Հայաստանի զբոսաշրջությունը՝ փակ սահմաններով. ոլորտի ներկայացուցիչները՝ Covid 19-ի թելադրած նոր պայմանների մասին
Կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամը մարտահրավեր է հատկապես զբոսաշրջության համար. փորձագետներն ահազանգում են ոլորտին սպառնացող գործազրկության ալիքի մասին:
Միջազգային և հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները դաշտում վերադասավորումներ են անում՝ փորձելով «փրկել» ոլորտը փակ սահմանների ու համավարակի պայմաններում. արտագնա և ներգնա տուրիզմը փոխարինվում է ներքին տուրիզմով:
168.am-ը զրուցել է ոլորտի ներկայացուցիչների հետ, լսել նոր պայմաններին նոր չափանիշերով ու նոր ուղղություններով հարմարվելու նրանց հաջողված և չհաջողված պատմությունները:
«ArmAdventure» գործակալության համահիմնադիր Գոռ Կարապետյանի կարծիքով՝ համավարակը խորքային փոփոխություններ կբերի մարդկանց վարքագծի, այդ թվում՝ ճամփորդելու սովորության մեջ.
«Իմ և տարբեր փորձագիտական կանխատեսումներով, եթե նույնիսկ առաջնորդվենք լավատեսական սցենարներով, ըստ որոնց՝ համավարակը կհաղթահարվի ամռանը, ու ամեն ինչ մոտ կլինի նախկինին, այդուհանդերձ, դժվար թե մարդկանց ճամփորդելու սովորությունը վերականգնվի՝ երկու պատճառով. առաջինը՝ ֆինանսական, երկրորդը՝ հոգեբանական:
Եթե նույնիսկ ֆինանսական առումով հնարավոր լինի, հոգեբանական արգելք է լինելու՝ հաշվի առնելով վարակվելու մտավախությունը»:
Գ. Կարապետյանը նշեց սակայն, որ, թեև մարդիկ կխուսափեն արտասահման մեկնելուց, բայց ճամփորդելու ցանկությունը նրանց կբերի երկրի ներսում այն կազմակերպելու ռացիոնալ որոշմանը.
«Շատ-շատերը, ընդ որում՝ նաև վճարունակ մասը, որը սովորաբար դրսում էր հանգստանում, հանգստանալու է Հայաստանում, ու այդ գումարները ծախսվելու են Հայաստանում»:
Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ 2019 թվականի տվյալներով՝ արդեն մեր երկրում ներքին զբոսաշրջությունը նախորդ տարվա համեմատ աճել է 41.4 %-ով. «Վստահ եմ՝ այդ թիվը կաճի հատկապես այս տարի»:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ իսկ սպասվող պահանջարկը հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ակնկալել, որ քաղաքականությունը կփոփոխվի նաև գնային առումով, որովհետև նախորդ տարիներին, օրինակ, Ծաղկաձորում հանգիստ կազմակերպելն ավելի թանկ էր, քան Վրաստանի հյուրանոցներում:
«Ճշմարտության մաս կա այդտեղ, բայց վերջին տարիներին մեր հանգիստը բավական մոտեցել է ողջամիտ թվի, այսինքն՝ բավական իջել էր, և նաև հյուրանոցները մեծ զեղչային համակարգեր էին առաջարկում, որոնք բավականին հասանելի էին դարձրել այն:
Այս կոնտեքստում, քանի որ տուրիստական հոսքերը զգալի կրճատվել են, ենթադրում եմ, որ գնային քաղաքականության վերանայում կլինի:
Հնարավոր է՝ սկզբնական շրջանում արհեստական պահեն, կամ որոշ դեպքերում նույնիսկ բարձրացում լինի. Ենթադրենք, ամռան պիկ ամիսներին, բայց հետո կգա ողջամիտ սահմանի ու դա ենթադրաբար ավելի ցածր պետք է լինի, քան մինչև այս էր, որովհետև ուղևորահոսքերի մեծ մասը կառուցված են ու հաշվարկված են հենց ներգնա տուրիզմի կոնտեքստում, իսկ եթե դա հանում ենք, հյուրանոցներն ուղղակի դատարկ են մնում: Մարզերի հյուրանոցները գոնե շանս ունեն այս տարի ներքին տուրիզմով ինչ-որ բան անել, բայց Երևանի հյուրանոցները դատարկ են»,- պատասխանեց նա:
Հարցին, թե համավարակը ստիպել է նաև ճամփորդության ու հանգստի նոր չափանիշեր որդեգրել՝ վիրուսը կանխարգելելու նպատակով, օրինակ, հանգիստը կազմակերպելիս հաշվի առնել որոշակի հեռավորության պահպանումը, արդյո՞ք Հայաստանում արդեն կիրառվում են նմանատիպ նորմեր, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ամեն ինդուստրիայի համար մշակվել են ու հավանաբար կմշակվեն ուղեցույցներ, որը ռիսկերը հնարավորինս կնվազեցնի»:
Ի դեպ, «ArmAdventure» գործակալությունում արդեն մշակել են տուրերը, բայց սպասում են արտակարգ դրության ռեժիմի ավարտին, որպեսզի դրանք վերածեն կոնկրետ առաջարկների:
Առաջարկներ ու պահանջարկներ, սակայն, չեն լինի ոլորտի մեկ այլ ներկայացուցչի՝ Աստղիկ Շահինյանի ղեկավարած «Yerevan Travel Club» զբոսաշրջային ընկերությունում, որը զբաղվում էր արտագնա տուրերով. 2018 թվականից շուկա մտած գործակալությունը ստեղծված իրավիճակում ստիպված է գնալ լուծարման:
«Կազմակերպությունը հիմնադրվել էր 2018 թ., սակայն այս իրադրության պատճառով անցել ենք լուծարման, քանի որ, մեկ բառով ասած՝ ստեղծված դրությունը կործանարար էր»:
Հարցին՝ արդյոք պետական աջակցության հակաճգնաժամային ծրագրերը չէի՞ն կարող ինչ-որ չափով մեղմել իրավիճակը, նա այսպես արձագանքեց. «Ոչ մի վարկավորում չի կարող երաշխիքներ տալ, որ, ենթադրենք՝ առաջիկա «բարձր» սեզոնին կունենանք այնպիսի վաճառքներ, որոնք կապահովեն և՛ ամսական այնպիսի եկամուտ, որը կփակի մեր ծախսերը՝ իբրև քաղաքացի, և՛ տուրիստականի ծախսերը, որոնցից առաջինը տարածքների վարձավճարներն են:
Տարիներ առաջ Հուրգադայում ինքնաթիռ էր ընկել, և մեզանից պահանջվեց մոտ ութ ամիս, որպեսզի տուրիստներին կրկին համոզենք թռչել, համոզենք, որ մյուս ավիաընկերություններն ապահով են, իսկ այս դեպքում՝ մարդկանց մոտ, նախ՝ չի մնացել գումար, որպեսզի կարողանան տրամադրել հետագայում նախատեսվող ուղևորություններին, և հետո՝ մարդիկ վստահ չեն, որ իրենք ապահովագրված են վարակման վտանգից»:
Հարցին՝ արդյոք չե՞ք փորձել նոր պայմաններում նոր մոտեցումներ որդեգրել և տեղափոխվել ներքին տուրիզմի դաշտ՝ հաշվի առնելով, որ Հայաստանում տարբեր ընկերություններ հենց դրանով են զբաղված այս օրերին, Ա. Շահինյանը պատասխանեց.
«Դաշտը փոխելով՝ մենք չենք ապահովելու մեզ համար եկամուտներ. մենք նորից սկսելու ենք մոտ 1-2 տարի դիրքավորվել շուկայում, գտնել գործընկերներ, և այլն»:
«Կրիստալ Թրևլ» ընկերության հիմնադիր–տնօրեն Ալլա Խաչատրյանը թեև չունի տարածքի վարձակալության խնդիր, քանի որ այն սեփական է, բայց չի խուսափել ոլորտին ուղղված մարտահրավերներից.
«Դժվար է կանխատեսումներ անել, թե ոլորտը երբ կսկսի վերականգնվել. այս վիճակում դեռ ոչ ոք կանխատեսում չի կարող անել: Ամբողջ աշխարհում մարդիկ մեկ տարի հետո գուցե կսկսեն ուշքի գալ: Այստեղ ոչ միայն վիրուսով պայմանավորված վախի խնդիրն է, այլև ֆինանսական՝ հաշվի առնելով այն, որ համավարակի բերած տնտեսական խնդիրների պատճառով մարդիկ սպառել են իրենց ֆինանսական պաշարները»:
Այս տուրիստական ընկերությունը ևս կկենտրոնանա ներքին տուրիզմի կազմակերպման վրա, տնօրենը ենթադրում է, որ նոր իրավիճակը կթելադրի նոր գնային քաղաքականություն.
«Ընկերությունը միշտ աշխատել է և՛ ներգնա, և՛ արտագնա, և՛ ներքին տուրիզմի ոլորտներում:
Կարծում եմ, որ այս տարի ներքին տուրիզմի ավելի մեծ պահանջարկը գնային քաղաքականությունը կփոփոխի»: