«Եթե քաղաքական ուժը երկիրը հասցնում է ճգնաժամի և փորձում ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, նշանակում է՝ վարչապետը պետք է հրաժարական տա». Քաղտեխնոլոգ

Ազգային անվտանգության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր թվիթերյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հայաստանում համավարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակին, և ընդգծել, որ հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել հակաճգնաժամային կառավարություն:

«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։
Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը՝ դուրս կբերի երկիրն այս ծանր իրավիճակից»,- գրել էր նա:

Արթուր Վանեցյանի գրառմանն անդրադարձել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն:

  1. Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր)
  2. Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)
  3. Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)»:

Արսեն Թորոսյանի այս գրառումը բուռն քննադատությունների արժանացավ սոցիալական ցանցում: Օրինակ, իրանագետ Արմեն Վարդանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մասնագիտության բերումով ամեն օր CNN, BBC, Al-Jazeera և իրանական կայքեր եմ նայում ու էսքան վախտ չեմ տեսել, որ որևէ լուրջ երկրի առողջապահության նախարար ոչ մասնագիտական գրառում անի ու բոցեր անի քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Իրանք միայն պատասխանում են իրենց ուղղված մասնագիտական քննադատությանը։ Էս երկիրը մի սարքեք Շապիտո))»:

Իսկ հրապարակախոս Կարպիս Փաշոյանն էլ նկատել է. «Այսօր նույնիսկ վարչապետը փաստեց, որ վիճակը շատ ավելի ծանր է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Հայտարարությանը հետևեցին առողջապահության նախարարի արտակարգ միջոցառումները՝ շուլուխները։ Ուրախների և հնարամիտների կառավարություն»։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադառնալով Արթուր Վանեցյանի գրառմանը և առհասարակ հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու անհրաժեշտությանը, նկատեց՝ կառավարությունը հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու մասին չի մտածում, որովհետև եթե սկսի խոսել դրա մասին, ապա դրանով կընդունի, որ երկրում ճգնաժամ է: Իսկ եթե ընդունեց, որ երկրում ճգնաժամ է, ապա ստիպված պետք է ընդունի նաև, որ իրավիաճակն ինքն է ճգնաժամի հասցրել:

«Հարցն այն է, որ, եթե վերը թվարկած հանգամանքները Կառավարությունն ընդունի, ապա իշխանությունները պետք է նաև ընդունեն, որ պիտանի կառավարիչներ չեն, ուստի պետք է հեռանան: Եթե քաղաքական ուժը երկիրը հասցնում է ճգնաժամի և փորձում ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, նշանակում է, որ այն իր տեղում չէ, ինչն էլ ենթադրում է վարչապետի հրաժարական: Բայց մենք գիտենք, որ վարչապետն այն գաղափարն ունի, որ ինքը միշտ ճիշտ է, պարզապես դժգոհող զանգվածներ կան, որոնք չեն նկատում իր աշխատանքը: Վարչապետն այս պահի դրությամբ հակված չէ ընդունելու իր սխալները, նույնը՝ Կառավարության այլ անդամներ, այդ պատճառով էլ Կառավարությունը չի ընդունում հակաճգնաժամային Կառավարություն ձևավորելու այս գաղափարները և դրանց վերաբերյալ առաջարկներին չի արձագանքում»,- նշեց Արմեն Բադալյանը:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի առաջարկին, ապա, ըստ քաղտեխնոլոգի՝ նա երկրում ստեղծված իրավիճակը ճիշտ է գնահատել, այդ պատճառով էլ նման առաջարկ է արել:

«Վանեցյանը տեսնում է, որ երկրում կարող է ճգնաժամ առաջանալ, քանի որ այսօր արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակված 335 դեպք, մահացածների թիվն է ավելացել, այսինքն՝ տեսնում ենք, որ վարակվածների թիվը գնալով չի նվազում: Այս տեմպերով գնալու դեպքում իսկապես հումանիտար աղետ կարող է լինել, ինչը նշանակում է, որ և՛ մահացածների թիվը կավելանա, և՛ վարակվածների: Իսկ սա իր հերթին՝ կհարվածի տնտեսությանը, տնտեսությունն այլևս չի կարողանա գումար ստեղծել, ինչն էլ իր հետ կբերի աղետալի վիճակի»,- ընդգծեց նա:

Նրա կարծիքով՝ հակաճգնաժամային կառավարության ձևավորումը 50 տոկոսանոց աշխատող ծրագիր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանության ներսում արդեն ճաքեր կան, և դրա ձևավորումը չի կարող ամբողջովին արդյունավետ աշխատել:

Անդրադառնալով Առողջապահության նախարարի գրառմանը՝ Արմեն Բադալյանն ասաց, որ պետք չէ զարմանալ, քանի որ սա Արսեն Թորոսյանի առաջին հեգնական գրառումը չէ: Քաղտեխնոլոգը հիշեցրեց Թորոսյանի այն հայտարարությունները, որ կորոնավիրուսը լուրջ հիվանդություն չէ, կամ՝ Կորեայից է եկել և բոլորին կվարակի, և այլն:

«Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս եղած քաղաքական ղեկավարների ոչ համարժեքությունն ու ադեկվատությունը ստեղծված իրավիճակին: Նման պայմաններում Առողջապահության նախարարն առնվազն հրաժարական պետք է ներկայացներ, նրա հեգնական արտահայտությունների հետևանքը տեսանք՝ 70-ից ավելի մահերը: Օրինակ՝ Առողջապահության նախարարը լինելով քաղաքական գործիչ՝ կարող է հայտարարություն անել այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց հայտարարություն անելուց առաջ պետք է լավ մտածի, էլի, մարդուն ուղեղը դրա համար է տրված»,- եզրափակեց Արմեն Բադալյանը:

Տեսանյութեր

Լրահոս