Բաժիններ՝

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձներ է ստացել

Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Արթուր Թովմասյանին այսօր օրհնանքի և շնորհավորանքի ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ աշխատակազմը։

Ուղերձում մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո պրն Թովմասյան,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կարևոր առաքելություն ունի երկրի ինքնիշխանության ամրապնդման և Արցախ աշխարհի քրիստոսասեր Մեր զավակների համերաշխ, բարգավաճ ու բարվոք կյանքի կառուցման գործում:

Առ Աստված աղոթքով Բարձրյալի զորակցությունն ենք հայցում Ձեզ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ արդյունավորելու Ձեր օրենսդիր առաքելությունը հայրենաշեն ու ազգօգուտ ձեռքբերումներով ու հաջողություններով:

Մաղթում ենք, որ Երկնավորն Իր Ամենազոր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու անսասան պահի Արցախի Հանրապետությունը և առատապես օրհնի Արցախի հավատավոր Մեր զավակներին:

Թող Տերն օրհնի Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին՝ շնորհելով ամենքիդ արևշատ կյանքի երկար տարիներ և բյուր բարիք»:

Ազգային ժողովի նորընտիր նախագահին այսօր շնորհավորական ուղերձներ են հղել նաև Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ալեքսանդր Կորշունովը, Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների տան՝ Հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը և Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս