«Առողջապահական համակարգի համար ավելի նախընտրելի է, որ սահմանափակումները երկար մնան, բայց արդյո՞ք պետությունը կկարողանա երկար մնալ սահմանափակումների ռեժիմում». Արսեն Թորոսյան
Այսօր ԱԺ-ում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, որ նախկինում կար որոշում, որ բոլոր պատգամավորները պետք է պարտադիր թեստավորում անցնեն, ինչո՞ւ որոշումը չեղարկվեց, պատասխանեց, որ տեղյակ չէ ո՛չ նման որոշումից, ո՛չ էլ այն չեղարկելուց: «Մենք թեստավորում ենք մեր ունեցած ցուցումներով, որոնք հրապարակված են, դրանք բժշկական, համաճարակաբանական ցուցումներն են, և այն քաղաքացիներն են թեստավորվում, որոնք ունեն թոքաբորբ: Մեր թեստավորման թվերն աստիճանաբար աճելով՝ հավասարվել են այն նպատակին, որոնք մեր առաջ դրել էինք»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Դիտարկումը, որ ԱԺ-ում վարակակիր կար, Առողջապահության նախարարը հերքեց՝ վարակակիր չի եղել, եղել է կոնտակտ, նա ԱԺ աշխատակից է եղել և մեկուսացվել է:
Նախարարը նաև ընդգծեց. «Առողջապահական համակարգի համար ավելի նախընտրելի է, որ սահմանափակումները երկար մնան, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք պետությունը կկարողանա երկար մնալ սահմանափակումների ռեժիմում»: Նրա խոսքով՝ այս հարցի պատասխանը միայն ինքը չէ, որ պետք է տա, բայց ամեն դեպքում պատասխանն այն է, որ պետությունը չի կարող սահմանափակումների պայմաններում երկար մնալ:
Հարցին՝ արդյո՞ք սահմանափակումները հանելով՝ պատասխանատվությունը չեն գցում քաղաքացիների վրա, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ այստեղ պետք է տեսնել, թե վերջին երկու կամ երեք ամսում ինչ է արել Կառավարությունը, որտեղից էլ պատասխանը պարզ կդառնա:
«Կառավարությունն իր պատասխանատվությունը երբեք ուրիշների վրա չի գցում, այլ ամեն ինչ անում է, որ պետությունը և ժողովուրդը հնարավորինս բարեկեցիկ կյանքով ապրեն՝ այս դեպքում ստեղծված իրավիճակում, իսկ առհասարակ՝ ստանդարտ իրավիճակներում»,- հավելեց նախարարը:
Անդրադառնալով այսօր գրանցված մահվան չորս դեպքերին, Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ մահացածները չորսն էլ ունեցել են շաքարային դիաբետ, զարկերակային ճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, որոնք փաստացի կտրուկ վատթարացնում են օրգանիզմի վերականգնելու ընդունակությունները: Նրա դիտարկմամբ՝ լինում են նաև դեպքեր, երբ նշված հիվանդությունների առկայության դեպքում կորոնավիրուսով վարակված հիվանդները կարողացել են ամբողջովին ապաքինվել և հիվանդանոցից դուրս գրվել: