«Փնթի տանտիրուհիների նման են անում, տան կենտրոնը մենակ մաքուր լինի». Սոնա Աղեկյանը՝ աղբահանության մասին
Աղբի խնդիրը նորից ակտուալ է դառնում: Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը երեկ ահազանգերի հետքերով շրջել է մայրաքաղաքի մի շարք հատվածներում: 168.am-ի հետ զրույցում ավագանու նախկին անդամն ասաց, որ չնայած քաղաքի կենտրոնական փողոցներում աղբ չկա, բայց նույնը չի կարելի ասել ծայրամասերի և բակերի մասին:
«Ինձ շատ են զանգահարում Շենգավիթից՝ Երրորդ մաս, Գարեգին Նժդեհի հրապարակ, Բագրատունյաց պողոտա, Արշակունյաց, և 3-4 օր է Քանաքեռ-Զեյթունի բազմաբնակարան շենքերից են զանգահարում, որտեղ աղբատար խողովակներ կան: Քանաքեռ-Զեյթունի աղբատարներից մեկում 15-20 առնետ ենք տեսել: Ահավոր էր: 5 հարկանիների մոտ էլ սատկած առնետ ենք տեսել: Քաղաքացիներից մեկը, ով շենքի լիազոր էր, չուզեց տեսախցիկի առաջ խոսել, բայց առանձին ասաց, որ մայիսի 21-ից հետո աղբը չեն տարել, ինքն անձամբ 8 անգամ զանգել է Քաղաքապետարանի թեժ գիծ, ասել են՝ կտեղեկացնենք, բայց ոչ մի փոփոխություն: Իրենք իրենց ուժերով ինչ-որ ճանապարհով գտել են պատասխանատուներին, եկել-տարել են աղբը, բայց լավ չեն հավաքել, ամբողջը թափվել է փողոցում, նույն օրն էլ անձրև է եկել, պատմում էին, որ փողոցը փակել է աղբը: Ես գալիս եմ այն համոզման, որ մեր քաղաքային իշխանությունն ի վիճակի չէ վերահսկողություն իրականացնել»,- ասաց Աղեկյանը:
Մեր նկատառմանը, որ կենտրոնական հատվածներում աղբահանությունը բավականին արդյունավետ է կազմակերպվում, Սոնա Աղեկյանն արձագանքեց, որ միայն կենտրոնական փողոցներն են մաքուր, անգամ Կենտրոն վարչական շրջանի բակերում կա աղբի խնդիր:
«Իմ ուղիղ եթերների մեկնաբանություններում մարդիկ գրում են, որ կենտրոնական հատվածների բակերում էլ ահավոր վիճակ է, օրինակ՝ Քաջազնունի կամ այլ փողոցներում: Փնթի տանտիրուհիների նման են անում: Տան կենտրոնը մենակ մաքուր լինի, աղբը լցնում են բազմոցի տակ, սեղանի, մահճակալի տակ, և վերջ: Հիմա խնդիրը ՍանիԹեքը չէ, հիմա խնդիրն իրենք են: Լինի ՍանիԹեք թե Աղբահանության համայնքային հիմնարկ, էս մարդիկ աղբահանության ծրագիր չունեն, չեն կարողանում նորմալ աղբահանություն անել, հետևողական չեն: Այն էլ՝ էս համաճարակի պայմաններում: Խայտառակ իրավիճակ է: Մեր քաղաքային իշխանությունը ի վիճակի չէ քաղաքը աղբից ու կեղտից մաքրել: Քաղաքն աղբից ու կեղտից մաքրելու ցանկություն ու քաղաքական կամք որ ունենային, պարգևավճարների, ամեն ինչի գումարն էլ կուղղեին, որ քաղաքը շնչեր»,- ասաց Աղեկյանը:
Ավագանու նախկին անդամն ասաց, որ վերջերս է վերադարձել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից, որտեղ իդեալական մաքրություն է, անգամ արևածաղկի կճեպ հնարավոր չէ գտնել:
«Ո՞նց է այդպես լինում, մենք նույն հայ մարդն ենք, այնտեղ կարգապահ ենք, այստեղ՝ ո՞չ: Եթե իմ տունը ես մաքուր եմ պահում, բնականաբար, երեխաներն էլ չեն կեղտոտում, եթե ձեռքներից մի բան ընկնում է, վերցնում-գցում են աղբարկղը, բայց եթե տունը փնթի է, թափթփված է, բնականաբար, ով գա՝ կեղտոտելու է, ասելու է՝ մի կեղտ ավել, մի կեղտ պակաս՝ ի՞նչ պետք է փոխվի: Եթե քաղաքական կամք, ցանկություն լինի, և քաղաքային իշխանության արած մեծ աշխատանքը երևա, վստահեցնում եմ՝ թեկուզ ամենափնթի մարդն էլ, որ սիգարետի մնացորդը պետք է նետի, չի նետելու, եթե տեսնի մաքուր է, չի նետելու: Մեքենայից շիշ նետող վարորդը Ստեփանակերտում այն պահում է մեքենայի մեջ, աղբարկղ է փնտրում: Ես մեղադրում եմ քաղաքային իշխանությանը, որ մեր քաղաքը մեկընդմիշտ չի մաքրվում: Բացի նրանից, որ տուրիստական քաղաք է, սա նաև երևանցու քաղաքն է, մարդը աշխատանքի գնալուց-գալուց պետք է հաճույք ստանա»,- նկատեց Աղեկյանը:
Ավագանու նախկին անդամն ասում է, որ այս խնդրով այլևս Քաղաքապետարան չի դիմելու, այլ երկուշաբթի օրը հարցում է ուղարկելու վարչապետին:
«Ուզում եմ հարցնել, թե ի՞նչ եք մտածում քաղաքի աղբահանության հարցում, համաճարակ է, այս պայմաններում ամեն ինչ ուզում եք անել, սահմանափակումներ եք կիրառում, տուգանքներ եք սահմանում, բա մենք ձեզ ո՞նց տուգանենք: Ժողովուրդը պետք է տուգանքի ձև մտածի, քաղաքային իշխանությանը տուգանի մեզ աղբի մեջ թաղելու համար: Նորից ամառը սկսվել է, նորից աղբի մասին պետք է խոսե՞նք»:
Աղեկյանը նաև ասաց, որ քաղաքում բավականին քիչ են աղբամանները, նաև դա է պատճառը, որ մարդիկ աղբը գետնին կամ աղբամանի կողքն են գցում:
«Գարեգին Նժդեհի հրապարակում՝ դեպի Առաջին մաս և դեպի Հայրենիք կինոթատրոն բարձրացող հատվածում, նկատեցի, որ ընդամենը մեկ շատ փոքր աղբաման է դրված՝ զամբյուղներից՝ փայտե և երկաթե: 11:40 արդեն լցված էր, մարդիկ տեսնում են՝ լիքն է, կողքն են գցում: Պարտավոր են պարգևավճարների, հավելավճարների հաշվին շատացնել աղբամանները»: