Վարորդների իրավունքների պաշտպանները՝ ՃՈ ծածուկ ծառայություն իրականացնելու մասին
Մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության police.am կայքում հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը ծածուկ ծառայություն է իրականացնելու։
Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանի փոխանցմամբ՝ սա միշտ եղել է, միշտ աշխատել են, ուղղակի անտրտունջ ու առանց ավելորդության։
Հարցին՝ այս մեխանիզմը կնպաստի՞, որպեսզի վարորդներն առավել կարգապահ դառնան, Արտակ Խաչատրյանը պատասխանեց․ «Այո, արդյունք կտա՝ բալային համակարգի ու Հայրենիքի շրջանաձև երթևեկության փորձի նման՝ ուղիղ երկու շաբաթ։ Հիմա երկու շաբաթ կքննարկվի, կզգոնանան, ու վերջ, կանցնի-կգնա. 0 արդյունավետություն։ Այդ բաժինը, կարծեմ, մի 10 աշխատակից ունի. եթե 1000 հոգով բացահայտ ծառայություն իրականացնելով՝ չեն կարողանում գլուխ հանել, 10 հոգով ծածուկ ի՞նչ արդյունավետություն պետք է ապահովեն։ Այսինքն, վերջին 10 տարում ի՞նչ արդյունավետություն են ապահովել, որ վաղը առավոտից ի՞նչ ապահովեն։ Շուրջ 2 մլն տարեկան գրվող տուգանքներից հազիվ 0,5 տոկոսը պատկանում է հենց այդ ծառայությանը. ծածուկ զանգող քաղաքացիներն ավելի արդյունավետ են, քան ծածուկ ծառայություն իրականացնողները. քաղաքացիներն ավելի շուտ տեսուչների վերահսկողություն են անում ու ավելի անարդյունավետ»։
Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը ևս նշեց, որ ծածուկ ծառայությունը նոր հայտնագործություն չէ, նախկինում էլ է եղել։
«Նույն ՃՈ մեքենան է, բայց առանց գունագրաֆիկ երանգավորման և լուսային կահավորանքի։ Երբ խախտում են նկատում՝ պարտավոր են միացնել այլ, փոքր տեսակի լուսային ազդանշանը և բարձրախոսով հաղորդեն վարորդին, որ մեքենան կանգնեցնի։ Մոտենալիս, բնականաբար, պետք է ներկայացնեն փաստաթղթերը, անհրաժեշտ միջոցները, որպեսզի վարորդների համար անակնկալ չլինի, և վստահ լինեն, որ նա ոստիկան է, ոչ թե ինչ-որ մեկը չար կատակ է անում, որովհետև չար կատակ անողը շատ լուրջ պատիժ է կրելու։ Լուսաձայնային միջոցներ տեղադրելու համար մեկ տարով զրկում է նախատեսված, փաստաթղթեր կեղծելու մասին էլ չեմ ասում։ Ճանապարհային ոստիկաններն իրենց համազգեստով են լինելու»,- մանրամասնեց Սերգեյ Ղահրամանյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այս մեխանիզմը կիրառելու անհրաժեշտություն ծագել, մեր զրուցակիցը նկատեց․ «Մի պահ հետ գնամ 2018թ․ հունվար, երբ զոհերի թիվը շատ մեծ էր նախորդ տարիների համեմատ, ներդրվեց շարժական արագաչափերի մոդելը, և փետրվար ամսին զոհերի թիվը զգալի կրճատվեց, վթարներ չեղան։ Սա նման մի մեխանիզմ է։ Եթե կա օրենք, ապա պետք է կիրառվի։ Շատ երկրներում կա սա․ լինում է, որ ճանապարհային ոստիկաններն անգամ առանց համազգեստի են, կամ տարբեր մեքենաներով։ Շատ դեպքերում, երբ ոստիկանական մեքենան այդ տարածքով գնում է, խախտումներ չեն լինում, իսկ այս դեպքում նման իրավիճակների կիզակետում կլինեն, ու վարչարարությունն ավելի հիմնավոր կլինի։ Ականատեսներից մեկը պատմում է, որ պարզապես փողոցում կանգնած է եղել, երբ մերձակայքում Ճանապարհային ոստիկանն ինչ-որ խախտում նկատելով՝ կանգնեցրել է վարորդին և վարչարարություն է փորձել իրականացնել։ Հարց է հնչել, թե՝ ինչո՞ւ դա իրականացրեցիք։ Վարորդը պատասխանել է՝ ես չգիտեի, որ դուք այստեղ կլինեք։ Այսինքն, վարորդների մի հատված կա, ովքեր վստահ լինելով, որ այն հատվածում, որտեղ ճանապարհային ոստիկան կամ տեսախցիկ չկա, ինքն իր ցանկությամբ, դիտավորությամբ, նպատակադրությամբ իրականացնում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչը շատ ժամանակ շատ ավելի թանկ է նստում, քան տուգանքը»։
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանի կարծիքով էլ՝ եթե մանր-մունր խախտումների հետևից ընկնեն, ոչ մի արդյունք էլ չի տա մեխանիզմը, եթե հարբած մեքենա վարողներին, մայթերի վրա բարձրացողներին բռնեն, իհարկե, օգուտ կտա։
«Այստեղ ռեֆորմ է իրականացվում։ Ճիշտ է, այն պետք է սկսվեր ճանապարհային ոստիկանության անձնակազմից, բոլորին հանեին, ավելի գրագետներին ընդունեին, բայց փաստը մնում է փաստ, որ ռեֆորմ է կիրառվում։ Միաժամանակ 100 բան կարող է փոխվել»,- նշեց Դավիթ Պեդանյանը։
Հավելենք, որ ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության՝ 2006 թվականի 23 նոյեմբերի N 1769-Ն որոշմամբ։
Այն ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն է` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով, որոնք, շարժման մեջ գտնվելով տրանսպորտային հոսքերում, տեսանկարահանման և (կամ) լուսանկարահանման միջոցով ամրագրում են թույլ տրված խախտումները և ծառայության ավարտից հետո այդ տվյալները փոխանցում շարային ստորաբաժանման հերթապահ մաս կամ հրամանատարին։