Բաժիններ՝

Աշխատող ազգային փոքրամասնությունների համար Աշխատանքային օրենսգիրքը կլրացվի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է լրացում կատարել Աշխատանքային օրենսգրքում: Նա առաջարկում է Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով, որի համաձայն՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք իրենց ազգային, կրոնական տոները կամ պատմական տարեթվերը նշելու համար՝ ոչ ավելի, քան տարեկան չորս օր, չվճարվող արձակուրդի իրավունք պետք է ունենան:

Պատգամավորի առաջարկած նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում:
Նշենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ շաբաթներ առաջ խորհրդարանն արդեն ընդունել է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի խոսքով՝ Հայաստանում լինում են շատ դեպքեր, երբ գործատուներն ուղղակի մեկ-երկու օրով թույլատրում են, որպեսզի իրենց աշխատողները մասնակցեն իրենց ազգային կամ կրոնական տոնը նշելուն:

Փոխնախարարը չբացառեց, որ կարող են լինել նաև վատ դեպքեր, երբ գործատուն խնդիրներ է ստեղծում աշխատողի համար:

«Ամեն դեպքում մենք ուզում ենք այս մասն ապահովագրել, եթե գործատուն աշխատողի համար ստեղծում է խնդիրներ, գոնե աշխատողը հնարավորություն ունենա գրավոր հիմնավորելու, որ դա իր ազգային տոնն է, և կարողանա բացակայել աշխատանքից: Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ի մասի չորս կետերի դեպքում աշխատողի համար հեշտ է ապացուցել և հիմնավորել, թե ինչի համար են այդ արձակուրդները, իսկ 5-րդ կետի դեպքում մի փոքր այլ իրականություն է, որովհետև շատ դեպքերում հնարավոր է, որ գործատուն չգիտի իր աշխատող ազգային փոքրամասնության ներակայացուցչի ազգային տոների մասին, ուստի գործատուի դեպքում կարող են հարցեր առաջանալ և որոշակի հիմնավորումների կարիք լինել»,- հանձնաժողովի նիստում ասաց Արման Ուդումյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք աշխատողը պետք է ամեն տարի գրավոր հիմնավորումներ ներկայացնի գործատուին՝ այս կամ այն ազգային տոնին մասնակցելու համար, քանի որ տարին մեկ անգամ այդ տոները կրկնվում են:

Պատասխանելով՝ փոխնախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այդ ճանապարհով ցանկանում են բացառել վատ սցենարը, երբ գործատուն կարող է խնդիրներ առաջացնել աշխատողի համար, երբ վերջինս ցանկանա մասնակցել իր ազգային տոներից որևէ մեկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս