«Ժամանակն է վերջ տալ այս թեմայի քննարկմանը». Ռուբեն Ռուբինյանը՝ ԼՀԿ-ի հետ միջադեպի մասին

«Կա քաղաքական մի համատեքստ, որը ծնունդ է առել այս ԱԺ կազմավորման առաջին օրվանից սկսած: Այս համատեքստը հետևյալն է՝ ստեղծել տպավորություն, որ Ազգային ժողովը պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, որ այստեղ ամբողջ օրը զբաղված են անլուրջ խոսակցություններով, որ պատգամավորները խրախուսում են բռնությունը, և այլն: Այստեղից պարզ է դառնում, թե ում էր ձեռնտու այս մտայնությունը ստեղծել՝ բնականաբար, նախկին իշխանություններին, որոնք չէին անցել խորհրդարան:

Այսինքն՝ նրանք ուզում էին ապալեգիտիմացնել այս խորհրդարանը տարբեր մեթոդներով, ներառյալ՝ իրենց հետ կապված լրատվամիջոցների հետ տարվող գծերով»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հիմքեր ունեն պնդելու, որ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը ԼՀԿ-ի կողմից սադրանք էր և կապված էր նախկին իշխանությունների հետ:

Նրա խոսքով՝ մի քանի հանգամանք համադրելով՝ կստացվի, որ «Լուսավոր Հայաստանը», կամա թե ակամա, գտնվում է վերը նշած համատեքստում:

Ըստ պատգամավորի՝ ԼՀԿ-ի ղեկավարի և առանձին պատգամավորների վերջին շրջանի փորձերն այլ բան, քան ԱԺ ապալեգիտիմացնելու միտումներ, հնարավոր չէ բնորոշել:

«Փաստ է, որ նրանք մի օր ԱԺ-ում են հայհոյում, մի օր ԱԺ-ից դուրս են հայհոյում: Հաշվի առնելով վերջին շրջանի իրադարձությունները և դրանց զարգացումները, ժամանակն է վերջ տալ այս թեմայի քննարկմանը, որովհետև հանրությունն արժանի է ավելի բովանդակային, ավելի քաղաքակիրթ խոսակցությունների: Կարծում եմ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեր խմբակցությունը, նաև վարչապետի շրթունքներով, տվել է գնահատականը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ավելին՝ դատապարտել է բռնությունը: Առավել քան հստակ հայտնել ենք մեր  դիրքորոշումը ԼՀԿ-ի ղեկավարի պահվածքի մոտիվացիաների վերաբերյալ»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս