Փաշինյանը ողջ պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա

Համաձայնեք, որ կորոնավիրուսի համավարակի ի հայտ գալուց հետո ոչ ոք չէր պատկերացնի, որ այն երբևէ կստանա «քաղաքական» երանգներ, և կորոնավիրուսյան պայքարը կվերածվի սեփական քաղաքական կրքերին հագուրդ տալու մի գործընթացի։ Սակայն այսօր Հայաստանում ականատես ենք դառնում կորոնավիրուսի դեմ ուղղված «քաղաքական» պայքարի։

Ինչպես հայտնի է՝ մայիսի 18-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ են ուժի մեջ մտնում: Ըստ  էության՝ հանվում են բազմաթիվ սահմանափակումներ․ այդ ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Հայաստանն իր կորոնավիրուսյան ցուցանիշներով արդեն իսկ առաջ է անցել հարևան Իրանից՝ մեկ միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվի քանակով, և շատ քիչ է մնում, որ անցնի նաև Թուրքիային:

Փաստենք մի կարևոր դրվագ․ ներկայումս երկրում տիրող ողջ համայնապատկերն ապացուցում է, որ մարտից բնակչության համար ստեղծված անհարմարություններն ապարդյուն էին, իսկ վարակի տարածման կանխարգելման աշխատանքը՝ տապալված: Պետք է նշենք, որ համավարակի տարածման հենց սկզբնական փուլից օրվա իշխանությունների կողմից դրսևորվեց բացահայտ անլուրջ ու անպատասխանատու վերաբերմունք, իսկ արդեն արտակարգ դրությունից հետո, համավարակի տարածումը կանխող գործընթացներ իրականացվելու փոխարեն՝ տեղի ունեցան աննախադեպ ու անհեթեթ սահմանափակումներ՝ հիմնականում ուղղված ազատ խոսքի սահմանափակմանը:

Այսօր արդեն կարելի է ասել, որ  արտակարգ դրությունը բացառապես ծառայում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ամբիցիային, քանի որ դրա առկայության պայմաններում բավական հարմարավետ իրադրություն է ստեղծվում սեփական իշխանության կյանքն անորոշ ժամանակով երկարացնելու համար։ Հենց դրանով են պայմանավորված իշխանության տարբեր ներկայացուցիչների ոգևորված ու խելակորույս պնդումները՝ COVID-19-ի երկարատև գոյության հետ կապված։ Պետական տարբեր պաշտոնյաներ հնարավոր առիթի դեպքում արդեն խոսում են, որ համավարակը կշարունակվի մոտ մեկ տարի։

Այսօր տեղի ունեցած որոշ գործողությունները ցույց տվեցին, որ գոյություն ունեցող մտավախություններն իրական են։ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ փողոցից բերման են ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամներ, այդ թվում՝ հինգ աղջիկներ։ Ոստիկանությունը, առանց երկար-բարակ բացատրելու, բաժանմունք էր տեղափոխել միաբանության մոտ 20 անդամների, ովքեր, ի դեպ, պահպանում էին սոցիալական հեռավորությունը։ Ակնհայտ է, որ արտակարգ դրության ներկայիս պահպանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ շարունակում է գործել հավաքների ու բողոքի ակցիաների արգելքը, որովհետև ՀՀ-ում գնալով ավելանում է սոցիալական լարվածությունը, քանի որ տապալվել է նաև բնակչությանը պարտադրված պարապուրդի պայմաններում աջակցության աշխատանքը:

Երկիրը կանգնած է երկու լուրջ, կարևոր մարտահրավերների առաջ՝ մի կողմից՝ տնտեսական, սոցիալական, մյուս կողմից՝ առողջապահական աղետի: Ըստ էության, ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ․ եթե երկիրը չվերաբացի իր տնտեսական ոլորտները, տրանսպորտը չաշխատի, ապա կարող է հայտնվել սոցիալական կոլապսի մեջ, մյուս կողմից՝ այս որակի, մակարդակի կառավարման ձևով, եթե երկիրը վերաբացի տնտեսության ճյուղերը, ապա ամբողջովին կհայտնվենք առողջապահական կոլապսի մեջ: Հայաստանում գրանցված կորոնավիրուսով վարակվածների և ընդհանուր համավարակի տարածման տենդենցները վկայում են, որ համավարակի դեմ պայքարն իմիտացիոն բնույթ է կրել առնվազն ապրիլի սկզբից՝ գործնականում չծառայելով համավարակի դեմ պայքարին և ի ցույց դնելով ֆորսմաժորային իրավիճակներում արդյունավետ կառավարում իրականացնելու՝ Նիկոլ Փաշինյանի թիմի անկարողությունը։ Իշխանության անորակ, ապիկար կառավարման հետևանքով երկրում համաճարակային վիճակը գտնվում է խիստ մտահոգիչ համատեքստում։ Ստացվում է այնպես, որ երկրի ներսում արտակարգ դրությունը կա, բայց արտակարգ դրության սահմանափակումները՝ ոչ․ այսինքն՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ տեղի ունեցածն ինքնին անիմաստ ու բովանդակազուրկ գործընթաց է, քանի որ աշխարհում արտակարգ ռեժիմը, որպես կանոն, հանվում է, իսկ սահմանափակումները շարունակում են մնալ։

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ Փաշինյանի երեկվա «հիստերիկ լայվը», ըստ որի՝ «իշխանությունն անցնում է կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն մեթոդի», խոսում է այն մասին, որ նա իր վրայից «գցում» է համավարակի ողջ պատասխանատվությունը, ինչպես նաև՝ դրա հետևանքները, ու փաստացի «թռնում» է թեմայից՝ ամեն ինչում մեղադրելով ժողովրդին։ Փաշինյանը վախենում է այլակարծությունից և հստակ հասկանում է, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, և ինքը չի կարողանում տիրապետել իր իսկ ձեռքով ստեղծված քաոսը։ Հենց դրանով էլ պայմանավորված՝ նա ամեն ջանք օգտագործում է սեփական իշխանության կյանքը որոշակի ժամկետով երկարաձգելու համար։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս