«Մայիսի 18-ից կգործի տրանսպորտը, կբացվեն նախակրթարանները, դիմակ չկրողներն էլ կտուգանվեն». Տիգրան Ավինյան

Խորհրդարանը հրավիրել է արտահերթ նիստ, որտեղ քննարկում է արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու Կառավարության որոշումը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝  այս որոշման վերաբերյալ հանրության շրջանում արդեն ձևավորվել է որոշակի դիսկուրս, ուստի ցանկանում է ամփոփ ներկայացնել Կառավարության առաջիկա քայլերը և համաճարակային ընթացիկ վիճակին:

Նախ, փոխվարչապետը տեղեկացրեց, թե մինչև օրս քանի մարդ է թեստավորվել, քանիսն են առողջացել, քանիսն են բուժում ստանում, և քանի մահ է գրանցվել:

«Մարտի 1-ից մինչ օրս հաստատված դեպքերի պարզ դինամիկայից տեսանելի է, որ մարտ-ապրիլ ամիսներին, երբ տարբեր խստությամբ կիրառվում էին տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, արձանագրվել է հարաբերականորեն հարթ դինամիկա: Մայիսի սկզբից սկսած դեպքերը սկսել են ավելի ինտենսիվորեն աճել՝ պայմանավորված նախ՝ սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև՝ թեստավորումների կտրուկ աճով»,- խորհրդարանում իր ելույթում նշեց փոխվարչապետը:

Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այսօր Պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված և Արտաքին գործերի նախարարության ջանքերով երրորդ թռիչքն է իրականացվում Չինաստանից, որով Հայաստանում ապահովում են տարբեր սարքավորումների և թեստերի արտադրության համար ռեագենտների համար վերջին խմբաքանակը: Բացի այդ, մարտի 13-ից մինչև օրս Հայաստան են վերադարձել 2 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ:
Տիգրան Ավինյանը շեշտեց, որ շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե նման պայմաններում ինչո՞ւ է Կառավարությունը թուլացնում սահմանափակումների ռեժիմը և երկարաձգում արտակարգ դրության ժամկետը:

«Սահմանափակումները փուլային տարբերակով մեղմելու որոշումները  պայմանավորված էր առողջապահական համակարգի պատրաստվածությամբ և օրեցօր աճող սոցիալական խնդիրներով: Ակնհայտ էր, որ անհնար էր դրանք անորոշ ժամկետով պահպանել, ուստի լուծումը հստակ կանոնների պահպանմամբ նոր կորոնավիրուսի հետ ապրելուն սովորելն է, միաժամանակ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները հիվանդության առավել խոցելի խմբերի անվտանգությունն ապահովելու համար,- ընդգծեց Տիգրան Ավինյանը և հավելեց,- Մայիսի 18-ից կգործի տրանսպորտը, կբացվեն նախակրթարանները, դիմակ չկրողներն էլ կտուգանվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս