«Ռուստամ Բադասյանը՝ ընդդեմ Նարեկ Մալյանի» դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացվել

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ «ՎԵՏՈ» հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցով առաջին դատական նիստը:

Դատավոր Զարուհի Նախշքարյանի աշխատակազմից 168.am-ին հայտնեցին, որ պատասխանող կողմից ունեն նիստը հետաձգելու միջնորդություն, որը քննարկվելու է այսօրվա նիստի ընթացքում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի  30-ին դատարան մուտք արված հայցով արդարադատության նախարարը Նարեկ Մալյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

Նշենք նաև, որ 2020 թվականի հունվարի 8-ին Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով դատական հայցին, իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Թեև բազմիցս հրապարակային հերքել եմ որևէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալ։ Քաղհայցը կապված է հենց նշված հանգամանքի հետ։ Միաժամանակ, ինձ համար հասկանալի է նման վարքագծի պատճառը. հարմար առիթի դեպքում կանդրադառնամ նաև դրան»:

Տեսանյութեր

Լրահոս