Բաժիններ՝

«Տավուշ տեքստիլի» դիմակների արտադրության գործընթացում ռիսկային ոչինչ չկա». Հայկ Չոբանյան

«Տավուշ տեքստիլի» դիմակների արտադրամասերին ոչինչ չի սպառնում, դրանք   գտնվում են Բերդում և Արծվաբերդում։ 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Հիշեցնենք, որ վերջերս նա 168.am-ին վստահեցրել էր, որ դիմակների արտադրությունը, առհասարակ, կազմակերպվում է բոլոր ստանդարտներին համապատասխան. գործարանն ունի ախտահանման առանձին հոսքագիծ, ուլտրամանուշակագույն բաղադրիչ:

«Շատ լրատվամիջոցներ խուճապ են ստեղծել դիմակների հետ կապված։  Դիմակների արտադրության գործընթացում ռիսկային ոչինչ չկա, ամեն ինչ իրականացվում է խիստ հակաբակտերիալ միջավայրում։ Դադարեցվել են միայն գործարանի 2՝ շինարարական ձեռնոցների և գործվածքային արտադրամասերը, մնացած արտադրամասերն աշխատում են։ Անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ հսկողության տակ է»,- նշեց Տավուշի մարզպետը:

Հարցին ի պատասխան, թե գործարանում աշխատակիցների ջերմաչափում իրականացվո՞ւմ է, Հայկ Չոբանյանը վստահեցրեց. «Ոչ միայն ջերմաչափում, այլև բոլոր կանոնները խստորեն պահվում են»։

Հավելենք, որ ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնել էր, որ շինարարական ձեռնոց և բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլի» արտադրամասերից մեկում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք:

168.am-ի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի լրատվության բաժնի պատասխանատու Լիլիթ Սարգսյանն էլ նշել էր, որ վարակման դեպքերն արձանագրվել են Բերդի արտադրամասում. «հնարավոր շրջանակը մեկուսացված է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս