
Որո՞նք են լավագույն սմարթֆոնները՝ օգտատերերի բավարարվածության առումով

Միացյալ Նահանգներում ամեն տարի կազմվում է հաճախորդների բավարարվածության ցուցանիշը՝ տարբեր սմարթֆոնների սեփականատերերի շրջանում։ Apple-ը շահում է հաջողված սարքերի քանակով, բայց բոլոր մոդելների շարքում 2018 թվականի Samsung-ի ֆլագմենը դարձավ լավագույնը:
Հաճախորդների բավարարվածության ինդեքսը կազմվում է հարցումների միջոցով. կազմակերպությունը հարցնում է տարբեր սմարթֆոնների սեփականատերերին՝ արդյո՞ք նրանք գոհ են իրենց սարքից: Հարցումն անցկացվել է նախորդ տարվա ապրիլի 15-ից մինչև 2020 թ. մարտի 20-ը 27 հազար օգտագործողների շրջանում: Այդ մասին հայտնում է Appleinsider.com-ը:
Արտադրողների վարկանիշում լավագույն սմարթֆոններն Apple-ինն են եղել. iPhone-ի բոլոր սեփականատերերի 82%-ը գոհ է իրենց սարքերից: Դրանք միայն մի փոքր գերազանցեցին Samsung Galaxy սմարթֆոններին, որոնցից գոհ էր օգտվողների 81%-ը: 79% բավարարվածության ինդեքսով LG սմարթֆոնները երրորդ տեղում են, իսկ Motorola-ն՝ չորրորդում՝ 77% ինդեքսով:
Բոլոր մոդելների համար կա առանձին վարկանիշ: Ամենահաջող սմարթֆոնը 2018-ի Galaxy Note9 ֆլագմենն էր․ դրա սեփականատերերի 85%-ը գոհ է սմարթֆոնի աշխատանքից: Դրանից հետո iPhone XS Max-ը, Galaxy S9 +-ը և Galaxy S10-ն են՝ մեկ վարկանիշով՝ 84%: Միևնույն ժամանակ, վարկանիշային աղյուսակում չեն ներառվել ներկայիս ֆլագմեններ Galaxy Note10-ը կամ նոր iPhone 11-ը:
Սիրարփի Աղաբաբյան