Բաժիններ՝

«Սա այն հարցը չէր, որ այսպիսի կինո սարքեին». Սարգիս Գրիգորյանը` բերման ենթարկվելու և ԱԺ քննարկման գնալու մասին. tert.am Life

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը` պարուհի Մանո Գրիգորյանը մասնակցել են կառավարության դիմաց անցկացվող ակցիային` խնդրելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց ոլորտի մարդկանց, ռեստորանային բիզնեսներին ևս թույլ տալ աշխատել որոշ սահմանափակումներով։

Կառավարության մոտից Սարգսին և ցույցի մյուս մասնակիցներին բերման են ենթարկել։

Tert.am Life-ն այս մասին զրուցել է դերասանի հետ։

«Ինձ բերման ենթարկելու պատճառն այն էր, որ արտակարգ դրության պայմաններում չի թույլատրվում հավաքներ կազմակերպել,- ասաց նա ու հավելեց, որ այս հարցով բողոք չունի,- Օրինապահներից բողոք չունեմ, ուղղակի խորհուրդ կտամ բոլորին նույն կերպ թևերը ոլորելով չտանել բաժին։ Իրենք գիտեն` ով է հանցագործ, պրովոկատոր, ով` ոչ։ Կարելի է ասել, որ հրավիրում են բաժին, ոչ թե այնպես մտնել թևերս, կարծես, վերջին հանցագործն էի։ Եթե ինձ հրավիրեին բաժին, ես ինքնակամ կգնայի»։

Սոցիալական հեռավորություն չպահպանսլու համար իրեն 50.000 դրամի չափով տուգանելու մասին քննարկումներից Սարգիսը տեղյակ չէ։ Չգիտի` իրականում իրեն տուգանե՞լ են, թե՞ ոչ։ Նրա խոսքով` իրեն դա ամենաքիչն է հետաքրքիր։

«Սոցիալական հեռավորությունից են խոսում, բայց 6 հոգու մի ուազի մեջ կիպ նստած տարան բաժին,- նկատեց նա ու հավելեց,- ինձ հիմա հետաքրքիր է` ինչ է սպասվում մեզ»։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները Սարգսին հրավիրել են քննարկման։

«Հիմա գնում եմ քննարկման։ Ես չեմ ասում` վաղը բացեք կամ ոչ, ասում եմ` եթե չեք թույլատրում աշխատել, ասեք` հետո ի՞նչ է լինելու։ Հետո-ն էլ պիտի հասկանանք։ Սա մեծ ոլորտ է, բազմաթիվ աշխատողներ ունի։ Ես ուզում եմ հասկանալ հարցը լուծվո՞ւմ է, որպեսզի հասկանամ իմ անելիքները։ Ընդհանրապես, նոր գո՞րծ եմ գտնում, թե՞ ոչ։ Սա միայն ֆինանսի հարց չէ, մարդիկ այլևս չեն կարողանում դիմանալ այս ամենին, ուզում են աշխատել։ Սա այն հարցը չէր, որ այսպիսի կինո սարքեին։ Կարելի էր ուղղակի լուրջ խոսել, քննարկել»։

Սարգիսը հանրային տիրույթում միշտ սատարել է ներկայիս իշխանությանը։ Խնդիր առաջացրած այս հարցը, սակայն, քաղաքականացնել չցանկացավ։ Նա շեշտեց, որ հայտնել, հայտնում և հայտնելու է իր քաղաքացիական, ոչ թե քաղաքական կարծիքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս