Բաժիններ՝

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել վարկեր տրամադրելու պատրվակով խարդախություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից, վարկեր տրամադրելու պատրվակով, տարբեր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը խմբի կազմում, ինչպես նաև միայնակ, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2020թ. փետրվարից ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում արագ վարկ տրամադրելու մասին հայտարարություններ է տեղադրել «Ֆեյսբուք» սոցիալական կայքում, որի միջոցով վերջինիս հետ կապ հաստատելով՝ տարբեր քաղաքացիներ իրենց անվամբ վարկ ձևակերպելու ցանկություն են հայտնել:

Երիտասարդը, ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից, քաղաքացիներից պահանջել ու ստացել է նրանց անձնագրային տվյալները, որոնք առցանց եղանակով մուտքագրելով վարկային կազմակերպության կայքում, ձևակերպել է վարկային հայտեր, որոնք հաստատվել են: Գումարը տրամադրելու նպատակով երիտասարդը հանդիպել է նրանց հետ, վերջիններիս տրամադրել վարկի գումարները: Այնուհետև վարկային կազմակերպության հաշվեհամարին հետ փոխանցելու պատրվակով վերջինս այդ գումարները վճարային տերմինալի միջոցով փոխանցել է իր էլեկտրոնային դրամապանակին, ապա տարբեր պատրվակներով հեռացել է՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելով նշված գումարներն ու քաղաքացիներին պատճառելով խոշոր և զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

Միջոցներ են ձեռնարկվում՝ խարդախությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու, հայտնաբերելու, ինչպես նաև՝ նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս