«Եթե դու սիրում ու հարգում ես քո ազգը, ինչո՞ւ ես նրան ցավ պատճառում, դժվար է, չէ՞, ազգի համար». Իրինա Ծատուրյան

Հոգեբան Իրինա Ծատուրյանը 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում մարդիկ հոգեբանորեն բավականին բարդ իրավիճակում են հայտնվել.

«Հոգեբանության մի շատ մեծ ճյուղ կա՝ էթնոհոգեբանությունը, որը Հայաստանում իր մեջ ներառում է շատ տխուր պահեր՝ կապված մեր պատմության, մեր էթնոսի զարգացման, տարբեր տեսակի ջարդերի, Ցեղասպանության հետ: Մենք այն ազգն ենք, որն ունի բարձրացված նևրոտիզացիա: Մեր այցելուներից շատերն արդեն ապրիլի 23-ից, առանց հեռուստացույց նայելու, առանց լրատվամիջոցների հետևելու՝ վատանում են, որովհետև իրենց մեջ դա դրված է, որ ապրիլի 24-ն իրենց ցեղական արհավիրքը հիշեցնող պահն է: Ես խոսում եմ այն այցելուների մասին, որոնք ունեն զուգահեռ հիվանդություններ: Այսինքն՝ մենք իրար նկատմամբ պետք է շատ զգույշ լինենք, սիրով լինենք, նաև մեր կառավարությունը պետք է մեր նկատմամբ այդպես լինի: Համագործակցությունը պետք է անընդհատ լինի, որովհետև ցանկացած բացասական բան հնից եկած տրավմաներն ավելի է ընդգծում: Հիմա եկավ մի վիրուս, որն իր հետ բերում է մահ: Հետևաբար՝ մենք պետք է միմյանց նկատմամբ ուշադիր լինենք»:

Հոգեբանի խոսքով՝ վերջին տարիներին մեզանից ամբողջովին հեռացել է հաղթողի հոգեբանությունը. «Մենք անընդհատ պարտված ենք, անընդհատ ասում ենք՝ շատ սիրուն էր՝ ծաղիկ էլ հանեց: Շատ լավ կլիներ, որ մեր կառավարությունն առաջին իսկ օրվանից հասկանար՝ ինչ սխեմա է: Մյուս երկրներում հետևողական էին, իրարամերժ բաներ չկային: Հետո շատ երկրների ղեկավարներ ասացին՝ ժողովուրդ, դուք էնքան լավ եք պահել կարանտինը, որ բան չմնաց, մենք դա էլ կհաղթենք: Մեզ մոտ չկան այդ նախադասությունները. մեզ մոտ միայն հետևյալն է՝ ո՞նց է ոչ գրագետ ծնողը մեծացնում իր երեխային՝ միայն պատժում է, բայց չի նստում-խոսում: Այլաբանորեն ասած՝ չի նստում բացատրի, թե ինչո՞ւ է, օրինակ՝ դիմակ կրելը կարևոր, չի ասում, որ դա կարևոր է նաև նրա համար, որ մարդիկ իրար հետ չթշնամանան, երբ մեկը դիմակ է կրում, իսկ մյուսը՝ ոչ: Ես բազմաթիվ այցելուներ եմ ունենում, որ ասում են՝ մտա խանութ, նրա վրա գոռացի և դուրս եկա, որովհետև առանց դիմակի էր խանութ մտել: Հաղթողի թեման պետք է անպայման դրվի, ասենք, որ մենք սա էլ կհաղթահարենք, ուղղակի պետք է մի փոքր համբերություն ունենանք»:

Իրինա Ծատուրյանին խնդրեցինք իր վերաբերմունքն արտահայտել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից արվող հրապարակումների վերաբերյալ, մասնավորապես՝ գիշերը ժամը 1-ից հետո նախարարի արած հետևյալ գրառման.
«Ծանր վիճակում պացիենտ՝ 271
Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53
Արհեստական շնչառության սարքին միացված պացիենտ՝ 18»:

Ի պատասխան՝ նա ասաց, որ բոլոր այդ թվերը վտանգավոր են, և ամբողջ աշխարհի առողջապահության նախարարները հասկացել են, որ բացի վախից՝ դա ոչինչ չի տալիս.

«Հոգեթերապիայի մի ուղղություն կա, որը համարում է, որ վախը դառնում է բոլոր հիվանդությունների հիմք: Կարող են ասել, որ դա կասկածելի է, բայց թող լինի 80 տոկոս հիվանդությունների հիմք, որն էլի քիչ չէ: Օրինակ՝ այն ժամանակ մեր ամեն գյուղ ունեցել է «վախ բռնող», այսինքն՝ մարդիկ հասկացել են, որ վախը չի կարող առողջությանը նպաստել և դա կարող է շատ ծանր հետևանքների բերել: Դրա համար մենք պետք է այնպես ապրենք, որ վախը ոչ մի դեպքում չշատացնենք, որովհետև կորոնավիրուսից հետո կունենանք շատ ավելի ծանր հետևանքներ, քան կարող է ունենալ կորոնավիրուսը: Իհարկե, ո՛չ քնելուց առաջ, ո՛չ առավոտյան չի կարելի նման հրապարակում անել: Այդ ինֆորմացիան, բացի տագնապից՝ ի՞նչ է տալիս: Ինֆորմացիան այն ժամանակ է լավ աշխատում, երբ ունի իմաստ»:

Դիտարկմանը՝ գուցե այս կերպ մարդկանց փորձում են վախեցնել, որ խստորեն հետևեն սահմանված կանոններին, հոգեբանն այսպես արձագանքեց. «Տեսեք՝ Դուք էլ ասացիք՝ վախեցնել, ուրեմն՝ հետո մենք պետք է մտածենք, թե ոնց այդ վախերը հանենք, առանց այդ էլ, նորից եմ ասում՝ մեր ժողովրդին շատ վախեցնել պետք չէ, որովհետև մենք արդեն վախեցած ենք. քրիստոնեություն ընդունելուց հետո կամաց-կամաց սկսել ենք վախեր հավաքել, և դա 1700 տարուց ավելի է: Մենք պետք է փորձենք այդ վախերից ազատել հանրությանը, ոչ թե հաթաթա տանք՝ այ, դուք դիմակները չկրեցիք, այ, դուք առանց ձեռնոցների մտաք: Գիտե՞ք՝ ես ինչ եմ տեսնում՝ մենք իրար շարունակում ենք չսիրել, բայց այդ աստիճանի՞: Ոչ մեկի կողմից սեր չեն ստանում մարդիկ: Առհասարակ, ի՞նչ է վախը՝ ենթադրությանը հավատալն է, որ կարող է՝ ես մեռնեմ: Պետք է զգուշություն ցուցաբերենք, որ հնարավորինս երկար և առողջ ապրենք, բայց երբ խուճապ է սկսվում, մարդն ընկնում է ծանր վիճակի մեջ: Դրա համար մարդկանց հետ պետք է աշխատել, պետք է ասել, որ ձախորդ օր է՝ կգնա, ընդամենը պետք է դիմակ և ձեռնոց կրել, անընդհատ հիշել, որ մահացության թվերը լոկ թվեր են, եթե նույնիսկ սեզոնային գրիպից մահացության թվերն ունենայինք, դրանք շատ չէին տարբերվի: Եթե թիվը տալիս են, հետևից պետք է դարմանող տեքստ լինի, թե չէ ստացվում է՝ ես ինչ անեմ, ինչ չանեմ՝ կարող է վարակվեմ»:

Հետաքրքրվեցինք՝ իշխանությունները՝ վարչապետ, պարետ, առողջապահության նախարար, պարբերաբար իրար հակասող հայտարարություններ են անում, բայց մեղադրում են հասարակությանը, որ չեն պահպանում սահմանված կանոնները. այն հասարակությանը, որի մասին 2018թ. գործող իշխանություններն ասում էին, թե քաղաքացիական բարձր գիտակցություն ունի, ինքնակազմակերպվում է: Այսօր որքանո՞վ է ճիշտ այդ հասարակությանն անվանել անկազմակերպ, ցածր ինքնագիտակցություն ունեցող, և այլն:

«Սովորաբար, նման իրարամերժ հայտարարություններն արվում են այն դեպքում, երբ առանց հետազոտությունների, ուղղակի էմոցիոնալ ալիքի վրա եզրակացություններ են արվում: Մեր ազգը շատ լուրջ հետազոտության խնդիր ունի՝ մեր ազգն ինքն էլ պետք է հասկանա, որ մինչև մի բանից ոգևորվելն ու ուրախանալը, պետք է իմանա՝ դրա հետևանքները որո՛նք կարող են լինել: Հիմա էլ դա կա՝ էլի լուրջ չենք ընդունում, ինչպես 2 տարի առաջ, երբ միայն ոգևորությունը կար, որ, եթե մեկը գնաց՝ ով եկավ՝ լավ կլինի: Չէ՞ որ դա մանկական մոտեցում է: Այն ժամանակ, իհարկե, շատ աշխատեց ամբոխի հոգեբանությունը, իսկ ինչ վերաբերում է ներկային, ես զգում եմ մի բան, որը ցավալի է՝ ես սեփական ժողովրդի նկատմամբ հարգանք չեմ տեսնում: Եթե դու սիրում ու հարգում ես քո ազգը, ինչո՞ւ ես նրան ցավ պատճառում. ցավ պատճառել չէ՞՝ ինչ-որ խոստումներ տալ և չկատարել: Դժվար է, չէ՞, ազգի համար: Շատերը, որոնք արդեն որերորդ անգամ գնացին և հավատացին, իրենք հիմա շատ ավելի ծանր վիճակում են, և չի բացառվում, որ հենց դա էլ նպաստում է նրան, որ հիմա չեն հավատում: Երկու տարի առաջ հավատացին՝ տեսան՝ ինչ եղավ, հիմա էլ չեն հավատում»,- ի պատասխան՝ ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս