Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված աշխատանքային խմբի գործունեությունը երկարաձգվեց մինչև տարեվերջ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 5 որոշմամբ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը մինչև 2020 թվականին դեկտեմբերի 31-ը երկարաձգել:
Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերին հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի ատելության խոսքի կանխարգելման շուրջ օրենսդրական քննարկումներով և հանդես գա օրենսդրական նախաձեռնություններով:
«Վերջին ամիսների ընթացքում՝ կապված համավարակի հետ, աշխատանքային խմբի աշխատանքները որոշակիորեն դանդաղեցվել են, որի պարագայում չենք հասցրել ունենալ վերջնական արդյունք: Մենք փորձում ենք մեր աշխատանքները սինխրոնացնել գործադիրի մեր գործընկերների հետ, քանի որ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ ևս ներառված են ատելության խոսքին վերաբերող գործողություններ: Եթե հիշում եք, մենք նաև արտագնա նիստ ունեցանք և այնտեղ մեր միջազգային գործընկերների հետ ևս համաձայնություն ձեռք բերեցինք՝ աշխատելու այս խնդրի շուրջ, որպեսզի աշխատանքները չկանգնեն»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Նշենք, որ հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին առաջարկին: