«Քաշքշուկից հետո մեծ է հավանականությունը՝ տղամարդիկ իրար հասկանան, բայց երբ խոսքն անձնական վիրավորանքի մասին է, էդ շատ խորն է». Վահե Ղալումյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ խորհրդարանում անդրադառնալով մայիսի 8-ին իր և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարել էր, որ այն, ինչ կատարվել է դահլիճում, Էդմոն Մարուքյանի մեղքով է եղել:

«Եթե էդքան տղայա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, եթե էդքան տղայա, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»,- ասել էր նա։

Ի հավելումն՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասել էր.

«Այո, Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել՝ պայմանով, որ մանդատը վայր կդնի նաև Էդմոն Մարուքյանը: Ավելին՝ իրենց մանդատները վայր կդնեն նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը»:

168.am-ի հետ զրույցում այս առաջարկի մասին լսելով՝ ԼՀԿ պատգամավորներ Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը զարմանք էին հայտնել՝  նկատելով, որ որևէ հիմնավորում չկա առաջարկում:

Հրանտ Այվազյանն անգամ հիշել էր, որ այդ միջադեպի ժամանակ Վահե Ղալումյանն ընկել է, և ինքն է փորձել նրան բարձրացնել:

Ո՞րն է հիմնավորումը, որտե՞ղ է քննարկվել մանդատները վայր դնելու հարցը, և արդյո՞ք միջադեպից հետո երկու կողմի պատգամավորները զրուցել են միմյանց հետ՝ հարցերն ուղղեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանին:

«Հիմնավորումն այն է, որ կոնֆլիկտին, քաշքշուկին քիչ թե շատ մասնակցած մարդիկ երկկողմանի դնեն մանդատները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե Հրանտ Այվազյանը ասել է, որ օգնել է Ձեզ, երբ ընկել եք, արձագանքեց.

«Ընկնելու պահն էլ են իրենք միջամտել, վեր կենալունն էլ»:

Հարցին՝ այսինքն իրե՞նք են «միջամտել», որ ընկել եք, նա պատասխանեց.

«Քաշքշուկ է եղել, ես չեմ կարող կոնկրետ ասել՝ հստակ, որ իրենց գործողությունները դրան են ուղղված եղել: Ես գիտեմ, որ քաշքշուկը մեր միջև է եղել, և դրա հետևանքով ես ընկել եմ»:

Իսկ ինչ վերաբերում է օգնելուն, ապա Վ. Ղալումյանն ասաց. «Մեր մեջ անձնական հարաբերություններ կան նորմալ»:

Վահե Ղալումյանը մեր խնդրանքով ներկայացրեց նաև մանդատները վայր դնելու մասին Մակունցի հայտարարության նախապատմությունը.

«Մենք քննարկել ենք և խոսել ենք, եթե մանդատ դնելու խնդիր լինի, պետք է երկկողմանի լինի. առաջինը՝ սադրանքը հրահրող կողմը՝ Մարուքյանի գլխավորությամբ, Մարուքյանի մանդատը դնելու դեպքում՝ Միքայելյան Սասունը հայտարարեց, որ ինքն էլ կդնի»:

Ձեր մանդատ դնելու հարցը և՞ս քննարկվել է խմբակցությունում՝ հարցին ի պատասխան էլ՝ նա տեղեկացրեց.

«Խմբակցությունում քննարկման ձևով նման խոսակցություն գնացել է: Արտակն էլ է հայտնել, ես էլ եմ նշել, որ այդ դեպքում մենք էլ ենք պատրաստ մանդատը դնելու: Մարուքյանի մանդատը դնելու դեպքում՝ Սասունը հայտարարել է, որ ինքն էլ մանդատը կդնի, որից հետո, եթե այդ երկկողմանի մեկ-մեկ մանդատը դնելու դեպքում չի լուծվում խնդիրը, մենք պատրաստ ենք, որ Այվազյանի և Սարգիսի հրաժարականի դեպքում՝ ես և Արտակն էլ դնենք»:

Միջադեպից հետո պատգամավորները դեռ չեն զրուցել իրար հետ, սակայն մեր զրուցակիցը չի կարծում, թե հնարավոր է՝ խոսեն ու իրար չհասկանան.

«Մենք չենք հասկանա Մարուքյանի հետ, բայց իրենց հետ հաստատ կհասկանանք, որովհետև քաշքշուկից հետո մեծ է հավանականությունը՝ տղամարդիկ իրար հասկանան, բայց երբ խոսքն անձնական վիրավորանքի մասին է, էդ շատ խորն է»:

Տեսանյութեր

Լրահոս