«Առնվազն տարրական դասարանների, առաջին դասարանների դասերի վերսկսկումը պետք է ապահովենք». ԿԳՄՍ նախարար
«Մենք սեպտեմբերի 1-ից կարող ենք լիարժեք սկսել դասերը, միայն, եթե հետևենք ցուցումներին». այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ավելի քան 400.000 աշակերտ ունենք, ինչը բավականին մեծ թիվ է:
«Բոլոր հնարավորություններն ունենք սեպտեմբերից դասերը սկսելու, բայց մի մեծ «բայց» կա, հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, մեր բնակչության մոտ կեսն են, ամենամեծ համայնքն են, որը կարող է երկրում շատ մեծ խնդիր լուծել: Իրավիճակը՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված, բարդանում է, թվերով դա արտահայտվում է, հիվանդացողների թիվը և մահերի թիվը վկայում են այն մասին, որ իրավիճակը բարդ է, այստեղ յուրաքանչյուրս մեծ անելիք ունի: Խստագույնս պետք է հետևենք ցուցումներին՝ դիմակ կրենք ցուցումներին համապատասխան, հաճախ ախտահանենք ձեռքերը, ամեն օր սա սովորեցնենք մեր երեխաներին, աշակերտներին»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը նկատեց, որ դպրոցների մեծ մասում պահպանվում են ԿԳՄՍՆ ցուցումները, բայց կան նաև դեպքեր, երբ մասսայական միջոցառումներ են կազմակերպվում դպրոցներում: Նրա խոսքով՝ նման պահվածքը կարող է խանգարել, որ դասերը վերսկսվեն սեպտեմբերից:
«Դպրոցական խնջույքների մասին լուրերն ու փաստերն ինձ համար տարօրինակ են: Մասսայական միջոցառումներով մենք հեռացնում ենք հնարավորությունը բնականոն կյանքին վերադառնալու: Հայաստանում շատ հաճախ մենք ապրում ենք մեր ծնողների, տատիկ-պապիկների հետ, ձեր երեխաներն ասիմպտոմ կտանեն հիվանդությունը, բայց մեծ հավանականությամբ՝ կվտանգեն տատիկ-պապիկների, ծնողների կյանքը»,- ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ չնայած հեռավար կրթությունը բավականին հաջող է իրագործվել, սակայն ունի բացասական կողմեր, այն է՝ սոցիալականացումը: Նախարարն անդրադարձավ նաև այն պնդումներին, թե նախարարությունը պատրաստվում է սեպտեմբերից էլ շարունակել հեռավար ուսուցումը:
«Դասերը սեպտեմբերից սկսելը մեր շատ մեծ ցանկությունն է: Որոշ պնդումներ կան, որ նախարարությունը պատրաստվում է սեպտեմբերի 1-ից շարունակել դասերը հեռավար մեթոդով: Դա նույնն է, որ ասեք՝ «դե, պատերազմ չկա Ադրբեջանի հետ, եկեք բանակ չպահենք ու չպատրաստվենք հնարավոր պատերազմի: Կորոնավիրուսի տարածումը և արտակարգ դրությունը պատերազմական վիճակ է՝ առանց ճակատի, մենք պետք է պատրաստ լինենք շատ տարբեր սցենարների: Եթե օգոստոսին գանք և հասկանանք, որ ունենք նույն իրավիճակը, եթե հետևենք ցուցումներին, կկարողանանք կանխել, բայց եթե ունեցանք այդ իրավիճակը, ապա պետք է դրան պատրաստ լինենք»,- ասաց նախարարը:
Հարությունյանն ամեն դեպքում պնդում է, որ ամեն ինչ անելու են՝ վերսկսելու գոնե առաջին և տարրական դասարանցիների ուսումնական գործընթացը:
«Առնվազն տարրական դասարանների, առաջին դասարանների դասերի վերսկսկումը պետք է ապահովենք: Ես հասկանում եմ, որ աշակերտը պետք է գնա դպրոց, միջավայրին ծանոթանա, որ, եթե նույնիսկ ինչ-որ մի փուլում հեռավարով շարունակի, ինքը դասերն ընկալելու, սովորելու, ուսուցչին ընկալելու հմտություններն ունենա»:
Նախարարին բարկացրել է այն, որ մի շարք ուսուցիչներ տարածում են չիպավորման և պատվաստանյութերի մասին լուրեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
«Զանգվածաբար մերժեք ապատեղեկատվությունը, անգրագետ, տգետ խոսակցությունները չիպավորման, 5G կայանների, վակցինաների մասին, որ կորոնավիրուսը դավադրություն է մեզ ոչնչացնելու համար: Մերժել, ծաղրել նման նորությունները: Ինձ համար անհասկանալի է, որ նման տեղեկություն տարածում են ուսուցիչները: Սա շարունակվելու դեպքում անհետևանք չի կարող լինել»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը նաև նշեց, որ պատրաստվում են ամառվա ընթացքում կազմակերպել այն աշակերտների ուսուցումը, որոնք դուրս են մնացել հեռավար ուսուցման գործընթացից: Ինչ վերաբերում է առաջին դասարանցիներին դպրոցում գրանցելու կարգին, նախարարը տեղեկացրեց.
«Առաջին դասարանցիների գրանցումները սկսվելու են հունիսի 1-ից: 1-10-ը գրանցվելու հնարավարություն կունենան այն երեխաները, որոնք տվյալ դպրոցում եղբայր, քույր կամ աշխատող ծնող ունեն, 10-ից հետո գրանցումը կլինի բոլորի համար: 2014թ.-ին ծնված բոլոր երեխաները պետք է սեպտեմբերի 1-ից գնան դպրոց»:
ԿԳՄՍ նախարարը կոչ արեց բոլոր ծնողներին գրանցել երեխաներին դպրոցներում՝ անկախ նրանից՝ սեպտեմբերի 1-ից դասերը կվերսկսվե՞ն, թե՞ ոչ: