«Վարչապետը ստիպված է երկարաձգել արտակարգ դրությունը՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է լուծել հանրաքվեի խնդիրը». Քաղտեխնոլոգ
Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ որոշվել է ևս 30 օրով երկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը՝ մայիսի 14-ից մինչև հունիսի 13-ը:
168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ, եթե այս ամենը դիտարկենք Կառավարության տեսանկյունից, ապա արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվում է՝ կապված կորոնավիրուսային համաճարակի երկարաձգման հետ, քանի որ վերջին օրերին 150-ից պակաս վարակվածներ չեն լինում:
«Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելով՝ Կառավարությունը բացատրում է, թե այդ ճանապարհով փորձում են պայքարել համավարակի դեմ: Եթե նույնիսկ մենք հիմք ընդունենք այս բացատրությունը, ապա պետք է նաև ենթադրենք, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, քանի որ արտակարգ դրությունը երկարաձգվում է, սակայն գործնականում ոչինչ չի կատարվում համավարակը կանխարգելելու համար: Բոլորս էլ տեսնում ենք, որ օրեցօր վարակվածների թիվն ավելանում է, իսկ պայմանները չեն խստացվում: Բնականաբար, այս ամենը տեսնելով՝ ծագում է արտակարգ դրության երկարաձգման ոչ պաշտոնական պատճառը, որը կապված է Սահմանադրական դատարանի խնդրի հետ: Ավելի ճիշտ, ոչ թե ՍԴ-ի խնդրի հետ, այլ իշխանությունների խնդրի՝ կապված դատարանի հետ, քանի որ ՍԴ-ում որևէ ճգնաժամ գոյություն չունի: Պարզապես մեր վարչապետը կառուցում է անձնիշխան համակարգ, որտեղ չեն կարող լինել անձնիշխանին չենթարկվող ինչ-որ ինստիտուտներ: Այս պահին Սահմանադրական դատարանն այն քիչ ինստիտուտներից է, որը չի ենթարկվում վարչապետին, ուստի իշխանությունները ցանկանում են լուծել այդ խնդիրը»,- ասաց Արմեն Բադալյանը:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ ՍԴ-ն այն ինստիտուտը չէ, որը պետք է ենթարկվի վարչապետին, կատարի նրա բոլոր հրամանները, և դրանով հարցը լուծվի: Ըստ նրա՝ այստեղ կա Արցախի խնդիր, որի հետ կապված՝ ապագայում գուցե պետք է լինի պայմանագիր, և այն պարտադիր պետք է անցնի ՍԴ-ով, որի ներկայիս կազմը վարչապետին վստահություն չի ներշնչում այն առումով, որ գուցե չհամաձայնեն Արցախի հարցի լուծման այնպիսի պայմանագրի կնքմանը, որը ցանկալի է վարչապետին, բայց հանրության լայն շրջանակի համար ցանկալի չէ:
«Իշխանությունները ցանկանում են ՍԴ-ն դարձնել «գրպանային դատարան», որին հասնելու համար կա երկու ճանապարհ: Առաջինը՝ ԱԺ-ում ինչ-ինչ գործողություններ անելով, և երկրորդը՝ հանրաքվեն: Բոլորն էլ հիշում են, որ ապրիլի 5-ին պետք է տեղի ունենար Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Քարոզարշավ էր մեկնարկել, վարչապետը մասնակցում էր քարոզարշավին և հայտարարում, թե՝ «կորոնավիրուսն ո՞ւմ դռան շունն է», այլ խոսքով՝ վիրուսին շան տեղ չէր դնում, բայց հետո ստիպված եղավ հանրաքվեն հետաձգել: Հիմա, երբ արտակարգ դրությունը վերացվեր, 50-60 օրվա ընթացքում պետք է տեղի ունենար հանրաքվեն: Իսկ ի՞նչ ունենք այս պահի դրությամբ:
Մինչև կորոնավիրուսը վարչապետի վարկանիշն այնքան ցածր էր, որ իր այդ վարկանիշով պարզապես չէր կարող 1 մլն մարդու դրդել, որպեսզի մասնակցեին հանրաքվեին: Հիմա այս ամենին գումարվել է ևս երկու գործոն՝ վարչապետի վարկանիշն ավելի է նվազել, քանի որ վարակակիրների թվի ավելացումը և այս իրավիճակն իրենց վատ կառավարման արդյունքն է: Դրան զուգահեռ՝ մարդիկ արդեն կվախենան, հատկապես՝ մեծահասակները, վիրուսի առկայության պայմաններում վեր կենալ ու գնալ ընտրատեղամասեր»,- հավելեց Արմեն Բադալյանը:
Միաժամանակ քաղտեխնոլոգն ընդգծեց, որ, եթե հանրաքվեն կայանա, և վարչապետին չհաջողվի հավաքել անհրաժեշտ ձայները, ապա այդ ամենը կառաջացնի լուրջ խնդիրներ թե՛ վարչապետի թիմակիցների, թե՛ հասարակության շրջանում:
Ըստ նրա, այս ամենը հաշվի առնելով՝ վարչապետը ստիպված է երկարաձգել արտակարգ դրությունը՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է լուծել հանրաքվեի խնդիրը:
«Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, գտնվում է Արևելյան գործընկերության ծրագրի մեջ և խիստ մոնիտորինգի տակ է: Առանց այդ էլ՝ ներդրումներ չկան, առանց այդ էլ՝ «Freedom House»-ը նշում է, որ Հայաստանը կիսաավտորիտար համակարգ է ձևավորում, եթե այս ամենին գումարվի նաև Եվրախորհրդի և ԵՄ-ի կոշտ արձագանքը, ՍԴ-ի լիազորությունները սահմանափակելու կամ դադարեցնելու մասին ԱԺ-ի կողմից ընդունվելիք օրենքների նկատմամբ բացասական վերաբերմունք դրսևորելը, ապա սա ավելի ուժեղ հարված կլինի գործող քաղաքական թիմի համար»,- նշեց Ա. Բադալյանը:
Նա նաև շեշտեց, որ իշխանությունները չեն կարող մանիպուլյացիոն գործողություններով չեղարկել հանրաքվեն, սակայն վարչապետը կարող է հայտարարել, որ համավարակով պայմանավորված և չցանկանալով վտանգի ենթարկել ժողովրդին՝ չեղարկում են հանրաքվեն: Բայց այստեղ էլ կարող է խնդիրներ առաջանալ, քանի որ, եթե վարչապետը հայտնի, որ չեղարկում է հանրաքվեն, նրա թիմակիցներն այդ ամենը կարող են ընկալել՝ որպես գլխավոր անձնիշխանի պարտություն:
«Հոգեբանորեն պարտվելը հավասարազոր է հանրաքվե անելուն ու պարտվելուն: Կարծում եմ՝ իշխանություները պարտվելու են հենց հանրաքվեում, քանի որ քվորում չի ապահովվելու: Միակ լուծումը լինելու է հետաձգելը, բայց նույնիսկ 6 ամսով հետաձգելուց հետո ի՞նչ է լինելու՝ դեռ պարզ չէ»,- եզրափակեց Արմեն Բադալյանը: