
Ասիմպտոմ դուրս գրվածները, որոնք թեստի բացասական պատասխան չունեն, չեն համարվում առողջացած. Ալինա Նիկողոսյանը՝ Արամ Բաբաջանյանի հարցադրումների մասին

Երեկ hetq.am հետաքննական կայքը «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերնագրով հոդված էր հրապարակել, որտեղ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արամ Բաբաջանյանը պատմում էր, որ իր և իր կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, 10 օր բուժում ստանալուց հետո նրանց առանց թեստավորման դուրս են գրել հիվանդանոցից, իրենց հետ՝ նաև 15 հոգու: Բաբաջանյանի խոսքով՝ իրենք եկել են տուն, զանգել են տարածքային պոլիկլինիկա, որ շարունակեն բուժումը, և իրենց ասել են, որ պոլիկլինիկաները նման ցուցում չունեն:
168.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պնդեց, որ Քաղաքապետարանի հետ գործընթացը նախօրոք համաձայնեցված է եղել:
«Իհարկե, համաձայնեցված է եղել, առանց համաձայնեցնելու՝ չէր կարող լինել այդ ընթացակարգը: Ե՛վ համաձայնեցված է եղել, և՛ պոլիկլինիկաների բոլոր աշխատակիցները անցել են թրեյնինգներ, և՛ ստացել են պաշտպանիչ միջոցներ, և՛ ծանոթացել են, թե ո՞նց պետք է վարվի ընթացակարգը հիվանդների հետ: Բոլոր պոլիկլինիկաները ցուցում ունեցել են»,- ասաց Նիկողոսյանը:
Մեր հարցին, թե ահազանգի հետքերով ԱՆ-ից զանգե՞լ են պոլիկլինիկա, ստուգե՞լ են ահազանգի ճշմարտացիությունը, Ալինա Նիկողոսյանը պատասխանեց.
«Ես չգիտեմ, թե որ պոլիկլինիկան է, նյութում պոլիկլինիկայի հասցե չկա գրված: Եթե Արամ Բաբաջանյանը նման բողոք ունի, կարող է մեր թեժ գիծ զանգել, հայտնել պոլիկլինիկայի համարը, ինչպես մյուս քաղաքացիները բողոքներ են ունենում, զանգում են այդ ընթացակարգով, որպեսզի մենք էլ իմանանք, թե որտեղ է տեղի ունեցել, մենք չենք կարող դա օդից իմանալ: Ես կոնկրետ Արամ Բաբաջանյանի համարը չունեմ, որ կարողանամ ճշտել»:
Արամ Բաբաջանյանը hetq.am-ին պատմել էր, որ իրենց դուրս գրելուց չեն թեստավորել, բայց դուրս գրվածների մեջ եղել են նաև մարդիկ, որոնք ունեցել են թեստի դրական պատասխան: Մեր հարցին, թե նման վիճակում դուրս գրվածները առողջացածների՞ վիճակագրության մեջ են, թե՞ այլ կատեգորիայում են գտնվում, Ալինա Նիկողոսյանը պատասխանեց.
«Իրենց հիվանդությունը հիմա վարվում է տանը: Իրենք սիմպտոմատիկա չունեն և հիվանդանոցում չեն կարող գտնվել, դրա համար տեղափոխվում են տուն, դրա համար է պոլիկլինիկայի միջամտությունը, նրանք պետք է հետևեն ընթացքին հիվանդության: 10 օր մարդը գտնվել է հիվանդանոցում և բուժում է ստացել, չունի սիմպտոմատիկա, ինքն արդեն ասիմպտոմ դեպք է համարվում, հետագա բուժումը շարունակում է պոլիկլինիկան: Մինչև թեստ չդրվի, բացասական չլինի, չեն կարող համարվել առողջացած»:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականը նաև նշել էր, որ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում», որտեղ իրենց բուժել են 10 օր, ընդամենը 1 թոքաբան է եղել 40 հիվանդի համար: Ալինա Նիկողոսյանն ասաց, որ չի կարող նշել, թե Բաբաջանյանի այնտեղ գտնվելու ժամանակ քանի՞ թոքաբան է աշխատել:
«Այդ հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդիկ հետ են եկել կյանք: Ամեն ինչ այնտեղ կազմակերպվում է այնպես, ինչպես անհրաժեշտ է: Չեմ կարծում, որ հիվանդանոցի ներքին աշխարհը ենթակա է հրապարակման, ես անգամ այս ամենը չէի ուզենա հրապարակել, բայց քանի որ բանը հասել է դրան, ստիպված եմ եղել»,- ասաց Նիկողոսյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ Արամ Բաբաջանյանը պահանջել է էպիկրիզ, որն իրեն չեն տվել, Նիկողոսյանն ասաց, որ իր տվյալներով՝ հիվանդներին տալիս են թուղթ, որը փոխարինում է նաև էպիկրիզին: