«Բավարիան» ցանկանում է պահել Կոուտինիոյին մինչև օգոստոս
«Բավարիան» ցանկանում է երկարաձգել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի վարձակալությունը մինչև այս մրցաշրջանի ավարտ:
Ըստ Mundo Deportivo-ի, եթե Կոուտինիոյի վնասվածքից վերականգնումը գնում է ըստ պլանի, նա հունիսի կեսերին կկարողանա վերադառնալ խաղադաշտ: Հավանաբար, նա կխաղա Բունդեսլիգայի վերջին տուրերի հանդիպումներում:
Կոուտինիոն կարող է մարզավիճակ հավաքել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի համար, եթե «Բավարիան» ի վիճակի լինի հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը: Նաև բրազիլացին կարող է դաշտ մտնել Չեմպիոնների լիգայի խաղերում, որոնք նախատեսում են անցկացնել օգոստոսին:
Դա հնարավոր դարձնելու համար «Բավարիան» պետք է երկարաձգի վարձակալությունը մինչև օգոստոսի վերջ: Ինչպես նշվեց, գերմանական ակումբը ցանկանում է դա անել, բայց պետք է «Բարսելոնայի» համաձայնությունը:
Հաղորդվում է նաև, որ «Բավարիան» դեռ չի տեղեկացրել Կոուտինիոյին վարձակալության ժամկետը երկարաձգելու ցանկության մասին:
Ապրիլի 24-ին Կոուտինիոն վիրահատվել է աջ կոճի վնասվածքի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հետաքրքրություն կիսապաշտպանի նկատմամբ ցուցադրել են «Նյուքասլը», «Չելսին» և «Լեսթերը»: «Բավարիան» նրան գնելու պլան չունի:
Սիրարփի Աղաբաբյան