«Կարծում եմ` ակնհայտ է, որ Փաշինյանի կնքահոր ազգականին պատկանող ընկերությունը, որտեղ նա միանձնյա բաժնետեր է, Էտալոն Գրուպի հետ գործել է համագործակցված». Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե դեռ կարծում եք, որ համայնքային և պետական մրցույթներին մասնակցելիս բանկային երաշխիքի փաստաթղթի կեղծումը և այդպիսով հանրությանը խոշոր վնաս հասցնելը մասնակցի արկածախնդրության դրսևորում է, առանց համակարգվածության, ապա խնդրեմ, ընթերցեք այս նոր տեղեկությունը։
Տեսանյութովս ներկայացրել էի, որ Էտալոն Գրուպ և Ռաշն Վոյաժ ՍՊԸ-ները ըստ իս փոխկապակցված են։ Այժմ ներկայացնում եմ այդ փոխկապակցվածության ևս մի դրվագ։
Ռաշն Վոյաժ ՍՊԸ-ն մասնակցում է բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մրցույթին և ակնկալում շահել շուրջ 650 միլիոն դրամի պայմանագիր։ Ներկայացնում է բանկային կեղծ երաշխիք։
Էտալոն Գրուպ ՍՊԸ-ն մասնակցում է ՆՈՒՅՆ մրցույթին որպես տեխնիկական վերահսկող։ Կրկին ներկայացնում է բանկային կեղծ երաշխիք:
Կարծում եմ` ակնհայտ է, որ Փաշինյանի կնքահոր ազգականին պատկանող ընկերությունը (սա արդեն հաստատված է քաղաքապետի ժ/պ Ղալումյանի հայտարարությամբ), որտեղ նա, ի դեպ, միանձնյա բաժնետեր է, Էտալոն Գրուպի հետ գործել է համագործակցված։
Ղալումյանների ազգականը պետք է շահեր շինարարական աշխատանքների մրցույթը, մյուսը իրականացներ դրա տեխնիկական հսկողությունը։
Ինձ համար մեծ հարցական է նաև, թե ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը ԱՅՍՕՐ 11:30 (հիշեցնեմ որ ուղիղ եթերս հեռարձակվեց այսօր 11:00) հրավիրում մրցութային հանձնաժողովի նիստ և միայն այսօր մրցույթը հանձնում մյուս մասնակցին»: