Գագիկ Ջհանգիրյանը՝ արդարադատության նախարար նշանակվելու մասին
Իշխանությունը մտադիր չէ դատական համակարգում համատարած վեթինգ իրականացնել, ինչպես խոստացել էր Նիկոլ Փաշինյանն անցած տարի մայիսի 20-ին՝ իր կոչով դատարանների արգելափակման օրը, ինչն առաջացրել է իշխանամերձ կամ հեղափոխության ջատագով որոշ գործիչների և իրավապաշտպանների դժգոհությունը: Օրինակ, ըստ պատգամավոր Արման Բաբաջանյանի, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տապալել է հեղափոխության գլխավոր խոստումներից մեկի՝ վեթինգի իրականացումը, ինչի պատասխանատվությունը, ըստ նրա, կրում են Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:
«Կարելի է ենթադրել, որ վարչապետին բավարարում են իր Արդարադատության նախարարի՝ դատական համակարգը հեղափոխությունից հեռու պահելու հիմնավորումները, որոնք գրեթե նույնական են մեր երկրում արդարադատությունը բռնաբարած նախարարներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի փաստարկներին։ Հայաստանում շարունակելու են արդարադատություն իրականացնել անցած տասնամյակներին քաղաքացիների հետապնդումներին, սպանություններին իրավական ձևակերպումներ տված, մարդկանց ունեզրկողներին արդարացրած դատավորները»,- ԱԺ-ում հայտարարել է Արման Բաբաջանյանը։
Արման Բաբաջանյանը ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով Փաշինյանի և Ռուստամ Բադասյանի՝ դատական համակարգի փոփոխությունների, վեթինգի գործընթացի մասին քննարկմանը՝ ասել է.
«Այս ոլորտում սա հեղափոխության պարտությունն է, և հակահեղափոխության հաղթանակ»։
Պատգամավորի պնդմամբ՝ նախարարի ներկայացրած վեթինգը ձևական բնույթ ունի։ Հիշեցնենք՝ ըստ այդ փաստաթղթի՝ վեթինգ հնարավոր է իրականացնել 2017 թվականի հուլիսից հետո տեղի ունեցած գործարքների առնչությամբ։ Ըստ այդմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգումներ չի կարող իրականացնել ավելի վաղ ժամանակներում ձեռք բերված գույքի վերաբերյալ, ինչը, մասնագետների պնդմամբ, լրջագույն խնդիր է։
Հեղափոխության ջատագով՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցին անհասկանալի է իշխանության այն հիմնավորումը, թե համատարած վեթինգը ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, այսինքն՝ լրացուցիչ ժամանակ, այն դեպքում, երբ դատական համակարգի մաքրման մասին խոսվել է հեղափոխությունից անմիջապես հետո։
Խոստացված վեթինգի չիրագործումը քննադատել են քաղհասարակության այլ կազմակերպություններ ևս:
Այս համատեքստում խոսակցություններ են շրջանառվում, որ որոշ գործիչներ և ուժեր փորձում են հասնել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրաժարականին և այնտեղ տեսնել իրենց կողմից ավելի վստահելի մարդու: Այս ֆոնին շրջանառվում է ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի անունը: Վերջինիս թեկնածությունը ներկուլիսային մակարդակում առաջ է մղում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով շատ մտերիմ հարաբերություններ ունի Գագիկ Ջհանգիրյանի հետ:
«Էլ ՍԴ դատավոր, էլ մարզպետ (Արարատի.- Մ.Պ.), ամեն ինչ, ես դեռ պիտի մտածեմ՝ «մարզպետի պաշտոնից» ուզո՞ւմ եմ հրաժարական տալ»,- Գագիկ Ջհանգիրյանը նման կերպ արձագանքեց 168.am-ի հարցին, թե որքանո՞վ են ճիշտ շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ հնարավոր է՝ Ռուստամ Բադասյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նա փոխարինի: Ջհանգիրյանն ակնարկում էր մամուլում հեղափոխությունից շրջանառվող այն խոսակցությունները, թե ՍԴ դատավոր կամ Արարատի մարզպետ է նշանակվելու:
Ջհանգիրյանը չցանկացավ պատասխանել մեր հաջորդ հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ գործող իշխանության քայլերը «վեթինգի» գործընթացում:
Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում՝ հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը չգնաց ուղիղ վեթինգի ճանապարհով, Ջհանգիրյանը նշել է, որ հին դատական և իրավապահ համակարգով շատ առաջ գնալ չենք կարող՝ նշելով, թե հարյուրներով անմեղ մարդկանց են լցրել բանտերը, մի քանի հարյուրին կալանավորել՝ առանց որևէ հիմքի, որևէ հանցանք չգործած մարդկանց դատել և դատապարտել, և հիմա այդ դատավորները շարունակում են բարեհաջող աշխատել այս համակարգում:
«Այդ համակարգը ո՞նց կարող է նոր իշխանությունների կամ նոր խնդիրների լուծմանը լծվել, կամ արդարադատությունն անկախ իրականացնել: Չէ՞ որ, եթե գործադիրն այսօր նրանց չի կարգադրում, եթե նրանք նախագահի կամ վարչապետի հսկողության տակ չեն, նրանց վրա ազդեցության հազարավոր կանալներ կան. նրանք հազար թելերով՝ ազգակցական, խնամիական, նյութական և այլն, կապված են նախկին իշխանությունների, նրանց մերձավորների հետ: Սա ոչ միայն դատավորներին է վերաբերում, երևի դատախազության մեջ էլ այդպիսի մարդիկ եղած կլինեն կամ կան, ես հիմա, իհարկե, չգիտեմ: Դա նաև այլ իրավապահ կառույցներում աշխատածներին է վերաբերում՝ օպերատիվ աշխատողներին: Պետք է մաքրվի, նոր իշխանությունը պիտի վաղուց զտեր, այս դատական օրենսգրքում բերված փոփոխությունները, կարծում եմ, ավելի կարդինալ պետք է լինեին և ավելի վաղ պետք է արվեին, շատ վաղ, 2 տարին լրացել է»,- ասել է նա: