Փաշինյանը՝ «կոտրած տաշտակի» առաջ

Շաբաթ օրը բոլորս ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի հերթական ոչինչ չասող ասուլիսին, որը տևեց ավելի քան հինգ ժամ։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը հինգ ժամերի ընթացքում խոսեց երկրում առկա խնդիրներից ու խորքային վերլուծություններ ներկայացրեց ընթացող գործընթացների վերաբերյալ, սակայն ոչինչ չասաց։

Փաշինյանը մի քանի անգամ փորձեց ցույց տալ, որ ինքը բավականին հանգիստ է, ոչ մի էմոցիոնալ ու ջղաձիգ լինելու պատճառ ու առիթ չկա, սակայն ասուլիսի ընթացքում ականատես դարձանք որոշակի ժայթքումների, որոնք ցույց են տալիս, որ իրականում իշխանության ներսում այդքան էլ ամեն ինչ հանգիստ չէ։

Ասուլիսի ժամանակ Փաշինյանն ակնարկեց, որ ինքը, որպես կանոն, «միայնակ խաղացող» է, և դա է պատճառը, որ նա իր բոլոր քաղաքական գործընկերներին ժամանակի ընթացքում, այսպես ասած՝ «քցել» է՝ թողնելով ճանապարհի կեսին։ Հանրության տարբեր շրջանակներում հաճախ է խոսվում այն մասին, որ օրվա իշխանության շատ ներկայացուցիչներ բավական կոշտ են արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին, նշվում է, որ նոր իշխանությունների շարքերում կան իրական «հեղափոխականներ» և «հեղափոխության նվիրյալներ», սակայն, ցավոք, նրանք չեն գիտակցում, որ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական կարգի այս երկամյա տապալման ավարտից հետո իրենք մնալու են միայնակ, քանի որ դառնալու են Փաշինյանի հերթական զոհը։

Իր խոսքում Փաշինյանը բացահայտ ակնարկեց, որ ինքը ոչ ոքի չի վստահում, և այս ընթացքում նկատվում է, քանի որ նրանք, ովքեր հրաժարականներ են ներկայացրել և թողել այս «թավշյա մղձավանջը», հասկացել են, որ հետագայում կանգնելու են լուրջ փաստի առաջ, և այդ ժամանակ ժողվարչապետն այլևս չի լինելու։

Յուրաքանչյուր քաղաքական իշխանության մոտ, որպես կանոն, ընդունված է մի պարզ գործելաոճ․ ցանկացած անելանելի և փակուղային իրավիճակ ներկայացնել իրեն ցանկալի պրիզմայով և, ամենակարևորը՝ ստեղծել այնպիսի իմիտացիա, թե իբր իշխանությունը չի կորցնել զգոնությունը։

Սակայն Նիկոլ Փաշինյանի ասուլիսում ակնհայտ երևում էր, թե ինչքան փակուղային է այսօր իշխանության վիճակը։ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը ոչ թե օրակարգում առկա հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տվեց, այլ հակառակը՝ է՛լ ավելի շատ մտահոգության տեղիք ու նոր եզրակացություններ անելու առիթ հանդիսացավ։

Մասնավորապես, Փաշինյանը, չնայած փորձեց պատասխանել իր համար «ոչ ցանկալի» հարցերի, սակայն դրանք ոչ թե պատասխաններ էին, այլև հանրության մոտ նոր դավադրությունների տեսության առիթ։ Չորս լրատվական հստակ ու կոնկրետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էին, թե արդյոք նրա հանձնարարությա՞մբ է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ, կամ օրերս Մինասյանի կողմից Փաշինյանին ուղղված մի շարք մեղադրանքներ համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Սակայն այդ հարցերը մնացին անպատասխան, ավելին՝ ուղղակի տրվեց անհասկանալի ու նաիվ պարզաբանում։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հասցեին Փաշինյանի արված այն հայտարարությանը, թե այն փոխկապակցված է նախորդ իշխանությունների հետ, ուղղակի շրջանցվեց։

Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը երկու-երեք անգամ հրաժարվեց իր իսկ կողմից հրապարակավ հնչեցրած հայտարարություններից, ինչը հերթական անգամ վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր իսկ հայտարարությունների համար պատասխանատու չէ, և բացառապես հիմնվում է «օդում կախված» տեղեկությունների հաշվին լսարանի ապահովմանը, ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ:

Այսօր արդեն ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանը, կորցնելով կառավարման ղեկը, փորձում է սեփական անձի հաշվին, տարբեր «լայվերով» ու անհասկանալի ասուլիսներով սեփական իշխանության կյանքը որոշակի ժամանակահատվածով երկարացնել, սակայն այդ փաստը ևս կորցրել է իր ակտուալությունը․ Փաշինյանը կանգնած է կոտրած «տաշտակի» առաջ։

Հայաստանում ստեղծված քաղաքական կոլապսի գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ով որոշեց միանձնյա վերցնել ողջ իշխանությունը՝ չունենալով պատմություն և արժեք ունեցող կուսակցություն ու քաղաքական թիմ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիլետանտության պատճառն այն է, որ առաջին պատահած մարդուն նշանակեց նախարար ու մտցրեց խորհրդարան՝ փորձելով հայ ազգի համար ձևավորել «քաղաքական էլիտա»։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս