«Եթե տնօրենից պահանջում ես ձեռնոց, դիմակ, ալկոգել, ասում է՝ չես աշխատում, խալաթդ հանիր, տուն գնա․ դա հարցի լուծո՞ւմ է»․ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները պահանջում են նախկին տնօրենի վերադարձը
Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով, որ իրենցից անաշխատունակության թերթիկ են պահանջել, ու մոտ 80 հոգի քիչ աշխատավարձ է ստանալու։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին փոխարինող Վռամ Մելիքյանն ասաց, որ իրեն խնդրել են մոտ երկու շաբաթ աշխատեցնել հիմնարկը, ասել է թե՝ շտապօգնությունը, պոլիկլինիկան աշխատի, որպեսզի ժողովուրդը կարողանա բուժօգնություն ստանալ։
«Հիմա ամեն ինչով ապահովված են․ դիմակներով, ձեռնոցներով։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա պետք է մարդը դա ստանա, իր մեղքով չի գնացել, մեկուսացել։ Դիմել ենք մարզպետարան, ասել են՝ կա նախարարի, պարետի որոշում։ Պարետի որոշումը ես կարդացել եմ, շեշտվում է ինֆեկցիոնում գտնվողների փաստը։ Միայն նրանց է բյուլետեն հասնում։ Դիմել եմ մարզպետարան, նախարարություն, ասել եմ, որ մեզ տան փաստաթուղթ, եթե հասնում է բյուլետեն, տան բյուլետեն։ Փաստաթուղթ չեն տալիս, ասում են՝ բանավոր ասված է։ Այսպես անորոշ չի կարող լինել, մինչև ամսի 14-ը ժողովուրդը պետք է աշխատավարձ ստանա։ Անորոշ չեն կարող նստել ու սպասել։ Հիմա չգիտենք՝ բյուլետե՞ն պետք է ստանան, թե՞ աշխատավարձ։ Հարցը օդի մեջ է»,- ասաց Վռամ Մելիքյանն ու հեռացավ։
Նրա գնալուց հետո բուժաշխատողները ցանկություն հայտնեցին, որ պարոն Մելիքյանը կրկին իր պաշտոնին վերադառնա, քանի որ միշտ սատարել է իրենց։
«Երբ տնօրենը ոչ մի բան չի անում, սաղ ժողովրդին տանում-լցնում են ինֆեկցիոն, բոլորին մեկուսացնում են, ոչ մի բան չի լինի։ Եթե տնօրենից պահանջում ես ձեռնոց, դիմակ, ալկոգել, սպիրտ, ասում է՝ չես աշխատում, խալաթդ հանիր, տուն գնա, անփոխարինելի չեք, դա հարցի լուծո՞ւմ է։ Խոսքը նախկին տնօրեն Անուշիկ Հովսեփյանի մասին է, դրա համար ուզում ենք մեր Մելիքյան Վռամի վերադարձը, շատ ուշադիր էր, ինչ հարցով դիմում էինք՝ լուծում տալիս էր»,- նշեցին բուժաշխատողները։