
Հնդկաստանում և Բանգլադեշում «Ամֆան» հզոր ցիկլոնը 14 մարդու կյանք է խլել

Հնդկաստանի և Բանգլադեշի արևելյան հատվածում «Ամֆան» հզոր ցիկլոնը մեծ վնասներ է հասցրել: Այն 14 մարդու կյանք է խլել, ավերել հազարավոր տներ:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նշվում է, որ ցունամիի գլխավոր հարվածն իր վրա է վերցրել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգը:
«Տուժել է նահանգի ամբողջ հարավային հատվածը: Մենք շոկի մեջ ենք: Վնասները գնահատելու համար կպահանջվի 3-4 օր: Ցիկլոնը վնասել է էլեկտրականությունը, ավերել բազմաթիվ տներ, կամուրջներ»,-ասել է նահանգի գլխավոր նախարար Մամատա Բեներջին: Նա նշել է, որ նվազագույնը 10 մարդ մահացել է: Նախարարն ընդգծել է, որ ավելի շատ վնաս կրեցին այս ցունամիից, քան կորոնավիրուսից:
Ցունամիի հետևանքով 4 մարդ է մահացել Բանգլադեշում: Այնտեղ իշխանությունները տարհանել են ավելի քան 2 մլն մարդու: Զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության:
Նշվում է, որ կորոնավիրուսը բարդացրել է ցունամիին դիմակայելու աշխատանքը: