«Խիստ կարանտինային ռեժիմի անցումը Կառավարության և պարետատան համար ոչ ցանկալի տարբերակն է, բայց այս սցենարը նույնպես քննարկվում է». Վարչապետի խոսնակ
Մայիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ Հայաստանում տիրում է բավականին ծանր վիճակ:
«Ըստ էության, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է և քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետևյալ հարցը, թե ինչքանո՞վ է պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին, և ինչքանո՞վ դրանք կարող են լինել ունիվերսալ։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշանակ է, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, և իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են, և խնդիրն այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը»,- ասել էր վարչապետը:
Վարչապետի այս հայտարարությունից հետո հանրության շրջանում մի շարք հարցեր առաջացան առ այն, թե Կառավարությունն ի՞նչ սցենար է քննարկում այս իրավիճակից դուրս գալու, վարակակիրների թիվը նվազեցնելու համար և, առհասարակ, ե՞րբ ամփոփեց կորոնավիրուսի առաջին ալիքը, որ այժմ գործ ունենք երկրորդ ալիքի հետ:
168.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը անդրադառնալով իրավիճակի հետ կապված Կառավարության կողմից քննարկվող հավանական սցենարներին՝ նշեց, որ վարչապետը երեկ իր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ կան մի շարք քայլեր, որոնց շուրջ այժմ պարբերաբար քննարկումներ են անցկացվում՝ նայած իրավիճակի զարգացումին, տեմպերին, թե ինչ տեղի կունենա:
«Այս պահի դրությամբ որևէ մեկը հրապարակման ենթակա չէ, ուղղակի կասեմ, որ՝ այո՛, քննարկումներ կան, տարբեր սցենարներ կան, որոնք քննարկվում են: Երկրորդ ալիք ասելով՝ վարչապետն ավելի շատ նկատի ուներ, որ, եթե առաջին շրջանում՝ մինչև խիստ սահմանափակումների անցնելը, վարակակիրների թվերն ավելի քիչ էին, ապա սահմանափակումները հանելուց հետո թվերը կրկնապատկվեցին, եթե ոչ՝ եռապատկվեցին: Այս պահին կարող եմ միայն կրկնել վարչապետի երեկվա ասածը, որ խիստ կարանտինային ռեժիմի անցումը Կառավարության և պարետատան համար ոչ ցանկալի տարբերակն է, բայց այս սցենարը նույնպես քննարկվում է: Ամեն դեպքում այժմ ամբողջ շեշտադրումը նրա վրա է, որ քաղաքացիները, բնակիչները պետք է հետևեն կանոններին: Իրականացվում է նաև խիստ վերահսկողություն՝ ինչպես ոստիկանության, այնպես էլ՝ տեսչական տարբեր մարմինների կողմից»,- շեշտեց վարչապետի խոսնակը:
Նա նաև ընդգծեց, որ Կառավարությունը և պարետատունն անընդհատ «ձեռքը պուլսի վրա են պահել», հետևել են զարգացումներին, արվել է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի առողջապահական համակարգը զինված լինի այնքանով, որքանով պետք է:
«Բոլորս էլ գիտակցել ենք, որ վիրուսը տարածվելու է, և ավելի շատ մարդիկ են վարակակիր դառնալու, բայց կառավարելի է: Մինչև այս պահն էլ իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի՝ հիվանդանոցների, բուժաշխատողների, թեստերի մասով որևէ խնդիր չկա»,- հավելեց Մանե Գևորգյանը:
Անդրադառնալով լուրերին, որ ռեստորաններում արգելվում են երգիչների ելույթները և թույլատրվում են միայն դիջեյների ելույթները, և մեր հարցին՝ պարետատունը նման որոշում ունի՞, Մանե Գևորգյանը պատասխանեց.
«Նման որոշում չկա, բայց առհասարակ ռեստորանների մասով, ցանկացած միջոցառում, որը ենթադրում է, որ սահմանված թվից ավելի շատ մարդու ներկայություն պետք է լինի, արդեն արգելված է: Եթե երգիչը երգում է, արդեն ենթադրվում է, որ այնտեղ ինչ-որ միջոցառում կա՝ կնունք, հարսանիք, ծնունդ, իսկ նման միջոցառումներն ընդհանրապես արգելված են, կապ չունի՝ դիջե՞յ է ելույթ ունենում, թե՞ էստրադային երգիչ»: