«Արցախի ընտրված ներկայացուցիչ» ձևակերպմամբ Արցախի պետականության կարգավիճակը հարցականի տակ են դնում». Արա Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին իր ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարության մասին խոսելիս՝ հղում արեց ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչին՝ փորձելով դրանով հերքել Լավրովի ասածը։
«Բայց Պետդեպի ներկայացուցիչը չի՛ հերքել Լավրովի ասածը. նշել է, որ օգտակար չէր։ Գուցե կարծում է, որ օգտակար չէ՞ր այս փուլում բացահայտելը, թե ինչ է քննարկվում բանակցային սեղանի շուրջ։ Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ Լավրովի ասածը չի հերքվում, բացի այդ, դա չէր վերաբերում միայն ՀՀ-ին, դա նաև Ուկրաինային է առնչվում»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյան։
Նրա խոսքով՝ մտահոգիչ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ 5 ժամվա ընթացքում օգտագործեց «Արցախի ընտրված ներկայացուցիչ» ձևակերպումն այն դեպքում, երբ Արցախը պետություն է՝ թեկուզ չճանաչված, որպես պետություն՝ ունի պետական ինստիտուտներ, ունի նախագահ։
«Կարծում եմ՝ այս ձևակերպումն արվեց և՛ ներքին լսարանի համար, որ մարդիկ սովորեն, որ կա Արցախի ընտրված ներայացուցիչ, և՛ արտաքին լսարանի։ Ասում է, որ կար Արցախի ընտրված ներկայացուցիչ այնպես, ինչպես որ կա Ադրբեջանի ինչ-որ ՀԿ-ի ղեկավար, որը հիմա արդեն Ադրբեջանի Մեջլիսում ընտրվեց՝ որպես պատգամավոր։ Այսինքն՝ Արցախի պետության կարգավիճակը բերում հավասարեցնում է ինչ-որ ՀԿ-ի, իսկ Արցախի նախագահի կարգավիճակը՝ ՀԿ-ի նախագահի կարգավիճակի հե՞տ։ Ինչի՞ համար է նա դա անում։ Այդ ձևակերպումը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, վաղուց այն չէր օգտագործվում և սկսեց օգտագործվել այս իշխանության օրոք։ Արցախի ընտրված ներկայացուցիչներ ձևակերպումն օգտագործելը հետևանքն է այն բանակցությունների, որը վարում են, և այդ ձևակերպումը դրանց հետևանքն է»,- ասաց Հակոբյանը։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ իշխանությունը պետք է հայտնի, թե ի՞նչ հարցերի շուրջ է բանակցում Արցախի իշխանությունների հետ։
«Թող ասեն, թե որո՞նք են այն եզրագծերը, որոնք իրենք չեն հատի, թող ասեն իրենց բանակցային դիրքորոշումը, և ժողովուրդը, որին այդքան հղում են անում, թող որոշի»,- ասաց Հակոբյանը։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահի փոխանցմամբ՝ գործող իշխանությունն իր պաշտոնավարման երկու տարվա ընթացքում երբևիցե չի ասել, որ ազատագրված տարածքները պետք է մնան՝ որպես Արցախի տարածքային ամբողջականության գործոն, չի ասել նաև, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Իշխանությունը, արդեն երկու տարի է՝ Արցախի հարցում մանևրում է, բայց արդեն չի ստացվում, որովհետև Լավրովն ասում է այլ բան, ամերիկյան կողմը՝ այլ, դրա համար հիմա չկամությամբ գնում են բացահայտման։ Ինչ վերաբերում է արտգործնախարարի հայրենասիրությանը, ապա ես ուզում եմ հասկանալ՝ իր հայրենասիրության տեսլականում ինչպե՞ս է տեսնում Արցախի կարգավիճակը և տարածքների հարցն ինչպե՞ս է պատկերացնում։ Երբ իմանամ, դա կհամադրեմ իմ հայրենասիրական տեսլականի հետ ու նախարարի հայրենասիրության վերաբերյալ կարծիքս կհայտնեմ»,- ասաց նա։
Ըստ Հակոբյանի՝ թեև Հայաստանը շարունակում է համառորեն չբացել փակագծերն ու հստակեցնել, թե ինչ է առաջարկում բանակցությունների ժամանակ, փոխարենը՝ Ադրբեջանը հանրայնորեն ասում է, թե ինչ է քննարկում՝ նշելով, որ ուզում է, որ ամբողջ Արցախը, Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա Ադրբեջանի իրավասության տակ։
«Որևէ մեկի մոտ կասկած չկա, որ ժամերով երբ խոսում են, բանակցում են, սեղանին դրված է բանակցային օրակարգ, որը վերջնականացված չէ, բայց Հայաստանի մոտեցումները բանակցային դրույթներին անհայտ է։ Այն, ինչ Հայաստանի համար զիջման ենթակա չէ, դրա մասին որևէ լուր ունե՞նք»,- ասաց նա։
Մեզ հետ զրույցում Արա Հակոբյանն անդրադարձավ նաև արտակարգ դրության երկարաձգման հետևանքով անընդհատ հետաձգվող հանրաքվեին և նշեց, որ, եթե մինչև կորոնավիրուսի համավարակի տարածումն իշխանությունն ուներ կասկածներ, որ գուցե չհավաքի 650 անհրաժեշտ ԱՅՈ-ն, ապա հիմա, համավարակի ու սոցիալ-տնտեսական այս ծանր պայմաններում գրեթե միարժեք է, որ իշխանությունը չի հավաքի անհրաժեշտ ձայները։
«Դրա համար Նիկոլ Փաշինյանը կարևոր բան ասաց՝ նախ ասաց, որ կարծում է, որ առնվազն մեկ տարի հանրաքվե չեն կարողանալու անցկացնել, ինչից հետևում է հարցը՝ արդյո՞ք դա ենթադրում է, որ մտածում է ևս մեկ տարով երկարաձգել արտակարգ դրությունը, որովհետև հանրաքվե չի կարող անցկացնել այդ դեպքում։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանը իրեն ենթարկեցնելը խիստ կարևոր խնդիրը է, և ոնց որ ժամանակ չունի։ Հարց՝ էդ ի՞նչն է, որ ձեզ ժամանակի առումով այդքան նեղում է՝ Արցախի՞ հարցը, չգիտեմ՝ կերևա»,- հարց ուղղեց Արա Հակոբյանը՝ միևնույն ժամանակ նշելով՝ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների կասեցումը կլինի սահմանադրականության տապալում և Սահմանադրության խստագույն խախտում։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում