Բաժիններ՝

Նոր օրինագիծ․ Տաքսիստները ստիպված կլինեն ընտրել՝ վճարել շուրջ  350 հազար դրա՞մ, թե՞ կորցնել աշխատանքը

Մեզանում տաքսի ծառայություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները գրեթե միշտ ընդունվում կամ մերժվում են նույն սցենարով, երբ նախագիծը հայտնվում է օրենսդիրի սեղանին, դրան անմիջապես հաջորդում են տաքսիստների դժգոհությունները, մտահոգություններն այն մասին, որ հաշվի չեն առնվում իրենց շահերը։ Նույնկերպ աղմկոտ էլ, ինչպես երևում է, ուղեկցվելու է օրենսդրական այս նոր նախագիծը, որն արդեն ներկայացվել  է հանրության դատին։

Եվ այսպես, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր օրինագծով սահմանել է տաքսիստների համար պարտադիր լիցենզիաներ։

Ըստ այդմ՝ վարորդն, ով համագործակցում է օնլայն տաքսի ծառայության հետ, պետք է ունենա համապատասխան լիցենզիա, որը կարժենա 100,000 դրամ։ Դրան զուգահեռ, վարորդը կպարտավորվի նաև ամեն ամիս փոխանցել սպասարկման համապատասախան վճարներ՝ ամսական շուրջ 15-ից 20 հազար դրամի չափով։ ատասխանատվության կենթարկվեն ու կտուգանվեն այն օնլայն տաքսի ծառայությունները, որոնք կշարունակեն աշխատել չլիցենզավորված որևէ վարորդի կամ կազմակերպության հետ։

Բացի վճարովի լիցենզիայից, օրինագիծը կթույլատրի նաև ձեռք բերել անվճար լիցենզիաներ, սակայն այս դեպքում, վարորդն իրավունք չի ունենա աշխատել միջնորդավորված՝ այսինքն նա չի կարողանա համագործակցել որևէ օնլայն տաքսի ծառայության  հետ։

Այլ կերպ ասած, օրինագծի ընդունման դեպքում, վարորդները կանգնելու են երկընտրանքի առաջ՝ կամ գրանցվել որպես ԱՁ կամ ՍՊԸ, վճարել լիցենզիայի 100 հազար դրամը, ամսական սպասարկման որոշակի վճարներն ու շարունակել համագործակցել օնլայն ծառայությունների հետ, կամ ստանալ անվճար լիցենզիա, հրաժարվել օնլայն տաքսի ծառայություններից, գործել որպես անհատ՝  սահմանելով սեփական  գին և սպասարկման որակ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանում տաքսու վարորդների մեծ մասը չունի կայուն ֆինանսական միջոցներ և անցնում է այս աշխատանքին որպես լրացուցիչ եկամտի աղբյուր՝ օրահացը վաստակելու համար, դժվար թե նրանցից շատերը կարողանան իրենց նման ճոխություն թույլ տալ՝ վաստակածն ու դեռ ավելին պետբյուջե տալով։

Չնայած վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններին, թե անհատ տաքսիստները հարկեր չեն վճարի, սա անուղղակի փորձ է բոլորին հարկային դաշտ տեղափոխելու և ընտրության առաջ կանգնեցնելու՝ շարունակել աշխատել միջնորդավորված ու վճարել նոր սահմանվող վճարները, թե աշխատել առանձին՝ փողոցից եկած ոչ կայուն պատվերների հույսով։

Սրա արդյունքում տաքսիստների հիմնական մասը կհրաժարվի աշխատանքից, օնլայն տաքսի ծառայությունների վարորդների թիվը կնվազի, գինն էլ հետևաբար կաճի։ Ու չնայած նրան, որ աշխարհում տաքսի ծառայույթուններից օգտվելու հարցում արդեն վաղուց մշակույթ է փոխվել  ու պատվերների հիմնական մասը գնում են հենց առցանց հարթակներ, Հայաստանում  շուտով կլինի ճիշտ հակառակը։

Օնլայն տաքսի ծառայությունների կողմից տարված տարիների աշխատանքը, որն ուղղված էր հեշտացնելու ու հարմարավետ դարձնելու տաքսիներից օգտվող մարդկանց առօրյանը, հաստատելու և զարգացնելու սպասարկման ոլորտում նոր մոտեցնումներ, մեզանում կնահանջեն։

Ուղևորներից վստահաբար շատերը կընունեն, որ հավելվածային տաքսի ծառայություններից առաջատարները  մեզանում ընկալումներ են փոխել տաքսի ծառայության վերաբերյալ։  Տարիներ առաջ, քչերը կհավատային, թե կլինի նախաձեռնություն, որն անվճար ու անշահախնդիր զինվորի ընտանիքի անդամներին կտեղափոխի զորամաս՝ տղաներին տեսակցելու․ ճիշտ այնպես, ինչպես արեց այս ոլորտում առաջատար GG-ն՝ մեծաքանակ անվճար ուղևորություններ կազմակերպելով Արցախի, Նոյեմբերյանի, Իջևանի և այլ զորամասերի ուղղությամբ։

Քչերը կհավատային, որ Հայաստանում կկայանա մի նախաձեռնություն, որը կխրախուսի կանանց ներգրավումն այն ոլորտներում, որոնք ավանդաբար պատկանում են տղամարդկանց։ GG-ի այս նախաձեռնությունը Հայաստանում սովորական երևույթ դարձրեց այն, որ մեզ ամեն օր կարող են սպասարակել նաև կին տաքսու վարորդները։ Նույնկերպ այս ընկերությունը սովորեցրեց, որ կարող ենք վստահել մեր երեխաների տեղափոխումը տաքսի ծառայությանը՝ համոզված լինելով անվտանգության ու սպասարկման բարձր որակի վրա։

Օնլայն տաքսի ծառայությունները հեշտացրին ոչ միայն ուղևորների, այլև վարորդների գործը․ Yandex Taxi-ի հայերեն թարգմանությամբ ճանապարհի ուղեցույցից՝ Yandex Навигатор-ից այսօր բոլորն են օգտվում։ Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը, որի նպատակն աշակերտներին ծրագրավորմանը ծանոթացնելն ու մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստելն է։

Սրանք չնչին տոկոսն են այն սոցիալական պատասխանատվության, որը ստանձնեցին Հայաստանում օնլայն տաքսի ծառայությունները, քանի որ վերջիններիս վարած քաղաքականությունը հիմնված է երկրին, մարդկանց, շրջապատող միջավայրին  օգտակար լինելու սկզբունքի վրա։

Օրինագծի հաստատումը հետ կշրջի այն բոլոր նախաձեռնությունները, որոնք կյանքի են կոչվել ու որոնք շարունակվելու ու էլ ավելի զարգանալու միտում ունեին։

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը դեռ քննարկման փուլում է․ վերջնական փոփոխություններից հետո այն կուղարկվի հաստատման։

ԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս