Բաժիններ՝

Կոմունալ համերաշխության բանաձևը դեռ արդյունք չի տվել. մայիսի 7-ի դրությամբ 78,137 բնակիչ-բաժանորդ դեռ գազի պարտք ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած կոմունալ համերաշխության բանաձևը, պարզվում է, ամբողջապես չի կիրառվել: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին մեկ շաբաթ առաջ 168.am-ի ուղղած հարցմանն ի պատասխան՝ այսօր հայտնել են, որ 07.05.2020թ. դրությամբ 2020թ. փետրվար և մարտ ամիսներին մատակարարված գազի արժեքի համար չի վճարել թվով 78,137 բնակիչ-բաժանորդ:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին, երբ քաղաքացիներն ահազանգում էին, որ արտակարգ դրության պայմաններում շատերը չեն կարողանում կատարել կոմունալ վճարումների իրենց պարտավորությունները, արդյունքում՝ ընկերությունները դադարեցնում են նրանց մատակարարել բնական գազ և էլեկտրաէներգիա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոմունալ համերաշխության բանաձև առաջարկեց:

«Օրինակ, եթե դուք փետրվարին 25 հազար դրամի հոսանք եք վառել, երկուշաբթի կամ առավելագույնը երեքշաբթի ձեր հաշվին 7500 դրամ փոխանցվելու է։ Բայց եթե դուք այդ 7500 դրամի կարիքը չունեք, մենք ձեր տեղը արդեն ձեր 7500 դրամը փակել ենք, նայեք, օրինակ, ձեր շենքում, ձեր բակում, ձեր ծանոթների մեջ, ձեր բարեկամների մեջ ով կա, որ էդ 7500 դրամ կոմունալ ծախսի կարիքը ունի, տարեք իր տեղը վճարեք։ Եվ դրանով կստացվի, որ դուք մեզ կօգնեք, որ կառավարության 4.5 միլիարդ դրամով 100 տոկոսով փակենք այն մարդկանց կոմունալները, որոնք դրա կարիքը ունեն, բայց մենք չենք կարողացել փակել, որովհետև նրանց նույնականացնելու խնդիր ենք ունեցել։ Եվ հիմա, իրենց հետ ձեզ էլ ենք օգնել, ժողովուրդ ջան, նրանց, ովքեր այդ օգնության կարիքը չունեն, մեկին՝ 7000 դրամ, մեկին՝ 5000 դրամ, մեկին՝ 4000 դրամ։ Եթե դուք այդ օգնության կարիքը չունեք, ուղղակի ձեր գրպանից, նայեք՝ ով կա շրջապատում մարդ, որ դրա կարիքն ունի, իրենց կոմունալի ծախսը տարեք վճարեք, որովհետև ձեր հաշվին մենք արդեն 7500 դրամ դրել ենք։ Սա է գաղափարը, և սա կլինի իսկապես սոցիալական կոմունալ համերաշխություն, որովհետև ենթադրենք, եթե ոչ թե 4.5 միլիարդ դնեինք, այլ՝ 10 միլիարդ դնեինք, էլի նույն բանաձևն էր գործելու»,- առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am–ը հարցմամբ «Գազպրոմ Արմենիա»-ից խնդրել էր փոխանցել տեղեկություն, թե սույն թվականի ապրիլի 22-ից՝ ՀԾԿՀ-ի տարածած կոմունալ վճարների կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորի վերացման հայտարարությունից հետո, քանի՞ բնակիչ է վճարել 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի վճարը, ու որքա՞ն է կազմել այդ գումարը:

Ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնել են, որ 07.05.2020թ. դրությամբ 2020թ. փետրվար և մարտ ամիսներին    մատակարարված գազի արժեքի համար ամբողջությամբ վճարել  է  թվով  545 147 բնակիչ-բաժանորդ, վճարված ընդհանուր գումարը կազմում է 2352,9 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս