«Առաջիկա շաբաթների ընթացքում Բրյուսելից սպասվում են ավելի մեծ հոսքեր՝ եվրոպական ֆինանսական հաստատությունների և Հայկական առևտրային բանկերի միջոցով». Անդրեա Վիկտորին

168.am-ը հարցեր էր ուղղել Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Գ. Անդրեա Վիկտորինին:

Ներկայացնում ենք մեր հարցերն ու դեսպան Վիկտորինի պատասխանները:

– Որքա՞ն գումար էր նախատեսված Հայաստանին աջակցելու համար 2020թ և 2021թ համար՝ նախապես ծրագրված բյուջեով՝ մասնավորապես, 2017թ ստորագրված՝ գործընկերության գերակայության փաստաթղթով։

– Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության շրջանակը սահմանված է 2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի հունիսի 1-ից՝ ժամանակավոր կիրակման փուլ մտած «Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ), ինչպես նաև 2018 թվականի փետրվարին ստորագրված «ԵՄ-ՀՀ Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի վրա։

2017-2020թթ. Հայաստանի համար նախատեսված «Միասնական աջակցության շրջանակ» փաստաթուղթը հիմք է հանդիսանում ֆինանսական համագործակցության և ծրագրավորման համար։ Ըստ ինդիկատիվ պլանավորման՝ 2017-2020թթ. ընթացքում Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցության  ծավալները  կազմել են նվազագույնը 144 մլն եվրո, իսկ առավելագույնը ՝ 176 մլն եվրո։

Որպես արդյունք՝ Հայաստանին տրամադրված նոր բյուջետային հատկացումները բաշխվել են հետևյալ կերպ՝ 2017թ. ընթացքում՝ 34,5 մլն եվրո, 2018թ. ընթացքում՝ 46 մլն եվրո,  2019թ. ընթացքում՝ 65 մլն եվրո։

Սա նշանակում է որ ԵՄ-ն կրկնապատկել է Հայաստանին 2017թ.-ից ի վեր տրամադրվող զարգացմանն ուղղված աջակցության ծավալը և  2020թ.-ին նպատակադրված է պահպանել  65 մլն եվրո աջակցությունը։ Ուստի, 2017-2020թթ. ժամանակահատվածում ԵՄ աջակցությունը Հայաստանին կկազմի 210,5 մլն եվրո կամ 20 տոկոսով կգերազանցի «Միասնական աջակցության շրջանակ» փաստաթղթով ծրագրված նախնական 176 մլն եվրո առավելագույն ծավալը։

Հարկ է նշել, որ վերոնշյալ տվյալներում արտահայտված չեն «Արևելյան գործընկերության» երկրներին տարածաշրջանային ծրագրերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով տրամադրվող կարևոր հավելյալ ֆինանսական ռեուրսները։ Այն չի պարունակում նաև ԵՄ խառնուրդ գործիքակազմի դրամական միջոցները,  ինչը վերջին տարիների ընթացքում թույլ է տալիս համախմբել  ԵՄ դրամաշնորհների և Եվրոպական ֆինանսական հաստատությունների կողմից թեթև պայմաններով տրամադրվող հարյուրավոր միլիոն եվրո աջակցություն՝ ուղղված էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի, Ջրային տնտեսության և այլ կարևոր ոլորտներում հայաստանյան հանրային ներդրումների իրականացմանը։

Ինչ վերաբերում է տվյալների պաշտպանության ոլորտի աջակցությանը 2021 թվականի ընթացքում և հետո, ապա այդ ֆոնդերը դեռ հասանելի չեն, քանի որ Եվրոպական հանձնաժողովում ԵՄ անդամ պետությունների հետ ներկայումս ընթանում են բանակցություններ 2021-2027 թվականների «Բազմամյա ֆինանսական շրջանակի» շուրջ։

2020թ թվականին որքա՞ն գումար է ավելացրել ԵՄ-ն՝ ի աջակցություն Հայաստանում կորոնավիրուսային պայքարի։

– Ըստ Եվրոպական միության պատվիրակության մայիսի 8-ի մամլո հաղորդագրության՝   Եվրոպական միությունը Հայաստանին հատկացրել է 92 մլն եվրո աջակցություն՝ միտված անհապաղ և կարճաժամկետ կարիքների լուծմանը,  որոնք ուղղվել են բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերմանը, բուժաշխատողների և լաբորատորիաների աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ների և մասնավոր տնտեսությունների աջակցությանը, ինչպես նաև՝ որպես սոցիալական և հումանիտար աջակցություն՝ համավարակից տուժած անձանց։ Այդ գումարի մեծ մասի դեպքում ջանքեր են ներդրվում գործող ֆինանսական պորտֆելների, բյուջետային վերապլանավորման և վերաբաշխման  ուղղությամբ, որոնք պարունակում են նախնական 4 մլն եվրո փաթեթ՝ որպես լրացուցիչ միջոցներ՝ ուղղված «COVID-19»-ին արձագանքելուն  և մարդասիրական առաքելություն իրականացնելուն:

Այդուհանդերձ, սա դեռ ամենը չէ․ առաջիկա շաբաթների ընթացքում Բրյուսելից սպասվում են ավելի մեծ հոսքեր՝ եվրոպական ֆինանսական հաստատությունների և Հայկական առևտրային բանկերի միջոցով։

Նման սխեմայի միջոցով ֆինանսական և բանկային համակարգը կունենա ֆինանսական ներհոսք, որը թույլ կտա ապահովել  մատչելի վարկերի ձեռքբերում  ՓՄՁ-ների համար, այդ թվում՝  նաև անհատ ձեռներեցներին և մյուսներին՝ ճգնաժամից հետո սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով։ Այժմ քննարկվում են մանրամասները։

– ԵՄն հրապարակեց 3 մլրդ եվրո բաշխելու որոշումը՝ հարևան երկրների միջև ինչո՞ւ Հայաստանն այդտեղ ընդգրկված չէ։

– Վերջերս Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է հարևանության և ընդլայնման քաղաքականության շրջանակներում ԵՄ գործընկեր 10 երկրներին 3 միլիարդ եվրոյի չափով «Մակրո-տնտեսական աջակցություն» տրամադրելու մասին, որի նպատակն է՝ օգնել այդ երկրներին՝ սահմանափակել կորոնավիրուսային համաճարակի բացասական տնտեսական հետևանքները։

Մակրոֆինանսական աջակցությունը հասանելի է հարմար պայմաններով վարկերի տեսքով: Այն օգնելու է այդ երկրներին հոգալ անհետաձգելի, անհապաղ  տնտեսական կարիքները։

ՀՀ Կառավարության, ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն  ավելի ճիշտ հասցեատերն են՝ պատասխանելու ձեր այս հարցին։

ՀՀ կառավարությունը մինչ այժմ հակված է օգտվել  դրամաշնորհի հիմքով ԵՄ բյուջետային աջակցության փաթեթից, որը կօգնի ավելացնել պետական բյուջեի  ռեսուրսները։

Առանց վերադարձի անհրաժեշտության՝  բյուջետային աջակցությունը ՀՀ կառավարությանը թույլ կտա ապահովել  ավելի լավ  արդյունքներ սոցիալ-տնտեսական ծառայությունների մատուցման տեսանկյունից՝ «COVID-19»-ից տուժած ՀՀ խոցելի խմբերի քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին։

Տեսանյութեր

Լրահոս