Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի 24 աշխատակիցներ…
1991 թվականի մայիսի 6-ի լուսաբացին Ոսկեպար գյուղի մերձակա անտառում խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի 24 աշխատակիցներ: Դա, թերևս, Արցախյան ազատամարտի ամենաողբերգական դրվագներից է:
Մայիսի 5-ի ուշ երեկոյան Նոյեմբերյանի ներքին գործերի բաժնում ահազանգ է ստացվում, որ ադրբեջանցիները հատել են Նոյեմբերյանի սահմանն ու շարժվում են դեպի Ոսկեպար: Ոստիկանների խումբը ավտոբուսով ու «Նիվա» -ով գնում է պաշտպանելու գյուղի խաղաղ բնակչությանը: Գնում են սարերով, որովհետև գյուղ տանող ճանապարհը ադրբեջանցիների գնդակոծության տակ էր:
Գյուղ չհասած՝ անսպասելի հայտնվում են խորհրդային բանակի զինվորականներն ու սկսում կրակել: Տխրահռչակ «Կոլցո» օպերացիան ընթացքի մեջ էր…
11 ոստիկան զոհվում է տեղում, մյուսները գերեվարվում են. նրանցից երեքը մահանում են ադրբեջանական բանտերում: Այս դեպքից ժամեր անց խորհրդային զինվորները խաբեությամբ զինաթափում ու գերի են վերցնում նաև Ոսկեպարը պաշտպանող 45 ոստիկանների ու դարձյալ հանձնում ադրբեջանցի օմոնականներին:
…Ոսկեպարի ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ինչպես ամեն տարի մայիսի 6-ին, այսօր էլ հարգանքի տուրք մատուցվեց: Ինչպես ամեն տարի մայիսի 6-ին, այսօր էլ հուշակոթող դարձած գործընկերներին այցի եկան ողբերգության վկաները: Նրանց համար այս վայրը սրբատեղի է. բարձրուղեշ ծառերից յուրաքանչյուրը զոհված գործընկերներից մեկին է մարմնավորում, իսկ հուշապատին նրանց անուններն են: Հուշապատը ոգու փորձության հիշողություն է…