
«Կոնվենցիայի վավերացումը կկարգավորի մի շարք հարցեր, որոնք կնպաստեն մանկապղծության բացահայտման և կանխարգելման գործին». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էի ,երեկ՝ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ հանդիպել ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին հանրության որոշ շրջանակներում հնչեղություն ստացած Լանզարոտի կոնվեցիայի մի շարք դրույթներ, որի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի՝ կձևավորվի աշխատանքային խումբ բաղկացած կրթության ոլորտի փորձագետներից և ԱԺ պատգամավորներից, ովքեր ներգրաված կլինեն ոչ միայն չափորոշիչների ուսումնասիրության և քննարկման, այլ նաև կրթական ծրագրերի մշակման ողջ գործընթացում:
Հաշվի առնելով նյութի զգայական կողմը մեկ անգամ ևս փաստենք, որ այն պետք է համահունչ լինի մեր ժողովրդի ազգային մտածողությանը, արժեհամակարգին և իրականացվի վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում՝ ապահովելով լավագույնը մեր երեխաների համար:
Հատկանշական է, որ կրթական չափորոշիչները մշակվում են վաղուց՝ մինչև կոնվենցիայի վավերացումը, ինչն էլ չի կարող որևէ պարտավորության տանել թե նախարարությանը, թե մեզ: Աշխատանքային խմբում լինելու եմ նաև ես և պարտավություն կրում եմ հաշվետու լինելու ամբողջ ընթացքում: Բացի այդ քննարկվեց նաև այն հարցը, որ շուտով Կրթական չափորոշիչները պատրաստ կլինեն հանրային քննարկման և այդ ժամանակ առավել քան կարևոր է բոլորիդ մասնակցությունը և առաջարկները, որոնք կօգնեն թե մեզ, թե ԿԳՄՍ նախարարությանը:
Կարևոր է, որ կոնվենցիայի վավերացումը կկարգավորի մի շարք հարցեր, որոնք կնպաստեն մանկապղծության բացահայտման և կանխարգելման գործին, սակայն քիչ կարևոր չէ նաև այն երաշխիքները, որ կրտսեր դպրոցում երեխաները կստանա այն գիտելիքները, որոնք կդարձնեն կյանքը անվտանգ և կզարգացնեն կարողություններ, որոնցով կկերտի իր ապագան:
Քննարկումներ ենք ունեցել նաև ծնողների վերապատրաստումների, ծնողավարման ինստիտուտի կարևորության և կայացման ինչպես նաև մանկավարժների վերապատրաստման մասին:
Այս պահին համարում եմ դրական ընթացք, ակնկալում եմ ձեր վստահությունը , որպեսզի բոլորիս հետաքրքրող հարցերը ունենան արդյունավետ լուծում:
Հարգանքով ՝ Սոֆյա Հովսեփյան»: