Բաժիններ՝

Եթե վարորդի կողմից խախտվի պարետի որոշման համապատասխան պահանջը, ապա տվյալ կազմակերպության ղեկավարը կտուգանվի 100-300.000 դրամով, ուղևորն էլ՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով

«Շրջայցերի ժամանակ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։  5-օրյա ժամանակահատվածում շեշտը դրել են մշտադիտարկման և կանխարգելիչ գործողությունների վրա, որոնք կրել են իրազեկման բնույթ, քանի որ տրանսպորտի համակարգի համար աննախադեպ իրավիճակ է»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

Նրա փոխանցմամբ՝ երթուղիների մեծ մասի համար շահավետ չէ կատարել ուղևորափոխադրում, բայց, այնուամենայնիվ, իրականացվում է, և հիմա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ միասին քննարկում են օպտիմալ լուծումներ գտնելու հարցը։

«Ուղևորահոսքի նվազ  տեմպը պահպանելու դեպքում հնարավոր է ժամանակավոր չվացուցակի, այլ միջոցառումների կազմում, որպեսզի ինչ-որ կերպ շահավետ լինի տրանսպորտային կազմակերպությունների համար։ Հույս ունենք, որ այն կազմակերպությունները, որոնք դեռևս ցածր տեմպով են աշխատում կամ ընդհանրապես հրաժարվել են դուրս գալ երթուղի, կսկսեն աշխատել»,- նշեց Արտյուշ Գրիգորյանը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը հայտնեց, որ մայիսի 18-ից, երբ հանրային տրանսպորտը վերսկսել է իր աշխատանքը, տեսչական մարմինը միանգամից իրականացրել է իրազեկման աշխատանքներ՝ հանրային տրանսպորտում գործունեության իրականացնող կազմակերպությունների շրջանակներում։

Տեղեկատվական թերթիկներ են բաժանել, պարզաբանել մի շարք հարցեր։

Նշեց, որ ՀՀ-ում հանրային տրանսպորտում ներգրավված են մոտ 3500 տրանսպորտային միջոցներ, որոնք իրականացնում են ուղևորափոխադրումներ, և 20-25.000 տաքսի ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձինք։

«Հսկողություն են իրականացնում, որ վարորդներն ու ուղևորները պահպանեն պարետի որոշմամբ սահմանված կանոնները, որը վերաբերում է դիմակներ, ձեռնոցներ կրելուն, ախտահանիչ նյութերի առկայությանը։ Հանրային տրանսպորտում, եթե վարորդի կողմից խախտվի պարետի որոշման համապատասխան պահանջը, ապա տվյալ կազմակերպության ղեկավարը սահմանված կարգով և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին համապատասխան հոդվածով կարող է տուգանվել 100-300.000 դրամով։ Իսկ եթե ուղևորն է պահանջը խախտում,  ապա պատասխանատվության կարող է ենթարկվել նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ Երթուղին կարող է դադարեցվել, քանի դեռ որոշման պահանջը չի իրականացվել»,- մանրամասնեց Արտյուշ Գրիգորյանը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի փոխանցմամբ՝ Երևանի տարածքային բաժանմունքի կողմից 5 օրվա ընթացքում հայտնաբերվել է պարետի որոշումների խախտումների 180 դեպք։ Մի դեպքում եղել են ուղևորներ՝ առանց դիմակների, մյուս դեպքերում եղել են ուղևորներ, ովքեր նստել են վարորդի կողքին։ Իսկ նման դեպքերում ցուցում է տրվում, ուղևորը հետնամասում է նստում, իսկ դիմակ չկրելու դեպքում երթևեկությունը դադարեցվում է, ուղևորը կարող է իջեցվել տաքսի մեքենայից։

Բանախոսն ընդգծեց, որ տրանսպորտային միջոցներն օրական նվազագույնը երկու անգամ պետք է ախտահանվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս