«Հիմա չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին՝ 5 ոլորտ տապալելուց հետո հրաժարվել ԵՊՀ ռեկտոր դառնալու մտքից». Վահագն Վարագյան
168.am-ի «Ռեվյու» ծրագրի հյուրը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն է:
– Ձեր կենտրոնի հետ կապված՝ նախորդ տարի բավականին լուրջ զարգացումներ եղան: Իշխանությունները ցանկանում էին փակել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը: Այս պահին դատական պրոցեսների մեջ եք: Կենտրոնը հիմա գործո՞ւմ է:
– Մեր Կենտրոնը հենց հեղաշրջման առաջին օրվանից եղել է այս իշխանությունների ուշադրության կենտրոնում, այսինքն՝ միշտ ցանկացել են, որ կամ կարողանան ինձ աշխատանքից ազատել, կամ գնալ Կենտրոնի լուծարման ճանապարհով: Երեք տարբերակ փորձեցին դրան հասնելու համար, սակայն անգամ իրենց դրածո հոգաբարձուների խորհրդի անդամներով չկարողացան հասնել դրան: Այնուհետև ապօրինի կերպով հարցման կարգով ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը իբրև թե լուծարեցին, որը մենք աշխատակիցների հետ վիճարկեցինք դատական կարգով: Եվ հենց դատարանը վարույթ ընդունեց մեր հայցը, ես այդ ժամանակ ասել եմ, որ մինչև վերջնական դատական որոշումն այս ապօրինի որոշումը կայացնողներն իրենց աշխատասենյակներում չեն լինելու: Եվ ես պետք է նշեմ, որ հենց առաջին ապօրինի որոշում կայացնող հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը, ով եղել է իշխանությունների հանձնարարականների կատարողը ԵՊՀ-ում, այլևս չի պաշտոնավարում: Պետք է նշեմ, որ հիմա դատական փուլն ընթանում է, առաջիկա ամիսներին էլ կան դատական գործընթացներ, և ես վստահ եմ, որ շուտով մյուս հանձնարարական տվողը՝ Արայիկ Հարությունյանն էլ այլևս իր աշխատասենյակում չի լինի:
– Ինչո՞ւ եք օգտագործում «հեղաշրջում» բառը: Չէ՞ որ ժողովուրդը հեղափոխություն է արել:
– Ես ի սկզբանե էլ ասել եմ, որ տեղի է ունեցել պետական հեղաշրջում, և մենք տեսանք, որ այս տարիների ընթացքում այս իշխանությունները մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալեցին: Իսկ հեղափոխություն ասելով՝ հասկանում ենք մարդու կյանքի որակի կամ կրթական հեղափոխություն, այսինքն՝ հեղափոխական փոփոխություններ:
– Իշխանություններն ասում են, որ 30 տարի ավերած երկիրը հնարավոր չէր 2 տարում կարգի բերել:
– Նախ՝ երկիրը հիմա է ավերվում: 30 տարվա ընթացքում եղել են և՛ լավ, և՛ վատ բաներ, բայց այսօր փաստացի կարող ենք ֆիքսել, որ որևէ դրական դինամիկա չկա:
– Քանի՞ տարի է, որ ձեր կենտրոնը գործում է:
– Մեր կենտրոնը սկզբում եղել է բաժին, իսկ 2015 թվականից անվանվում է ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն: Իր գործառույթներով կենտրոնը գործում է մոտ 24 տարի, անվանումները փոխվել են, բայց գործառույթները նույնն են:
– Ինչո՞վ է զբաղվում կենտրոնը:
– Ուսանողական կազմակերպությունների հետ աշխատանքը ռեկտորատի կողմից իրականացվում է ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի միջոցով:
– Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ այդ աշխատանքները կարող են տարվել ուսխորհրդի միջոցով:
– Ոչ, ուսխորհուրդն ինքնակառավարվող մարմին է: Բացի ուսանողական խորհրդից, մենք ունենք նաև ուսսանողական գիտական ընկերություն, բայց բացի այս երկու ավանդական ուսանողական կազմակերպություններից, որոնք բոլոր բուհերում կան, մենք մեր աշխատանքի ընթացքում ստեղծել ենք տարբեր ուսանողական կառույցներ՝մարտական պատրաստության ակումբ, ռազմական ակումբ, ավագների, խորհուրդ, բնապահպանական կառույց, այսինքն՝ այնպիսի կառույցներ, որոնք կլուծեն կամ կհեշտացնեն ուսանողների խնդիրները կամ ավելի հետաքրքիր կդարձնեն նրանց առօրյան:
– Դուք կուսակցական եք, ՀՀԿ անդամ: Կենտրոնի աշխատակիցները նո՞ւյնպես ՀՀԿ անդամներ են:
– Կենտրոնն ունի 9 աշխատակից, բայց 5 դրույք: Կենտրոնի աշխատակիցներից որևէ մեկը ՀՀԿ անդամ չէ: Կենտրոնը միանշանակ կուսակցականացված չէ: Իմ կուսակցական սկզբունքն ու գաղափարախոսությունն ազգային-պահպանողականն է, և դրա համար եմ ես որոշել ընդգրկվել այդ կուսակցության շարքերը:
– Ինչո՞ւ արդեն 1 տարուց ավելի ԵՊՀ-ն ռեկտոր չունի:
– Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության ժամանակ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում էին, որ օպերատիվ կառավարման համար է, և շատ շուտով ԵՊՀ-ն կունենա ռեկտոր: Այնուհետև կարծում էինք, որ աշնանը կգումարվի հոգաբարձուների խորհրդի նիստ, որպեսզի մրցույթ անցկացվի, բայց այդ ժամանակ էլ չեղավ: Իշխանությունները պարբերաբար ձգձեցին այդ ընտրությունները, և երբ համալսարանականների շրջանում էլ արդեն դժգոհություններ առաջացան, նոր հայտարարեցին ռեկտորի թափուր հաստիքի համար մրցույթ մարտի 23-ին, բայց համավարակով պայմանավորված՝ հետաձգվեց ընտրությունը: Բայց ես պետք է ասեմ, որ, եթե կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունն էլ չլիներ, իշխանությունները չէին պատրաստվում: Քննարկվում էր նաև, որ տապալելու են, որովհետև իրենք իրենց համար ցանկալի թեկնածու չունեին: Թեկնածուները վաստակ ունեցող անձինք էին, բայց այս իշխանությունները նման մարդկանց թշնամաբար են վերաբերվում: Դեռևս խորհրդային տարիներից սկսած՝ ԵՊՀ-ն որևէ իշխանության համար հաճելի միջավայր չի եղել:
– Մի՞թե այդքան մարդուց իշխանությունները չկարողացան իրենց համար հաճելի թեկնածու ընտրել, ինչպես Դուք եք ասում:
– Կարևոր նախապայման է, որպեսզի ԵՊՀ ռեկտորը լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր: Իսկ դոկտոր-պրոֆեսոր լինելու համար պետք է լուրջ կյանքի ուղի անցնել, գիտական ասպարեզում ճանաչված լինել, բայց ես վստահ եմ, որ յուրաքանչյուրի մոտ ծիծաղ կհարուցի, թե այս իշխանությունների հետ դոկտոր-պրոֆեսորն ի՞նչ գործ ունի:
– Որքանո՞վ եք հավանական համարում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու մասին լուրերը, թեպետ գիտությունների դոկտոր չէ:
– Իր պարագայում դա դժվար իրագործելի խնդիր է, որովհետև նա գիտության հետ կապ չունի, բայց իրենք այլ ճանապարհ են ընտրել:
– Բայց ձեր իշխանության օրոք նա դասավանդել է ԵՊՀ-ում:
– Դասավանդել է, և չնայած իրեն թվացյալ հալածյալ ներկայացնելուն՝ դասավանդել է 1.75 դրույքով, եղել է ամենաշատ վարձատրվող դասախոսներից:
– Ամեն դեպքում, եթե ասում եք, որ նա գիտության հետ կապ չունի, ինչո՞ւ է ձեր իշխանությունը նրան ԵՊՀ-ում որպես դասախոս պահել:
– Միգուցե որպես դասավանդող դասախոս՝ մակարդակը բավարարել է, բայց որպես գիտությունների դոկտոր-պրոֆեսոր և ԵՊՀ ղեկավար՝ ես խիստ կասկածում եմ: Բայց պետք է նշեմ, որ այս իշխանությունները գնում են հակառակ ճանապարհով: Շրջանառվող Կրթության մասին օրենքում ռեկտորի համար պահանջվող պայմաններից հանվել է դոկտոր-պրոֆեսոր լինելու հրամայականը: Օրենքի ընդունումից հետո Արայիկ Հարությունյանը կբավարարի այդ պահանջին, բայց ես ուզում եմ նշել, որ նա չի կարող հավակնություն ունենալ ռեկտորի պաշտոնի, որովհետև ԵՊՀ-ն ատողը չի կարող ԵՊՀ ռեկտոր լինել: Նույն օրենքով նաև հոգաբարձուների խորհրդի անդամների փոփոխություն են կատարում, որ իրենց համար ցանկալի Խորհուրդ ձևավորեն: Բայց միայն հոգաբարձուների խորհուրդը չի, որ ռեկտոր է ընտրում: Ռեկտորը պետք է ունենա ԵՊՀ ուսանողների, դասախոսների և աշխատակիցների աջակցությունը: Ես հիմա չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց կոչ եմ անում Արայիկ Հարությունյանին՝ 5 ոլորտ տապալելուց հետո հրաժարվել ԵՊՀ ռեկտոր դառնալու մտքից, որովհետև ինքը չի կարող ԵՊՀ-ն ղեկավարել:
Մանրամասները՝ տեսանյութում