հարազատները՝ մնացելոց: Այսինքն՝ պետք է բոլոր Հայաստան ժամանողներին անխտիր թեստավորել, թեստավորել նաև սննդի համակարգում և տարբեր հաստատություններում աշխատողներին՝ չելնելով այն բանից, որ, եթե ջերմություն չունեն, ուրեմն՝ իրավիճակն անվտանգ է»,- ասաց նա:

Հիշեցրինք Արսեն Թորոսյանի այն հակափաստարկը, որ, եթե մարդուն թեստավորում են, և կորոնավիրուս չի հայտնաբերվում, ոչ մի երաշխիք չկա, որ մեկ օր հետո նա չի վարակվի:

«Եթե դուք համաժամանակյա թեստավորում եք գոնե 50-100.000 մարդու, իսկ հետո՝ ամբողջ բնակչությանը, հենց կա երաշխիք, որ դու հաջորդ օրը չես վարակվի, որովհետև այդկերպ գտնվում են այն մարդիկ, որոնք վարակակիր են, և որոնց մոտ վարակը դեռ նախանշաններ չունի, նրանք մեկուսացվում են, ընդ որում՝ այդ մեկուսացումը նորից պետությունը պետք է իր ձեռքը վերցնի: Այդ մարդկանց պետք է իսկապես մեկուսացնել»,- ի պատասխան՝ ասաց նա:

«Ժառանգություն» կուսակցության նախագահը նշեց, որ համավարակի տարածման առաջին իսկ պահերին առաջարկել են հակաճգնաժամային ծրագրի փաթեթ, ուղարկել կառավարությանը.

«Որոշ կետեր կառավարությունն իր այս կամ այն միջոցառումներում օգտագործել է, բայց գործնական համագործակցություն մեր պարետատունը չի ընդունում: Համավարակը չստեղծեց մի այնպիսի իրավիճակ, որի ընթացքում կառավարությունը ոչ խորհրդարանական, անգամ՝ խորհրդարանական ուժերի հետ համագործակցային դաշտ ձևավորի: Երբ որևէ հիմնարկ, ինչպիսին պարետատունն է կամ Առողջապահության նախարարությունը, կարծում է, որ ինքը կաճառն է իմաստնության, և մյուսները քննադատում են, որովհետև նրանք ընդամենն իշխանության են ուզում գալ, միշտ ձևավորվում է այսպիսի տեղապտույտ: Ինչո՞ւ մարդիկ պատասխան չեն տալիս այն օրենքների համար, որոնք ընդունվեցին և շատ ցածր ՕԳԳ ունեն:

Օրինակ՝ մեր տվյալները հասանելի դարձան, հարթակներ ձևավորվեցին, շատ մարդիկ ասացին, որ իրենց գաղտնալսել են, հիմա դրանք ինչպե՞ս են գործում, ինչպե՞ս են մեր տվյալները տնօրինում: Ուրեմն՝ այդ համակարգն արդյունավետ չէր, և ինչո՞ւ պետք է այդ տվյալները շարունակեն հավաքվել, եթե համավարակի ուժգնացումը չի ընդհատվել, շղթաները գնալով բազմազան են դառնում, ո՞վ պետք է պատասխան տա»:

Նրա խոսքով՝ իշխանությունները մյուս ուժերի առաջարկները չեն լսում, որովհետև համոզված են, որ իրենք անսխալական են. «Գիտե՞ք՝ ժողովրդավարությունն իր հիմքում պետք է ունենա արժանիների իշխանության ձևավորում՝ այդ մերիտոկրատիա հասկացությունը:

Ժողովրդավարական ճանապարհով երբ գալիս ես իշխանության՝ չպետք է առաջնորդվես խմբակային շահերով: Փաստորեն, անգամ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած ուժերը շարունակեցին օգտագործել այն նույն գործիքակազմը, ինչ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանությունը զավթածները:

Այսինքն՝ ոչ թե՝ արժանիների, այլ՝ յուրայինների իշխանություն, մարդիկ, որոնք քեզ արժանին են մատուցել, այս պարագայում՝ քայլել են կամ փողոց են փակել: Եթե իշխանության ստեղծման հիմքում ընկած է խմբային շահը, ապա արժանիների իշխանությունը չի ձևավորվում: Նրանք, ովքեր պայքարող էին, և որոնց համար կարևորը ոչ թե խումբն էր, այլ ընդհանուր շահը, դուրս մղվեցին համակարգից, օրինակ՝ Կադաստրի պետը, Բնապահպանության տեսչության ղեկավարը, ԲՈԿ նախագահը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս