Մարդկանց սոցիալական վիճակը շատ վատ է, 300 հոգի գործազուրկ է, պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել․Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն ահազանգում են
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն այսօր հավաքվել են՝ որոշելու, թե ինչ քայլերի է հնարավոր դիմել, որպեսզի իրենց աշխատավարձն ու վերջահաշվարկը ստանան։
Ալբերտ Բաբաջանյանը, ով եղել է նաև «Էյ Սի Փի» ընկերության արհմիության նախագահը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, բացի աշխատավարձից, նաև աշխատատեղի խնդիր կա։
«Նախկինում 650 աշխատակից կար, հետո գնալով այդ թիվը հասավ մոտավորապես 300-ի։ Գործարանն անցավ «ՎՏԲ Հայաստան» բանկին, հետո ուրիշ տնօրեն եկավ, մի քանի անգամ հանդիպեցինք, ասացին, որ կփորձեն վճարել։
Բոլորին հունվարի 10-ին ազատել են աշխատանքից, սակայն այդ մասին տեղեկացրել են հունվարի 23-ին՝ օրենքի խախտմամբ։ Տնօրինության հետ հանդիպել չի լինում, իսկ մարդկանց սոցիալական վիճակը շատ վատ է։ Կառավարությունը տարբեր սոցիալական միջոցառումներ է կազմակերպում, մեծ մասը ոչ մի բանից չի օգտվում, որովհետև մարդիկ կան՝ անչափահաս երեխա չունեն, աշխատանքից էլ ազատվել են հունվարին, իսկ ծրագրով գումար հատկացնում են մարտի 13-ից աշխատանքից ազատվածներին։ Մինչև մայիսի 14-ը կհամբերեն, բայց պատրաստ են դրանից հետո ծայրահեղ քայլերի դիմել»,- նշեց Ալբերտ Բաբաջանյանը։
Նրա փոխանցմամբ՝ ընկերությունում հիմա անվտանգության աշխատակցներ կան, որոնց վճարում են։
«Եթե մեզ՝ աշխատակիցներիս, հոկտեմբեր ամսվա աշխատավարձը չեն տվել, հունվարին ազատել են աշխատանքից ու վերջնահաշվարկ նույնպես չեն տալիս, հիմա ինչպե՞ս են նրանց վճարում։ Սարսափելի վիճակ է, աշխատատեղ էլ չկա։ 300 հոգի գործազուրկ է»,- մանրամասնեց պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցը։
Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ վերջնահաշվարկ են արել, բայց 150-200 աշխատակցի ոչ վերջնահաշվարկն են տվել, ոչ էլ մեկ ամսվա աշխատավարձը։
Հավելենք, որ «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:
Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա: