«Եթե մաքսանենգ ապրանք է երկրից դուրս եկել, եթե այդ ապրանքը հայտնվել է օտար պետության մեջ, և այն ֆիքսվել է, ապա կհարուցվեն քրեական գործեր». Անդրանիկ Քոչարյանը՝ ՌԴ ներկրած ծխախոտի մասին
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանից ՌԴ տեղափոխած ապօրինի ծխախոտի պատմությանը և մատնանշել, թե ինչպես և ում միջոցով է ծխախոտը հասել ՌԴ:
«Ես խոսում եմ հայտնի ծխախոտով լի ինքնաթիռի մասին, որը ՀՀ իշխանություններն այնպես արեցին, որ պատմությունը ծածկադմփոց անեն: Պատմությունը հետևյալն է. ՀՀ-ից մեկնում է ինքնաթիռ՝ «Զվարթնոց»-ից, ըստ փաստաթղթերի՝ պետք է գնար Աֆղանստան: Այդ ինքնաթիռը վայրէջք է կատարում Աֆղանստանից ամենաանտրամաբանական հեռավորության վրա գտնվող՝ ՌԴ-ի Կրասնոդարի օդանավակայանում, որը ՌԴ իրավապահներն առգրավում են և հարուցում են քրեական գործ:
Նիկոլ Փաշինյանը, ըստ օպերատիվ տվյալների, ունի ուղիղ կապ, որովհետև Սիփան Փաշինյանը կազմակերպում է ՀՀ-ում այդ բիզնեսը, գնում է ծխախոտը և որոշում է արտահանել, որովհետև ունեն հնարավորություն ՌԴ-ում վաճառելու:
Այս փաստերն ունեն ՀՀ և ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ՀՀ հատուկ ծառայությունները, Հայաստանի իշխանությունները 20-25 օր է՝ զբաղված են հետքերի ոչնչացմամբ: Հետևաբար՝ Սիփանը, երբ դա կազմակերպում է, հասկանում է, որ չի կարող շրջանցել ամենայն հայոց աներձագին, որովհետև Աննա Հակոբյանն է, որ որոշում է՝ ով և ինչ պետք է անի մաքսային տեսչությունում, որովհետև նա այնտեղ ունի մաքսային դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որն ավելի հայտնի է «Նակոլկա Շուշան» մականունով:
Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, նա դիմում է Աննային, և կանաչ լույսերը վառվում են․ կարանտինի պայմաններում մի բարձած ինքնաթիռ մեկնում է ՀՀ-ից և այդ ինքնաթիռը հայտնվում է Կրասնոդարում, որը պետք է գնար Աֆղանստան»,- ասել է Միքայել Մինասյանը:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նախկին դեսպանի հայտարարությանը:
«Այս ամենը Հրաչյա Հակոբյանի հետ հաստատ որևէ կապ չի կարող ունենալ, որովհետև եթե ուսումնասիրեք՝ սկսած ծխախոտի արտադրողներից, կտեսնեք, թե ովքեր են, օրինակ, Վարդան Հարությունյանը և այլք: Նրանք կապված են նախկին իշխանության օլիգարխիկ թևի հետ, եթե շատ խորանանք, ապա շատ բաներ պետք է բացահայտվի: Եթե մաքսանենգ ապրանք է երկրից դուրս եկել, ապա այն պետք է ֆիքսված լինի ՀՀ մաքսային տարածքում, և եթե այդ ապրանքը հայտնվել է օտար պետության մեջ, և այն ֆիքսվել է, ապա կհարուցվեն քրեական գործեր: Հակառակ պարագայում կստացվի, որ հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել մեր գործընկերոջը, և պարզվում է՝ միայն նա չէ, այլ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող քաղաքական տիրույթում գտնվող անձինք»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում