Հարավային Կորեային հետախուզությունը հերքում է Կիմ Չեն Ընի հիվանդության մասին տեղեկությունները
Հարավային Կորեայի հետախուզության ազգային գործակալությունը հերքում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հիվանդության և վիրահատության ենթարկվելու մասին տեղեկությունը:
«Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով «Yonhap» գործակալությանը, նշում է, որ իշխող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Կիմ Բեն Կին տեղեկացրել է, որ հետախուզության տվյալների համաձայն այս տարի Կիմ Չեն Ընը հանրության մեջ երևացել է 17 անգամ: Դա սովորականից 66 տոկոսով քիչ է: Ամեն դեպքում Հարավային Կորեայի հետախուզությունը դա չի կապում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հիվանդություն ունենալու հետ: Նշվում է, որ Կիմ Չեն Ընը կենտրոնացել է ներքին հարցերի և կորոնավիրուսի դեմ պայքարի վրա:
Օրեր առաջ հյուսիսկորեական լրատվամիջոցները հրապարակել էին Կիմ Չեն Ընի մասնակցությամբ կադրեր: Նա ներկա է եղել Սունչխոն քաղաքում գործարանի բացմանը: Ապրիլի 11-ից սկսած Հյուսիսային Կորեայի առաջնորդն առաջին անգամ էր ներկայանում հանրությանը: Այդ ընթացքում տարբեր լրատվամիջոցներ գրում էին Կիմ Չեն Ընի առողջական ծանր վիճակի մասին, նույնիսկ եղան հրապարակումներ նրա մահվան վերաբերյալ: