Մահճակալային ֆոնդը դեռ բավարարում է. եթե այս տեմպերով շարունակվի, հաջորդիվ կանցնենք մյուս սցենարին. ԱՆ մամուլի խոսնակ
Այսօր կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային ցուցանիշ ունենք՝ 351 նոր դեպք, փաստացի բուժվողները 2718-ն են: Օրեր առաջ փախվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մեր մահճակալային ֆոնդը 2000 է: 168.am-ը Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ դեռ բավարարո՞ւմ է մահճակալային ֆոնդը:
«Մահճակալային ֆոնդն այս պահին բավարարում է այն պատճառով, որ ասիմպտոմ դրական դեպքերը (հիվանդները.- Ա.Հ.) որոնք ախտանշաններ չունեն, բուժում ստանում են հյուրանոցներում: Գոնե այսօրվա համար կարող եմ ասել, այո, դեռևս ֆոնդը հերիքում է»,- ասաց Նիկողոսյանը:
Իսկ ի՞նչ կլինի, եթե նույն տեմպով շարունակեն ավելանալ կորոնավիրուսով վարակման դեպքերը:
«Մենք տարբեր սցենարներ ունենք, մինչև անգամ տնային բուժում: Անախտանիշ դեպքերը (հիվանդները.- Ա.Հ.) կսկսեն տանը բուժվել: Եթե այս տեմպերով շարունակվի, հաջորդիվ կանցնենք այդ սցենարին»,- ասաց Նիկողոսյանը: