Գուրգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին պատկանող բնակարաններում 1 շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ խուզարկություն է կատարվել, ներգրավվել են ԱԱԾ աշխատակիցներ, սկսել են առգրավել առարկաներ. Փաստաբանական խումբ
Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որով ահազանգում է ԱԱԾ-ի կողմից շարունակվող ակնհայտ ապօրինությունների մասին: Հայտարարությունը՝ ստորև.
«Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է բազմաթիվ ապօրինությունների մասին, որոնք տեղի են ունեցել ապրիլի 30-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում։ Նշված ժամանակահատվածում ակնհայտ խախտումներով ուղեկցվող մի քանի տասնյակ խուզարկություններ են կատարվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների, հարազատների, ինչպես նաև նրա հետ որևէ կերպ առնչվող անձանց բնակարաններում և շինություններում՝ առաջ բերելով բազմաթիվ հարցեր խուզարկությունների միջնորդությունների, իրավաչափության և ԱԱԾ գործողությունների մասով։
«Գուրգեն Խաչատրյանի, նրա եղբորը և ծնողներին պատկանող բնակարաններում խուզարկություններ կատարվել էին դեռևս 2019 թվականի օգոստոսին, ինչը որոշակիորեն կարող էր տրամաբանական լինել, քանի որ խուզարկությունը, ըստ էության, հրատապ իրականացվող քննչական գործողություն է: Սակայն Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից անմիջապես հետո, գրեթե ամենօրյա ռեժիմով, նման ծավալի, անհիմն և անօրինական խուզարկությունների կատարումը գնահատում ենք որպես Գուրգեն Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների և հարազատների վրա ոչ իրավաչափ նպատակներով հոգեբանական ճնշում գործադրելու, նրանց տագնապի մեջ պահելուն ուղղված գործողություններ», – նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հարկ է փաստել նաև, որ նախնական թվով մոտ 10 խուզարկությունների միջնորդությունները կոնկրետ դատավորի կողմից մասնակի էին բավարարվել՝ թույլատրելով խուզարկություն կատարել բացառապես Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու նպատակով, սակայն քրեական հետապնդման մարմինները, դատարանի այդ որոշումն օրենքով սահմանված կարգով վերաքննիչ դատարան բողոքարկելու փոխարեն, նույն միջնորդությունը ընդամենը րոպեներ անց կրկին ներկայացրել են դատարան, այն մակագրվել է «ցանկալի» դատավորի, ով էլ «առանց աչք թարթելու» բավարարել է միջնորդությունն ու ԱԱԾ-ի ցանկությունը:
Այսինքն, ակնհայտ է, որ սույն քրեական գործով նույնիսկ դատարանները չեն կարող քրեական վարույթն իրականացնող մարմնի անօրինական գործողությունները զսպող հուսալի մեխանիզմ հանդիսանալ, քանզի, եթե որևէ դատավոր էլ իր մեջ ուժ է գտնում օրենքի հիման վրա մերժել ԱԱԾ-ի միջնորդությունները, ապա անմիջապես հայտնվում է մեկ այլ դատավոր, որը անօրինական կերպով բավարարում է նույն միջնորդությունը, ինչի ականատեսը եղել ենք սույն քրեական գործի սկզբնական փուլից սկսած:
«Գուրգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին պատկանող բնակարաններում մեկ շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ խուզարկություն է կատարվել, որի ընթացքում ակնհայտորեն ավելացվել է անօրինականությունների չափաբաժինները. խուզարկությունների կատարմանն արդեն ներգրավվել են ԱԱԾ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումների աշխատակիցները, սկսել են առգրավել նաև առարկաներ, այդ թվում՝ բնակարանի պատերին փակցված նկարներ, որոնց առգրավման թույլտվություններ դատարանները չէին տվել: Այսինքն, միջնորդությունները դատարան ներկայացվում են կոնկրետ առարկաներ հայտնաբերելու նպատակով, սակայն առգրավվում են ընդհանրապես այլ առարկաներ՝ վարույթն իրականացնող մարմնի կամայական ցանկությամբ, այդ գործողություններն ակնհայտ անօրինական են», – նշել է փաստաբանը:
Հատկանշական է, որ նման կերպ վարույթն իրականացնող մարմինը նաև իմաստազրկում է բնակարանը միայն դատարանի որոշմամբ խուզարկելու վերաբերյալ սահմանադրական պահանջը»: